Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով. ՍԴ

Հուլիս 08,2026 13:45 Share

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը, որով, հիշեցնենք՝ ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը:

Հանրային պաշտոնյաների՝ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարությունները կարող են խաթարել ազատ և արդար ընտրությունները

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ որոշման հիմնավորումներում հատուկ անդրադարձել է անմեղության կանխավարկածի պահպանմանը, ընտրական կոռուպցիայի դեմ պայքարին և վարչական ռեսուրսի կիրառման հարցերին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումներում բարձրացված անմեղության կանխավարկածի պահպանման հարցի առնչությամբ ՍԴ-ն շեշտել է, որ «հանրային իշխանության մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողությունների և/կամ հայտարարությունների անթույլատրելիությունը, հատկապես՝ ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում» սկզբունքային նշանակություն ունի։

Դատարանի գնահատմամբ՝ «հանրային իշխանության մարմինների, դրանց պաշտոնատար անձանց ցանկացած գործողություն և/կամ հայտարարություն, որն այս հասարակական/քաղաքական «զգայուն» շրջանում կանխորոշում է անձի մեղավորությունը, խաթարում է ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները»։

Սահմանադրական դատարանը, առանց որևէ հետևություն անելու ընտրական գործընթացում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներում քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների ներգրավվածության մասին, արձանագրել է, որ «Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն»։ Ընդ որում, դատարանը հատուկ ընդգծել է, որ այդ իրավիճակը չի վերագրում որևէ քաղաքական ուժի, այլ այն գնահատում է որպես համակարգային խնդիր։

ՍԴ-ն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինները բազմիցս տեղեկացրել և զգուշացրել են ընտրակաշառքի հնարավոր դեպքերի մասին, սակայն «ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից և չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ»։ Դատարանի գնահատմամբ՝ «այդ կրավորականությունը … ընտրական գործընթացի մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժից ակնկալվող ակտիվ անհանդուրժողականության հակապատկերն է»։

Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ «իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնան հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց»։

Որոշման մեջ ՍԴ-ն անդրադարձել է նաև վարչական ռեսուրսի կիրառման խնդրին՝ ընդգծելով, որ «ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահումը, խաթարելով ընտրություններում «առողջ մրցակցության» գաղափարը, անառարկելիորեն խարխլում է նաև Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական ընդհանուր սկզբունքների կենսագործումը»։

Դատարանը նշել է, որ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումը խաթարում է հավասար ընտրական իրավունքի սկզբունքը, քանի որ «այն դեպքերում, երբ առանձին քաղաքական ուժեր այլոց համեմատ հնարավորություն են ստանում օգտվելու հանրային ռեսուրսներից, ձևավորվում է անհավասար մրցակցային միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը պայմանավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամահայտնությամբ, այլ իշխանական լծակների անհավասար բաշխմամբ»։

Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցնում է հանրային իշխանության «կուսակցականացման»», ինչի հետևանքով պետական ապարատը և հանրային ռեսուրսները սկսում են սպասարկել ոչ թե ամբողջ հասարակությանը, այլ որոշակի քաղաքական շահերի։

Անդրադառնալով դիմումներում ներկայացված պնդումներին՝ ՍԴ-ն նշել է, որ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ փաստարկները հիմնականում վերաբերել են ընտրություններից առաջ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումներին, հանրային ծառայողների ներգրավմանը նախընտրական գործընթացներում, ինչպես նաև պետական, համայնքային և կրթական կառույցների օգտագործմանը։

Նույնիսկ ընտրությունների արդյունքի վրա չազդած խախտումները կարող են նվազեցնել հանրային վստահությունը

Սահմանադրական դատարանը նախ ընդգծել է, որ «նույնիսկ այն դեպքում, երբ առանձին խախտումը չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, այն կարող է էականորեն նվազեցնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, խաթարել պետական մարմինների քաղաքական չեզոքության ընկալումը և վտանգել ընտրությունների լեգիտիմությունը»։

Անդրադառնալով այն պնդումներին, թե ընտրությունների նշանակումից հետո Կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական միջոցառումները վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ են եղել, ՍԴ-ն վկայակոչել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ ուղեցույցը, որի համաձայն՝ «իրավական համակարգը պետք է ապահովի արդյունավետ կառուցակարգեր՝ պետական մարմիններին արգելելու անարդարացիորեն օգտվել իրենց դիրքից՝ ընտրական քարոզչության նպատակով պաշտոնական հանրային միջոցառումներ անցկացնելով, ներառյալ՝ բարեգործական միջոցառումները կամ այն միջոցառումները, որոնք նպաստում կամ հակառակ են գործում որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի»։

Միաժամանակ Սահմանադրական դատարանը նշել է, որ թեև օրենքը չի արգելում Կառավարությանը նախընտրական շրջանում շարունակել իր բնականոն գործունեությունը և իրականացնել սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ «Կառավարության հիշյալ միջոցառումները չպետք է պարունակեն քարոզչության տարրեր, ուղեկցվեն ընտրողներին ուղղված նախընտրական խոստումներով կամ քարոզչական այլ գործողություններով, ինչը կարող է ազդել ընտրողների ազատ կամահայտնության վրա»։

Դատարանի գնահատմամբ՝ «սոցիալ-տնտեսական միջոցառումների իրականացումը պետք է զերծ լինի քարոզչական բովանդակությունից և ուղղված լինի բացառապես պետական քաղաքականության իրականացմանը՝ բացառելով ընտրական գործընթացի վրա ներգործելու, իշխող քաղաքական ուժի կողմից ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու միտումները»։ Հակառակ դեպքում, ըստ ՍԴ-ի, նման գործողությունները «կարող են դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման մասնավոր դրսևորում՝ հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտման ռիսկով»։

Միևնույն ժամանակ դատարանը եզրակացրել է, որ ներկայացված գործով «առանձին փաստարկներ, ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային/հատվածական բնույթ»։ ՍԴ-ն նաև արձանագրել է, որ «չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը օգտագործվել է կազմակերպված եղանակով, և դրա օգտագործումը կրել է զանգվածային բնույթ, ուստի՝ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման դեպքերի համադրումը հիմք չի տալիս փաստելու դրա ազդեցությունը ընտրությունների վերջնարդյունքի վրա»։

Անդրադառնալով վերաքվեարկության նշանակման հարցին՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ «վերաքվեարկությունը ինքնանպատակ չէ, այլ կիրառվում է որպես միջոց՝ ընտրողների կամքի հավաստի արտահայտումն ապահովելու համար, երբ այլ՝ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ վերացնել արձանագրված խախտումների ազդեցությունը»։ Ըստ դատարանի՝ «վերաքվեարկությունը չի կարող նշանակվել յուրաքանչյուր արձանագրված խախտման պարագայում, այլ միայն այն դեպքերում, երբ առկա խախտումները կարող են ազդել ընտրության ընդհանուր արդյունքի վրա»։

ՍԴ-ն նաև ընդգծել է, որ «տվյալ պարագայում վերաքվեարկություն նշանակելը չի գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողական լիազորության շրջանակում», քանի որ օրենքը նախատեսում է հստակ պայմաններ, որոնց առկայության դեպքում ԿԸՀ-ն պարտավոր է գործել օրենքով սահմանված կարգով։

Որոշման մեջ Սահմանադրական դատարանը անդրադարձել է նաև նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցված բռնության կոչերի և սպառնալիքների վերաբերյալ պնդումներին՝ վերահաստատելով իր 2021 թվականի ՍԴՈ-1606 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, ըստ որի՝ «նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով (եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ), որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը»։

Դատարանը նշել է, որ «քաղաքական ուժերն ու դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ ու սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ»։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվությանը։ Սահմանադրական դատարանը նշել է, որ «առանձնակի մտահոգության առարկա են դարձել ապատեղեկատվական բնույթի գործողությունները, մասնավորապես՝ տեղեկատվական միջավայրում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ խորքային կեղծիքի (deep fake) տեխնոլոգիաներով ստեղծված նյութերի տարածումը»։ Ըստ դատարանի՝ «նման նյութերը կարող են ձևավորել իրականության խեղաթյուրված ընկալում, առաջացնել վախի, անորոշության կամ սպառնալիքի զգացողություն, հատկապես թվային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ ունեցող ընտրողների շրջանում»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031