Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերը «մեծ աշխարհից» կտրված են

Դեկտեմբեր 14,2016 23:13

Վարչապետ Կարեն Կարապետյանը  հայտարարել է, որ պետք է լուծել գյուղական բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: Փոքրիկ Հայաստանում գյուղեր կան, ուր վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղը կտրված է «մեծ աշխարհից», գյուղ հասարակական ավտոբուս կամ միկրոավտոբուս չի մեկնում: Բարեկամավանից մեծ չափով արտագաղթ է եղել Հայաստանի տարբեր բնակավայրեր, Ռուսաստան:

Մարդիկ սահմանամերձ գյուղից հեռացել են նաեւ տրանսպորտային հիմնահարցի պատճառով: Բարեկամավանցին գործով Երեւան, Իջեւան, Նոյեմբերյան մեկնելիս միշտ մտահոգ է, թե ինչպես է գյուղ վերադառնալու: Բարեկամավանը Նոյեմբերյան քաղաքից հեռու է 35 կմ: Բարեկամավանցիները Նոյեմբերյան քաղաքում գործերն ավարտելուց հետո տաքսիով են մեկնում հայրենի գյուղ, տաքսու վարորդին վճարելով 4000 դրամ:

Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղ է, նախկին վարչական շրջանի կենտրոն Նոյեմբերյան քաղաքից հեռու է ավելի քան 30 կմ: Դեբեդավան հասարակական տրանսպորտ չի մեկնում: Դեբեդավանը Բագրատաշեն գյուղից հեռու է մոտ 4 կմ: Նոյեմբերյանից Բագրատաշեն օրական 2 անգամ միկրոավտոբուս է մեկնում:

Դեբեդավանի նախկին գյուղապետ, Դեբեդավանում խոշորացված Այրում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Նոյեմբերյանից Բագրատաշեն վերջին միկրոավտոբուսը վերադառնում է կեսօրին: Դա դեբեդավանցիներին ձեռնտու չէ, քանի որ դեբեդավանցիները կեսօրին չեն հասցնում Նոյեմբերյան քաղաքում ավարտել իրենց գործերը: Այդ պատճառով նրանք համախմբվելով՝ 4 հոգանոց խմբեր են կազմում, համամասնորեն ֆինանսական ներդրում կատարում, տաքսի վարձում, դրանով մեկնում Նոյեմբերյան եւ տաքսիով Դեբեդավան վերադառնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031