Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփում է 2016-ը

Դեկտեմբեր 27,2016 13:44

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2016-ին իրականացրել է մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

Միության ջանքերով Հայաստանում (ներառյալ Արցախ) գործում են արդեն 193 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 128-ը հիմնվել են 2016-ի ընթացքում: Ի դեպ, օրերս կայացած ԻՏՁՄ ամանորյա միջոցառման մուտքավճարներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ներդրմանը: Հավելենք, որ 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են արդեն 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Տեխնոլոգիական կրթության բարելավմանն ու խրախուսմանն ուղղված միջոցառումներից են նաև ՀՀ-ում ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթները, «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարը, ինչպես նաև «Տեխնոլոգիական» ամառային ճամբարը, որին այս տարի մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից:

2016 թ-ին ԻՏՁՄ անդամների շնորհիվ Շուշիի Իրական դպրոցի հենքի վրա ստեղծվել է նաև «Իրական դպրոց» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է ավագ դպրոցի դասարանի աշակերտների համար: Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ «Իրական դպրոցում» սովորում են արդեն 20 աշակերտներ:

ՏՀՏ բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Միության կողմից այս տարի իրականացվել են ամենամյա 11-րդ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը (շուրջ120 ընկերություն 60 000 այցելու), «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը (շուրջ 1000 մասնակից), Բիզնես ինովացիոն ֆորումը, որտեղ քննարկվել է Հայաստանը 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու ծրագիրը, ՏՀՏ լիդների հանդիպում-ֆորումը և «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ: Այս տարի ստեղծվել է նաև «BrainLab» բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատի նոր հարթակը: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

Հայկական ՏՏ պատվիրակությունը ի դեմս ԻՏՁՄ-ի այս տարի մասնակցել է նաև Բրազիլիայում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որն ինչպես հայտնի է Միության ջանքերով 2019-ին անցկացվելու է Հայաստանում:

Ապրիլյան պատերազմի օրերին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրկված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին` ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ և մասնագիտական անգլերեն: Հունվարին նրանք փորձաշրջան կանցնեն ՏՏ ընկերություններում: Առաջիկայում կմեկնարկեն հերթական դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

ԻՏՁՄ-ն իրականացրել է նաև մի շարք այլ միջոցառումներ ՀՀ և միջազգային ընկերությունների հետ համատեղ:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա է և ունի 75 անդամ կազմակերպություն: Այն գործում է 2000 թ-ից:

ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու
Շուշանիկ Ներսեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031