Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ հանձնաժողովը գրանցել է ատելություն սերմանող խոսքի աճ ՀՀ-ում, որը հանգեցնում է բռնության գործողությունների

Հոկտեմբեր 04,2016 11:09

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց՝ համաձայն որի՝ ՀՀ-ն 2010թ. դեկտեմբերի 7-ին ՌԱԵՀ-ի չորրորդ զեկույցի ընդունումից ի վեր առաջընթաց է գրանցվել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես՝ Հայաստանը վճռականություն է դրսևորել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարում։

Զեկույցում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նշվում է, որ ուշադրություն կսևեռվի ատելության հիմքով կատարված հանցագործությունների քրեականացման վերաբերյալ դրույթների համապատասխանեցմանը ՌԱԵՀ-ի՝ Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականի պահանջներին։ Հանձնաժողովն ընդունում է, որ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել համապարփակ խտրականության դեմ օրենսդրության մշակման գործին։ Զեկույցի համաձայն՝ ինտեգրման ոլորտում Հայաստանը միջոցներ է ձեռնարկել Սիրիայից մարդկանց մեծ ներհոսքի ինտեգրման ուղղությամբ։

Դրական է  գնահատվում այն, որ իշխանությունները բացել են ինտեգրման կենտրոն։ Ինչ վերաբերում է պատմականորեն երկրում բնակվող էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին, ապա համաձայն զեկույցի՝ Հայաստանի իշխանություններն էականորեն ավելացրել են էթնիկական փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Չնայած դրական առաջընթացին՝ ԵԽ-ն նաև արձանագրել է որոշ հարցեր, որոնք դեռևս շարունակում են մտահոգության տեղիք տալ։

Զեկույցում ամրագրված է. «Դատարանները չունեն միջազգային չափանիշների կիրառման փորձառություն, որոնց վրա հայցվորները հնարավորություն կունենան ապավինել առկա իրավական թերությունները շտկելու համար։ Ռասսայական խտրականության դեպքերում ապացուցման բեռի բաշխման համար նախատեսված որևէ մեխանիզմի բացակայությունը դժվարացնում է ապացույցների հաստատումը։ Դա վտանգում է իրեն հանձնված ռասսայական խտրականության գործերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի կարողությունը»:

Հանձնաժողովը գրանցել է ատելություն սերմանող խոսքի աճ ՀՀ-ում, որը հանգեցնում է բռնության գործողությունների։  Ըստ ՌԱԵՀ-ի՝ ատելության հիմնական թիրախներն են ԼԳԲՏ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամները. «Այս իրավիճակն է՛լ ավելի անհանգստացնող է՝ հաշվի առնելով ռասիստական և հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հողի վրա կատարված հանցագործությունների մասին հաղորդումներ չտալու բարձր մակարդակը և որ ատելության կամ խտրականության հողի վրա կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի դրույթների արդյունավետությանը լրջորեն խոչընդոտում են օրենսդրական թերությունները»:

ՌԱԵՀ-ն ափսոսանք է հայտնում, որ իշխանությունների կամ քաղաքական առաջնորդների կողմից բացակայում է 2012թ. մայիսին Երևանում համասեռականների ակումբի հրկիզմանը հետևած հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի հայտարարությունների ցանկացած դատապարտում։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին, ապա ըստ զեկույցի՝ իշխանությունները պետք է կամ փոփոխության ենթարկեն օրենքը՝ նրան հնարավորություն ընձեռելով զբաղվելու խտրականության հարցերով մասնավոր ոլորտում, կամ ստեղծեն հավասարության անկախ մարմին։

ԵԽ-ն անհրաժեշտ է համարում նաև լրատվական էթիկայի կանոնագիրք, որը կներառի ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ դրույթներ։

Պատգամավորներին ևս պատիժ է նախատեսվում վարքագծի կանոնների խախտման դեպքում: Զեկույցում նշված է. «Խորհրդարանում վարքագծի կանոնների կիրառումը պետք է պատիժ նախատեսի խորհրդարանականների կողմից ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի համար։ Իշխանությունները պետք է հետաքննություններ և հետապնդումներ նախաձեռնեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության կամ ատելության հրահրման կամ սպառնալիքների բոլոր դեպքերում»

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31