Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ մարդկանց մասին դատել կարծրատիպերով

Դեկտեմբեր 01,2016 17:30

Կարծում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը յոթ խորհուրդ հղեց: Դրանցից մեկն էլ վերաբերում էր ներսում թշնամիներ չփնտրելուն: Հավանաբար նախագահը հստակ մտահոգություններ ուներ, որ այդ պատգամը բարձրաձայնեց: Դուք տեղյա՞կ եք՝ ՀՀԿ-ի ներսում ով ում է թշնամի, ի՞նչ խնդիրներ կան:

– ՀՀ նախագահի յոթ հորդորները, խորհուրդները, պատգամները` ինչպես կուզեք որակեք, ուղղված էին բոլորին: Չեմ կարծում, որ տեղին է առարկայացնել ու սկսել «թշնամիներ» որոնելը՝ հականե-հանվանե ՀՀԿ-ի ներսում կամ մեկ այլ տեղ: Եթե նկատել եք, նախագահի յոթ խորհուրդները ավելի շատ վերաբերում էին ոչ թե օրվա, ընթացիկ քաղաքականությանը, այլ քաղաքական մշակույթին: Քաղաքական գործչի ու քաղաքացու կերպարին: Պետք չէ այդքան պարզունակացնել նախագահի խոսքը ու մանրադիտակով թշնամիներ որոնել: ՀՀԿ-ում թշնամիներ չկան ու չեն եղել՝ վստահ եղեք: Եվ սա այն հարցը չէ, որ հնարավոր է ու իմաստ ունի սկանդալային որակների մեջ տեղավորել, մեկ է՝ «չի կպչելու»:

– Հանրությունն իր ընկալման մեջ թշնամի է համարում իշխանությանը: Դա փաստեցին նաեւ ամռանը ՊՊԾ գնդի գրավումը եւ դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Ինչո՞ւ իշխանությունը հետեւություններ չի անում, ինչո՞ւ է նման խորհուրդ հանրությանն ուղղվում:

– Հանրությունը մեկ մարդ էր եւ ներկայացավ Ձեզ ու ասաց՝ իշխանությանը թշնամի՞ եմ ընկալում: Սոցիոլոգիական հարցում արեցիք ու ստացաք «թշնամի իշխանության» պատկե՞ր: ՀՀ-ում երեք միլիոն մարդ է ապրում, ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձություններին քանի՞ տոկոսը մասնակցեց: Ովքե՞ր էին կազմակերպիչները, ի՞նչ կոչեր էին հնչում: Որքան էլ շուռումուռ տաք՝ ոչ հանրությունն է իշխանությանը թշնամի համարում, ոչ իշխանությունն է հանրությանը թշնամի համարում: Ի վերջո՝ ինչո՞ւ եք կտրում հանրությանը իշխանությունից՝ իշխանությունը նույնպես հանրություն է: Եվ իշխանությունը երբեք չի ժխտել ու չի ժխտում, որ կան խնդիրներ, տարբեր խնդիրներ, եւ հանրությանը այդ խնդիրների լուծման տեմպերը չեն բավարարում: Դա նորմալ է: Այդպես է բոլոր երկրներում՝ ամենաբարեկեցիկ, ամենաառաջադեմ երկրներում էլ իշխանությունից դժգոհ են, ու դա խթան է բարեփոխումներ անելու: Բարեփոխումներ, այո, անշուշտ, բայց ոչ երբեք գիշերով զինված հարձակվել ՊՊԾ գնդի վրա ու հետո պատճառաբանել, որ այլ ճանապարհներ չեն մնացել: Ճանապարհներ միշտ էլ կան, մարդիկ են ընտրում՝ ըստ իրենց պատկերացումների ու ու նպատակների: Համոզված եմ եւ պատմությունն է ապացուցել՝ ահաբեկչությունը երբեք չի կարող ճանապարհ լինել ոչ մի, անգամ ամենաազնիվ, վեհ ու մարդափրկիչ նպատակով՝ հնարավոր չէ մարդկանց կյանքը բարելավել մարդ սպանելով: Եթե կուզեք՝ ամռան իրադարձություններից հետեւություններ պիտի անենք բոլորս, ոչ միայն իշխանությունը:

– Հանրապետության նախագահն ասաց, որ ՀՀԿ-ն պետք է մաքրվի այն մարդկանցից, ովքեր կուսակցությունն իբրեւ տանիք են օգտագործել: Միաժամանակ, Սյունիքի նախկին մարզպետը, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը եւ այլք շարունակում են ՀՀԿ-ի ղեկավար կազմում մնալ:

– Այսինքն՝ եթե ասում եք՝ նախկին, նշանակում է մեղավոր ու հանցագո՞րծ: Թույլ տվեք չհամաձայնել: Ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է եւ մաքրվելու, փոխվելու, վերաձեւավորվելու, վերաիմաստավորվելու խնդիր ունի միշտ: ՀՀԿ-ն ամենամեծ քաղաքական կառույցն է, ուզենք թե չուզենք, միշտ էլ լինելու են մարդիկ, որ փորձելու են կուստոմսը իբրեւ արտոնյալության կարգավիճակ օգտագործել: Իսկ ո՞ր կուսակցությունում չկան այդպիսիք։ Որքան կառույցը մեծ է`բազմազանությունն էլ մեծ է: Ձեր նշած անձինք կուսակցության անդամ են եւ սկզբնական կառույցներից համագումարի պատվիրակ են ընտրվել: Եվ հետո՝ մաքրվելը գլխատելը չէ: Մաքրվելու գործընթացը, գոնե մեր կուսակցությունում, տեղի է ունենում ներսից եւ քաղաքագիտության բոլոր նորմերին համարժեք: Այս օրերին շատ խոսվեց, որ յոթ հազար մարդ անդամակցեց ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն պաշտոնապես 180 հազար անդամ ունի: Այսինքն՝ այդ յոթ հազարը մեզ համար հաճելի էր, դրական, բայց, խոշոր հաշվով, բոլորը բարով են եկել, վստահ եմ՝ յուրաքանչյուրը իր տեղը եւ անելիքը կունենա կուսակցական գործերում։ Ցնցող իրադարձություն չէր, ոչ էլ կուսակցության մեջ իրավիճակ կամ տեսակետներ փոխող, կուսակցություններին անդամակցում են, հեռանում են, սա մշտական գործընթաց է, ինչու են այլ կուսակցություններում սա ծանր տանում՝ ըմբռնում եմ։ Դուք շատ լավ տեսնում եք, թե մանր-մունր կուսակցություններում ինչ խժդժություններ են սկսվել նախընտրական շրջանում: Դուք շատ լավ տեսնում եք, որ այսօր նույնիսկ մեկ անձի շուրջ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ինչպես են խոսում մարդ-կուսակցությունների մասին` մոռանալով ասել, որ իրենք իրենց բնութագիրն են տալիս: Այսօր կուսակցությունների մասին օրենքի քննարկման ժամանակ կուսակցությունների դերի, որակի մասին խոսելու իրավունք ԱԺ նիստերի դահլիճում պետք է ունենային հատուկենտ քաղաքական միավորների ներկայացուցիչներ: Բայց հռետորության պակաս չունեցանք: Շատ պատգամավորներ ինքնադիմանկար տվեցին: Քաղաքական միավորի մաքրվելու գործընթացը պարտադիր չէ, որ հասարակությունը տեսնի: Դա հայելի չէ: Դու չես կարող նայել քաղաքական ուժին եւ տեսնել, որ ինքը մաքրվում է: Դա լինելու է աստիճանական, ժամանակի ընթացքում, եւ ՀՀԿ-ն դրան գնում է:

– Հնարավոր համարո՞ւմ եք հակասությունները բարեփոխումների ջատագով եւ նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ն իբրեւ տանիք կիրառած հնաբնակ նախկին պաշտոնյաների միջեւ:

– ՀՀԿ-ում տանիք կիրառած հնաբնակներ, նորաթուխներ չկան՝ կան իսկապես կուսակցության գաղափարախոսության ու ծրագրի ջատագովներ: Եթե խոսքը վերաբերում է կուսակցական կարգապահությանը, կուսակցության գաղափարների եւ ծրագրերի իրականացմանը, որեւէ հակասություն չի կարող լինել: Եթե տարբեր մարդիկ հայտնվել են նույն տեղում եւ կիսում են այդ գաղափարախոսությունը, որտե՞ղ եք հակասություն տեսնում: Իսկ թե անձնական հարթությունում ով ում հետ եւ ինչ հակասություն կունենա, դա վերաբերում է ոչ թե ներկուսակցական հարաբերություններին, այլ միջանձնային, պետք չէ ոչ խառնել, ոչ կապել իրար: Եվ հետո՝ պետք չէ մարդկանց մասին դատել կարծրատիպերով՝ նոր է, ուրեմն բարեփոխի՞չ է: Ես հինգ տարվա կուսակցական եմ ու ինձ համարում եմ բարեփոխիչ:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031