Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սարի թաղի գործով կալանավորվածների կալանքը չի երկարաձգվել, սակայն նրանց ազատ չեն արձակել

Հոկտեմբեր 06,2016 22:11

Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների հարազատները արդարություն են պահանջում: Aravot.am-ը Սարի թաղում հանդիպեց գործով կալանավորված Հարություն Թորոսյանի ընտանիքի անդամների հետ:

«Սարի թաղը պատկերացնում եք՝ սար է, բարձրանալը դժվար է, մեծահասակ կանայք են դժվար է օգտվել այս տարածքից, եթե տրանսպորտ չկա: Բնականաբար, մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը դուրս է եկել բողոքի: Ճանապարհը փակել էր ոստիկանությունը, գնացին այնտեղ, խնդրեցին, որ ճանապարհը բացեն, փոխանակ՝ ոստիկանությունը ընդառաջեր այդ տղաներին, ասենք թե ասեր՝ տղաներ, մենք կդիմենք մեր վերադասին, գուցե ինչ-որ մի փոփոխություն մտցներ, օրինակ՝ այլ ճանապարհ լիներ, ինչ-որ մի կերպ ժողովրդին բավարարեր»,- ասաց Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազելի Թորոսյանը (նկարում՝ աջից):

sari-tagh

sari-tagh-1-3 sari-tagh-1-4

Նա վստահություն հայտնեց, որ իր Սարի թաղի բնակիչները քարեր են նետել ինքնապաշտպանության նպատակով, եւ իր որդին ոչ ոքի չի վնասել. «Հենց հաջորդ օրը իմ տղային եկան առանց որեւէ հրամանի, առանց տեղեկացնելու տարան: 20-30 տղամարդուց բռնվեց ընդամենը 9 հոգի: Քրեական գործ են հարուցել 316-ի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), որը բոլորովին չի համապատասխանում նրանց կատարած զանցանքի հետ»:

Նա նշեց, որ Սարի թաղի բնակիչները դիմել են տարբեր ատյաններ՝ կառավարություն, դատախազություն, Ազգային ժողով, սակայն իրենց բավարարող պատասխան չեն ստացել. «Մենք հասկանում ենք, որ պետությունը պետք է ձերբակալի մեղավորներին: Բայց եթե ուզում եք իմանալ թաղապետարանը, քաղաքապետարանը իրենց գործը լավ չէին կատարել. ինչպե՞ս կարելի է ամբողջ թաղամասին զրկել այդ ամենից: Եթե նրանք պետք է կատարեն այդ բոլոր գործառույթները, նրանք ոչ մի բան չարեցին, հետո, որ մարդիկ բողոքեցին բոլորին բանտարկեցին: Կամ դատ է եղել, 2 անգամ դատական նիստ է հրավիրվել, դատախազ Գարիկ Մանուկյանը, որը պետության դեմքն է, պետական այր է, երկու անգամն էլ չի ներկայացել դատին»:

Տիկին Թորոսյանը հայտնեց, որ Սարի թաղի դեպքերի հիման վրա երկու գործ է քննվում դատարանում: Կալանավորվածներից 4-ի՝ Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հրաչյա Բոյաջյանի, Անդրանիկ Քոսոյանի կալանավորման 2 ամիսը լրացել է սեպտեմբերի 25-ին, սակայն նրանց կալանքը չի երկարաձգվել, եւ նրանք ազատ չեն արձակվել: Իսկ Հրայր Իսախանյանի, Ժորա Ավետիսյանի, Կարեն Վանոյանի, Արման Ադամյանի, Սարգիս Արաբաջյանի կալանավորման երկրորդ ամիսը լրացել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, սակայն նրանց հարազատների պնդմամբ՝ կրկին նրանք ազատ չեն արձակվել եւ խափանման միջոցը չի երկարաձգվել:

Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը հավելեց, որ ոստիկանները որեւէ բողոք չեն ներկայացրել, եւ իր կարծիքով՝ այժմ անիմաստ է նրանց կալանքի տակ պահելը: Նա ընդգծեց, որ ստորագրահավաք է կատարվել, 500-ից ավել սարիթաղցիներ միացել են իրենց պահանջին, եւ իրենք այդ ստորագրությունները փոխանցել են Ազգային ժողով. «Մենք գնալու ենք դատախազություն եւ այնքան կսպասենք, մինչեւ գլխավոր դատախազը բարեհաճի լսի մեզ: Մենք այնքան ենք պայքարելու, որ հոդվածների փոփոխություն լինի եւ տղաներին բաց թողեն: Նախագահի աշխատակազմ էլ ենք գնալու, այդ երկու հիմնարկն էլ իրավասու են այս հարցին լուծում տալու համար: Ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը իրավասու չեն»:

Հիշեցնենք՝ «Սիվիլնեթ»-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես են Սարի թաղի բնակիչները անվադողեր վառում: Նրանք, մասնավորապես խնդրում են իրենց ճանապարհը բացել եւ զինված հարձակում իրականացրած անձանց ահաբեկիչ չանվանել: «Կրակը վառել ենք, որ մոտիկ չգան ու չեն եկել, բայց որ մոտիկ էլ գային, մենք պատրաստել էինք շշերը, որ գցեինք մեջները ու կանեինք: Մեզ մոտ ո՛չ զենք է եղել, ո՛չ բան, մենք ոչ մի բան չենք արել նրան»,- ասում էին սարիթաղցիները՝ հավելելով, որ ոստիկանության հետ բախման արդյունքում իրենք վիրավորներ չունեն:

«Էս չստիկներով ու հացի դանակով կհաղթենք իրանց»,- ասում էին բնակիչները՝ պահանջելով իրենց ճանապարհը բացեն, որպեսզի կարողանան միանալ պայքարին. «Մեր հաջորդ քայլը լինելու ա «գռուզավիկ» մեքենաները բաց թողելը՝ ակերի տեղը էդ ամբոխի մեջ: Մեքենաները չենք ափսոսի, Սարի թաղում լիքը հին բան կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31