Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հնագետին արտասահմանցիները հարցրել են՝ Գառնիից ու Գեղարդից բացի ոչինչ չունե՞նք ցույց տալու

Հոկտեմբեր 05,2016 13:26

Էրեբունի թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը մտահոգված է հուշարձանների պահպանության խնդրով:

«2003 թվականից հուշարձանների պահպանության համակարգը ներգրավվեց մշակույթի նախարարության մեջ ու տարալուծվեց, հուշարձանների պահպանության համակարգը, որ գոյություն ուներ, կորցրեց ինքնուրույնությունն ու լծակները, ըստ էության կորցրեց որպես համակարգ լինելու իր գոյությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Գյուրջյանը:

Նա նկատեց, որ հուշարձանների պահպանությունը տարբեր տարիներին տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ է եղել, բայց հուշարձանների պահպանության համար ամենաարդյունավետ ու լավագույն տարբերակը այն ժամանակ էր, երբ հուշարձանների պահպանության համակարգն անկախ էր, ուներ ֆինանսական անկախություն, լծակներ ու լուրջ մասնագիտական կազմի համալրում. «Մեզ անհանգստացնում է այն, որ համակարգը պետք է վերականգնել, ամբողջականությունը պետք է վերականգնել»:

Հնագետ Գրիգոր Արեշյանն էլ նկատեց, որ հայկական մշակութային ժառանգությունը թերագնահատված բնագավառ է. «Հայաստանը պետք է դրվի աշխարհի քարտեզի վրա: Մարդիկ ավելի տեսողական են ընկալում աշխարհը, քան թե կարդալով: Այդ իմաստով, մեր ժառանգությունը դեռ շատ քիչ է հայտնի: Մենք դեմ ենք առնելու լուրջ դժվարությունների, քանի որ այդ ժառանգության ե՛ւ պահպանությունը, եւ՛ ներկայացումը կազմակերպված չէ»:

Նա պատմեց, որ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է ու բնակվել եւ նրան մասնագետներն ու զբոսաշրջիկները մշտապես նույն հարցն են ուղղել՝ դուք ինչ է Գառնիից ու Գեղարդից բացի ուրիշ բան չունե՞ք. «Մենք այնքան շատ արժեքներ ունենք ցույց տալու: Կամ ասում են՝ ինչ է եկեղեցիներից բացի ուրիշ բան չունե՞ք: Ունենք փառահեղ մշակութային ժառանգություն, որը ուսումնասիրության, պահպանության ու վերականգնման կարիք ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31