Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան՝ հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, բայց դա թաքուն է տեղի ունենում». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 12,2016 15:06

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին միասնական դաշինք ստեղծելու մասին:

Հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցրին՝ ամիսներ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք էր անում, Դուք ձեզ որպես վարչապետի թեկնածու էիք հռչակել, հիմա Դուք վարչապետի ընդհանո՞ւր թեկնածուն եք, եւ հայտնի՞ է, թե երեք ուժերից ո՞վ է ցուցակը գլխավորելու: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բնականաբար, ամեն ինչ պետք է դիտարկել այս հուշագրի շրջանակներում: Մենք նախկինում կայացված որոշումներով կաշկանդված չենք, այս համատեքստում բոլոր քննարկումները պետք է սկսվեն զրոյից: Մեր կողմերից որեւէ մեկը չի եկել մյուս գործընկերներին լուծումներ պարտադրելու: Այդ առումով մենք վստահ ենք, որ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի»:

nikol-pashinyanՆիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրենք ի վիճակի են բոլոր կնճռոտ հարցերը լուծել, որովհետեւ գիտեն, թե ինչ պատասխանատվություն են վերցրել:

Անդրադառնալով դաշինքի ֆինանսավորմանը՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Դրանք հայաստանյան դաշտում եղած շատ սահմանափակ սուղ միջոցներ են: Բայց մենք ինչով ենք տարբերվում մյուս քաղաքական ուժերից՝ մենք կարող ենք 1 մլն դրամով 100 մլն դրամանոց էֆեկտ ստանալ»:

lusavor-hayastan_qaxaqaciakan_-paymanagir-hanrapetutyun-1_3Aravot.am-ը հետաքրքրվեց՝ երբ Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ էր անում սահմանադրական փոփոխությունների շուրջ, Էդմոն Մարուքյանը մասնակցեց դրան, իսկ բոլոր նրանց, ովքեր գնում էին այդ օրերին, այսպես ասած, «Սերժ Սարգսյանի դուռը», տարբեր պիտակներ էին կպցնում, այս առումով Նիկոլ Փաշինյանը շատ մերժողական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի հարցում, դա չի՞ խանգարում Ձեզ համագործակցել:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես, որպես մարդ, մասնակցային պրոցեսների կողմնակից եմ, ես միշտ հիմնավորել եմ, թե ինչն ինչի համար եմ անում: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում կոնսուլտացիաներին, մարդիկ կան հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, բայց դա թաքուն է տեղի ունենում: Ես հանդիպել եմ հրապարակային: Մի անգամ հրավեր է եղել, որ հանդիպենք, այսպես կոչված, անկախ պատգամավորներով, ինչը մերժվել է իմ կողմից: Երկրորդ անգամ հրավեր է եղել, որտեղ պետք է մասնակցեինք ես եւ Թեւան Պողոսյանը: Ես գտնում էի եւ հիմա էլ կարծում եմ ճիշտ եմ արել, որ լավ հնարավորություն է դեմ առ դեմ ներկայացնել մեր մոտեցումները՝ իրականացվող պրոցեսի վերաբերյալ»:

Նա վստահեցրեց, որ Մարդու իրավունքներ գլխում որոշ դրույթներ կան, որ հենց այդ հանդիպման արդյունքում են ամրագրվել:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Այդ ժամանակ եւ դրանից հետո ովքեր ասում էին հաճախորդ եւ այլն, նրանք հետագայում, գիտեք, հանդիպում, թեյ էին խմում, իրար տներ էին այցելում…բան: Այսինքն, սա շատ կարեւոր հանգամանք է: Հայաստանում մարդիկ կան, որ մոնոպոլիա ունեն իշխանությունների հետ հանդիպելու եւ դա ճիշտ է, բայց եթե մյուսներն են հանդիպում, նրանք հաճախորդ են»:

Ըստ պարոն Մարուքյանի, յուրաքանչյուր հնարավորություն, որ կարող է փոփոխություն բերել` իրենք կողմնակից են այն օգտագործելուն:

lusavor-hayastan_qaxaqaciakan_-paymanagir-hanrapetutyun-1_6«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը բացարձակ տարբեր մարդիկ են եւ միասին նույն ճանապարհով գնալը բացարձակ չի նշակում, որ բոլորը պետք է դառնան Նիկոլ Փաշինյան կամ բոլորը պիտի դառնան Էդմոն Մարուքյան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031