Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի դիրիժորը՝ Տերտերյանի հանճարեղության ու անկախության պտուղների մասին

Սեպտեմբեր 19,2016 14:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 10-րդ տարին անցկացվող Երաժշտական փառատոնի շրջանակներում, որը նվիրված է ՀՀ Անկախության 25-ամյակին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 18-ին կայանալիք համերգում հանդիսականն առաջին անգամ կհանդիպի ուկրաինացի երաժիշտների՝ դիրիժոր Կիրիլ Կարաբիցին եւ ալտահար Անդրեյ Վիրտովիչին: Առաջին անգամ Հայաստանում կկատարվեն Ուիլյամ Վոլթընի Ալտի կոնցերտը եւ Իվան Կարաբիցի Երկրորդ կոնցերտը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար: Կհնչի նաեւ Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ հայաստանցի հանդիսատեսին ծանոթ ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոյի մեկնաբանությամբ:

untitled-1

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր Կիրիլ Կարաբիցի հետ:

Ծանոթանալով երիտասարդ երաժշտի ստեղծագործական գործունեությանը՝ նկատեցինք, որ նախ՝ նա պահանջված արվեստագետ է ոչ միայն եվրոպական նվագախմբերի կողմից, այլեւ օպերային: Դիրիժորի արտասահմանյան բուռն գործունեությունը սկսվել է շուրջ 8 տարի առաջ՝ ճիշտ այն ժամանակ, երբ Ուկրաինայում սկիզբ առավ քաղաքական փոփոխությունը Մայդանի տեսքով: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Կարաբիցը նախ՝ ժպտալով նշեց, թե ինքը մեկ ոտքով ե՛ւ Գերմանիայում է, ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Մեծ Բրիտանիայում, ե՛ւ Ուկրաինայում… Երկու ամիս առաջ էլ Գերմանիայում ստանձնել է Վայմարի քաղաքային կապելլայի գեղարվեստական ղեկավարի եւ դիրիժորի պաշտոնը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ օպերային բեմադրություններ է ղեկավարել Մեծ Բրիտանիայում, գերմանական քաղաքների թատրոններում, Մեծ թատրոնում, տարբեր ծրագրերով հանդես է եկել ճանաչված նվագախմբերի հետ, այդ թվում՝ BBC-ի, Չիկագոյի եւ այլն, նույնիսկ այս գարնանը Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ հյուրախաղերի է մեկնել ԱՄՆ:

Անդրադառնալով իր հայրենիքում սկիզբ առած եւ մինչ օրս շարունակվող քաղաքական փոփոխություններին՝ նա ասաց. «Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը եւ խորհրդային մյուս երկրները, արվեստի ու մշակույթի մասով 25 տարի առաջ անկախություն ձեռք բերելուց հետո բախտակիցներ դարձան: Ես չգիտեմ՝ մշակութային ոլորտում Ուկրաինան ինչ հաջողությունների հասավ կամ ինչում թերացավ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ դժվարին ժամանակներում՝ ի հեճուկս ամեն ինչի, մշակույթն ավելի է «եռում»: Որպես տպավորիչ օրինակ փաստեմ, որ 1991թ. ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնին անկախ Ուկրաինա առաջին անգամ հրավիրվեց ոչ ավել-ոչ պակաս՝ հանճարեղ Ավետ Տերտերյանը: Ի դեպ, փառատոնի գեղարվեստական ղեկավարը հայրս էր՝ կոմպոզիտոր Իվան Կարաբիցը: Ես դեռ շատ երիտասարդ էի եւ նոր-նոր էի քայլեր անում դեպի մեծ արվեստ: Հիշում եմ նաեւ, որ մաեստրո Տերտերյանը մեզ՝ ուկրաինացիներիս, առաջին անգամ հատուկ ներկայացրեց հայկական ժողովրդական նվագարանը՝ դուդուկը: Մենք հիացել էինք: Ճիշտն ասած՝ նման թավշյա տեմբրով գործիք, այն էլ՝ ժողովրդական, չէինք լսել: Իսկ արդեն տարիներ անց՝ կարիերայիս ամենասկզբում, ղեկավարեցի Արամ Խաչատրյանի սյուիտները «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից եւ այն էլ՝ եվրոպական բեմերում, որտեղ խաչատրյանական երաժշտությունը պարզապես անգիր գիտեն»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Կիրիլ Կարաբիցը մեզ հետ ողջ զրույցի ընթացքում անընդհատ խոսում էր Ավետ Տերտերյանից ու ափսոսում, որ 25 տարի առաջ ինքը շատ երիտասարդ էր՝ կոմպոզիտորին լիարժեք ընկալելու համար:

«Անցյալ տարի Բեռլինում եւ Գդանսկում ղեկավարեցի Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան: Հիմա, երբ ունեմ նվագախումբ՝ պլանավորել եմ Վայմարում Նոր տարվա գիշերը հնչեցնել Տերտերյան եւ հատվածներ Խաչատրյանի «Գայանե» բալետից, այդ թվում՝ ուկրաինական գոպակ պարը: Շուրջ 2 ամիս առաջ էլ Տոկիոյում ղեկավարել եմ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի փոխադրումը ֆլեյտայի համար՝ ֆրանսիացի հայտնի ֆլեյտահար Էմանուել Պայուի մեկնաբանմամբ»,- ասաց դիրիժորը: Հիշեց նաեւ իր համագործակցությունը ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ ավստրիաբնակ դաշնակահար Նարե Աղամանյանի հետ:

«BBC-ն 2015թ. դիրիժորների շրջանում անցկացրել էր հարցախույզ, նպատակն էր բացահայտել, թե որ կոմպոզիտորների որ գործերն են նախընտրում: Ես նշել էի Տերտերյանի 3-րդ, Պրոկոֆեւի 5-րդ եւ Բորիս Լյատոշինսկիի 3-րդ սիմֆոնիաները: Իսկապես մեծ երջանկություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ինձանից բացի՝ Տերտերյանի հենց այդ սիմֆոնիան, որում հնչում են նաեւ դուդուկ ու զուռնա, նշել էին տարբեր ազգությունների դիրիժորներ եւս: Իսկապես, Տերտերյանով, Խաչատրյանով սկսվեց իմ սերը Հայաստանի հանդեպ: Կաշխատեմ առիթի դեպքում կրկին այցելել ձեր երկիր: Հիմա էլ մտածում եմ՝ արդյոք այս կարճաժամկետ այցս հնարավորություն կտա՞ լինել Փարաջանովի ու Խաչատրյանի տուն-թանգարաններում եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»,- հայտնեց Կիրիլ Կարաբիցը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930