Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հոկտեմբեր 08,2016 12:05

Վրաստանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Միկելաձեն հայտնել է, որ բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին, ընտրություններն անցնում են խաղաղ մթնոլորտում, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը: Նախատեսվում է, որ ընտրություններին կմասնակցի 3.51 մլն մարդ:

Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրություններն ընթանում են խառը ընտրական համակարգով՝ 77 պատգամավոր ընտրվում է համամասնական, իսկ 73-ը՝ մեծամասնական սկզբունքով:

Քվեարկությանն արդեն մասնակցել են երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Այսօր մենք քայլ ենք կատարում մեր հայրենիքի ու մեր երկրի ամրապնդմանն ու  ժողովրդավարությանն ընդառաջ… Ես քվեարկել եմ բազմակուսակցական վրացական խորհրդարանի համար, որում ներկայացված կլինեն առողջ քաղաքական ուժեր, որոնք մտածում են Վրաստանի ապագայի մասին»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նշենք, որ Մարգվելաշվիլին նախընտրական քարոզարշավին չի մասնակցել որևէ քաղաքական ուժի օգտին: Փոխարենը, նա կոչ էր արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին:

Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Գեորգի Կվիրիկաշվիլին քվեարկությունից հետո լրագրողներին ասել է, որ քվեարկել է «առավել լավ ապագայի, երկրի կայուն ժողովրդավարական զարգացման, քաղաքացիներից  յուրաքանչյուրի բարօրության, երկրի եվրոպական ապագայի և արագ տնտեսական վերածննդի» օգտին:

«Ես վստահ եմ, որ սա կլինի քայլ դեպի Վրաստանի ավելի լավ ապագա: Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները, երբ մենակ մնան իրենց և իրենց խղճի հետ, ընտրություն կկատարեն հանուն Վրաստանի առավել լավ ապագայի»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, հիմնական ընտրապայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք» և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունների միջև: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ էքզիտ-պոլերի արդյունքների հրապարակումից և իր հաղթանակի ազդարարումից անմիջապես հետո ոտք կդնի Վրաստան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31