Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Պասկեւիչյանը նախանշում է փրկության բանաձեւը

Դեկտեմբեր 04,2016 20:29

Հոգեւոր Հայաստանի այսօր հրավիրված համահայկական համաժողովում ներկայացվեց ՀԱՅՔ նախագիծը՝ գործնական հիմքի վրա դնելու փորձ անելով համայն հայության փաստացի նոր տիպի ու որակի երկիր կայացնելու հրամայականը:

Համաժողովն սկսվելուց առաջ Aravot.am-ը զրուցեց ճանաչված երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ, որի համար ամենասոսկալին անորոշությունն է: «Ես ընդհանրապես Հայաստանի գոյությունը պայմանավորում եմ միայն ու միայն սփյուռքով: Այս առումով ես սփյուռքահայ բառը չեմ ընդունում: Ընդունում եմ սփյուռքաբնակ բառը: Սփյուռքահայը մեզ պարտադրված եղավ: Ամբողջ աշխարհում հայությունը կա՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Հիմա արդեն հայրենասիրություն բառն էլ չեմ ընդունում, այլ՝ հայրենատիրություն: Մարդը իր համար Կոնգոյում նստած ասում է. «Կսիրեմ հայրենիքս»: Է, սիրիր, բայց տեր կանգնիր: Դրա համար ամեն մարդ պետք է իմանա իր տեղը:

Գալով մեր հետագա գոյատեւմանը՝ ես այն կապում եմ միայն սփյուռքի հետ: Ինքս 24 տարի ապրել եմ Լոս-Անջելեսում: Այդքան էլ մամուլում եմ աշխատել, որից 15 տարին հիմնել եւ ղեկավարել եմ իմ սեփական հեռուստաժամը: Միակ նպատակս եղել է ինչ-որ չափով օգտակար լինել իմ հայրենիքին: Միշտ ասում եմ.  Հայաստանն առանց սփյուռքի հեռու գնալ չի կարող, իսկ սփյուռքը առանց Հայաստանի ընդհանրապես գոյություն չի ունենա: Սփյուռքը, որ մինչեւ հիմա կա, արտագաղթի շնորհիվ է: Եթե արտագաղթը մի դրական բան ունի, դա այն է, որ յուրատեսակ արյուն է տվել սփյուռքին:

Բայց այսօրվա դրությամբ ինձ համար ամենասոսկալին արտագաղթն է: Ինչպե՞ս կարելի է այն կասեցնել: Դրա համար կա բանաձեւ: Ինձ չի թվում, թե կլինի որեւէ գիտակից մարդ, որը համամիտ չլինի Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղափարին: Այստեղ ես կարեւորում եմ մի քանի բառ: Առաջինը՝ «փրկությունն» է: Չարենցը չի ասում բարելավում: Ինձ համար դա հիմք է: Երկրորդը «միակ փրկությունն» է, որը հավաքական ուժի մեջ է: Երրորդը՝ «հավաքական ուժն» է, ամբողջ ժողովուրդը, որի 80 տոկոսը դրսում է: Հետեւաբար, Հայաստանն ու Սփյուռքը պետք է միացնել: Դրանում որեւէ կասկած չկա: Այստեղ արդեն, գոնե ինձ համար, հարցը գալիս է ամենակարեւորին՝ «ինչպես»-ին: Ցանկացած հարց, սկսած ընտանիքից, չորս կետերի վրա է. ինչ է կատարվում, ինչու է կատարվում (ինչը շատ քչերն են փորձում ախտորոշել: Ա. Հ.), ինչ անել եւ ինչպես անել: Այսօրվա հավաքը ինչպես անելու հարցի պատասխաններից  մեկն է որոնելու», – ասաց Սասուն Պասկեւիչյանը:

Հարցը, թե միակ փրկություն ասելով ինքը ֆիզիկակա՞նը նկատի ունի, թե՞ հոգեւորը, Սասուն Պասկեւիչյանին, կարծես, մի պահ անակնկալի բերեց. երկուսն էլ անընդունելի են: Բայց, այնուամենայնիվ, պատասխանեց. «Ֆիզիկապես, կորցվածը հնարավոր է վերագտնել: Բայց եթե կորցվի հոգեւորը… Հոգեւորը շատ ավելի լայն հասկացություն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031