Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց օր ծառայությունից դուրս

Նոյեմբեր 30,2016 16:51

Բանակային ծառայությունից արձակուրդ եկած ընկերներիցս մեկին՝ Լևոնին, ասում եմ, Լևո՛ն, թե բա լրագրող եմ դարձել, արի քեզնից հարցազրույց վերցնեմ, ինքն էլ, պահը չկորցնելով, կեսկատակ, կեսլուրջ ասում է.

-Ընկեր լրագրող, արի դերերով փոխվենք, ես քեզնից հարցազրույց վերցնեմ:

Համաձայնում եմ՝ ճարս ի՞նչ:

 

Լևոնը՝ նույն ինքը շարքային Լևոն Կարապետյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայում է Թալիշի զորամասերից մեկում, պատերազմի օրերին էլ հասցրեց ոտքի վրա դրոշմել ապրիլյան օրերի կնիքը, կատակում է. «Երեխեքիս պատմելու ու ցույց տալու բան կունենամ»:

-Գիտես՝ ի՞նչ է նշանակում վեց օր վաստակել ընտանիքի կողքին լինելու համար,-ասում է Լևոնը:

Փորձում եմ պատասխանել. «Դե..,-կմկմում եմ, -երևի, երևի, որ արձակուրդ ես եկել, է՜, Լևոն, որտեղի՞ց իմանամ…»:

-Չէ՛, -ժպտում է, -ամեն դեպքում քո գործը հարցեր տալն է:

-Ասում եմ՝ ո՞նց ես, ո՞նց է, որ էստեղ ես:

levon-karapetyan-1

-Ա~յ էդ էի ասում. վեց օր վաստակել եմ, լավ եմ ծառայել, խրախուսել, տուն են ուղարկել: Վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար էի, արեցի էնպես, որ արդարացնեմ ինձ վրա դրված պատասխանատվությունը. վաստակեցի էլի:

Շա՜տ երկար եմ Լևոնին ճանաչում, համարյա միասին ենք մեծացել: Խոսում, կատակում ենք, բայց նայում եմ աչքերին, հայացքս թեքում եմ, որովհետև իր՝ պատերազմ տեսած, հասուն աչքերից ամաչում եմ: Իմ ճանաչած Լևոնը չէր, իմ առաջ թուրքի հետ դեմ առ դեմ կռված հերոսն էր:

Հիշում եմ՝ մինչև բանակ գնալն էլ շատ հայրենասեր էր. լուրջ չէինք վերաբերվում: Երկրապահ կամավորական էր, ամբողջ օրը ռազմահայրենասիրական երգեր էր երգում, Մոնթեի, Դուշմանի մասին ի՜նչ ոգևորությամբ էր խոսում, պատմություն էր ուսումնասիրում, մեզ էլ ասում էր, թե պատմությունից պիտի դասեր քաղենք… բայց աչքերը տղայական էին, քիչ բան տեսած. Լևոնն այն ժամանակ հայրենասիրությունը տեսականորեն էր ընկալում` պատմությունից սովորած, հիմա՝ գործնականում` սեփական փորձով հղկած:

Շարունակում ենք զրուցել (դրսում քայլում էինք, եղանակը ցուրտ էր, մի քիչ դժվար էր քայլում):

-Լևոն, ցավոտ է չէ՞ հայրենասիրությունը:

-Դե հիմա հա, սառում է, մի քիչ ցավում է (ժպտալով):

Վիրավոր ոտքը զգացնել է տալիս, ու երևի ամեն ցավի հետ Լևոնն էլի վերապրում է պատերազմը, որի միջով ստիպված էր անցնել ընդամենը տասնինը տարեկանում: Խոստովանեց՝ վիրավորում ստացել է մարտական ընկերոջն օգնելիս:

-Ամեն ինչ շատ անսպասելի էր,-ասում է Լևոնը,-բայց պատերազմի լուրը լսելուց հետո առաջին միտքը, որ պտտվեց ուղեղումս այն էր, որ ոչ մի մետր հող չենք տալու թշնամուն: Բոլորիս մոտ կար էն գիտակցումը, որ մի բուռ հայրենիքը մեր ձեռքերում է ու էդ հայրենիքի մեջ մեր ծնողներն ու հարազատներն են:

Սկսում է քթի տակ երգել, լռում եմ ու վայելում. «Զա՛րկ, զա՛րկ հայորդի, զարկ մեր թշնամուն…». անցած օրերը հիշեց, դեռ շատ կհիշի` այսօր, վաղը, տարիներ անց…

Լևոնն ու իր ընկերները ցուցաբերած արիության համար արժանացան պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հատուկ շնորհակալությանը: Բայց շնորհակալությունների ու պարգևների համար չէ, որ կռվեցին տղերքը, այլ՝ սեփական պարտքի հանդեպ բարձր գիտակցման մղումով:

Հերմինե ՂԱՐԻԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930