Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. պահանջում է ազատ արձակել իրեն

Նոյեմբեր 30,2016 16:46

2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երրորդ անգամ երկարաձգվեց «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը՝ մերժելով գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու թույլատրելիությունը:

Հիշեցնենք՝ վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Այնինչ նա պարզապես իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը, որևէ հանցագործություն չի կատարել, և նրա գործողությունների արդյունքում որևէ անձ չի տուժել: Ընդ որում՝ նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանների ցուցմունքների հիման վրա միայն՝ համապատասխան ապացույցների բացակայությամբ: Կալանքի ժամկետը երկարացնելու հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ այն խցից, որտեղ պահվում է Հովհ. Ղազարյանը, բջջային հեռախոսներ են հայտնաբերվել:

Անհրաժեշտ է իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերծանումներ՝ պարզելու համար հայտնաբերված հեռախոսներից Հովհ. Ղազարյանը զանգեր կատարել է, թե՝ ոչ, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի Հովհ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի ծավալի հետ: (Համաձայն ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի զեկույցի՝ 2015 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2458 հեռախոս է հայտնաբերվել, որից 1001-ը՝ հենց Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ պահվում է Հովհ. Ղազարյանը): Վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի գնահատմամբ, դատարանի որոշումն ապօրինի է. հեռախոսներ հայտնաբերելու, դրանցից զանգեր կատարած լինելու հանգամանքը կամ դրա վերաբերյալ քննչական գործողություններ կատարելը չի կարող Հովհ. Ղազարյանին ևս երկու ամսով ազատությունից զրկելու հիմք հանդիսանալ: ՔԿՀ-ում արգելված իրեր հայտնաբերելու համար հիմնարկը կարող է ծառայողական քննություն իրականացնել՝ պարզելու համար, թե ինչ ճանապարհով են դրանք հայտնվել դատապարտյալների մոտ, այլ ոչ թե արգելված իր հայտնաբերելու համար կալանքի ժամկետ երկարացվի, որը կալանավորման հիմք չի համարվում: Ավելին՝ Հովհ. Ղազարյանին կալանքի վերցնելու պահից վարույթն իրականացնող մարմնի կողմից, առանց որևէ հիմնավորման, արգելանք է դրվել վերջինիս տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա, ինչը հոգեբանական ծանր հետևանքներ կարող է ունենալ ազատությունից զրկված անձի համար:

Որպես բողոքի նշան՝ Հովհ. Ղազարյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարացնել և ազատ արձակել իրեն: Նշենք, որ Հովհ. Ղազարյանի պաշտպան Անի Չատինյանը կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:    Նրա կողմից նաև միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ապացույցների անբավարարության հիմքով Հովհ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի մասով քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ: Հատկանշական է, որ մինչ ձերբակալվելը և մեղադրանք առաջադրելը Հովհ. Ղազարյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի հետապնդումների է ենթարկվել. նա երկու անգամ ազատությունից զրկվել է և ենթարկվել խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, որի հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժող:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930