Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը ՀՀԿ-ի համար ձայներ կապահովի, ի՞նչ գնով՝ ինքն էլ չգիտի

Փետրվար 02,2017 14:53

Գյուղատնտեսության ՀՀԿ-ական նախարար Իգնատի Առաքելյանը, որին կարելի է համարել նորաթուխ հանրապետական, առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստ է ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովել:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հարցին՝ ընտրարշավի շրջանակներում ՀՀԿ-ի օգտին աշխատանք տանելո՞ւ է, պատասխանեց. «Ես չեմ ցանկացողը, կան հանձնարարություններ, ըստ դրա կատարվում են հանձնարարություններ»: Նախարարը, ինչպես ինքն ասաց՝ դեռ նման հանձնարարություն չի ստացել:

Այն հարցին էլ՝ եթե հանձնարարություն ստացվի ՀՀԿ-ից, որ պետք է ձայներ ապահովի կուսակցության համար, արդյոք նախարարը կգնա՞ այդ քայլին, Առաքելյանը պատասխանեց. «Եթե ես ՀՀԿ-ական եմ, ապա՝ այո»: Ճշտող հարցին՝ ի՞նչ մեթոդով է ձայներ ապահովելու, կարո՞ղ է ամեն գնով ապահովել, նախարարն այսպես պատասխանեց՝ «Ամեն գինը մի քիչ… բան ա ասված էլի: Ես չեմ կարա հիմա ոչ մի բան մեկնաբանեմ նախընտրականի առումով, որովհետեւ ոչ մի բան, ոչ հանձնարարական կա, ոչ էլ քննարկվում է»:

Հնարավո՞ր է կաշառք առաջարկելու միջոցով ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար, այս հարցին նախարարը լուրջ չվերաբերվեց ու չպատասխանեց:

«Ես լիազորված չեմ կուսակցության անունից խոսելու, իսկ անձնապես ոչ մի բանի նկատմամբ ոչ մի վախ չունեմ, ոչ մի մտավախություն չունեմ: Այսօր ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, իր Ազգային ժողովը»,-այսպես արձագանքեց Իգնատի Առաքելյանը հարցին, թե՝ մտավախություն չունի՞, որ ընտրություններում ՀՀԿ-ն կարող է կորցնել իշխանությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728