Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնետավազք է սկսվել. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, սոված առնետներն էլ գնում են մինչեւ մարագ». Ֆերդինանտ Առաքելյան

Փետրվար 02,2017 19:44

Այսօր «Հայելի» ակումբում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ հիմա թերեւս միայն Սեյրան Օհանյանի անձն է ինտրիգ մտցնում, թեեւ նրա՝ քաղաքականություն մտնելը անակնկալ չէր: Նա ասաց, որ այսօր դաշտում առկա է երկու խումբ այլընտրանք: ՀՅԴ-ն ընդհանրապես չի քննարկվում, ԲՀԿ-ի դիրքորոշումը բազմաթիվ հարցերի վերաբերյալ անհայտ է. «Անհայտ է, թե ինչ ներքաղաքական զարգացումներ է ծրագրավորում, անհայտ է արտաքին քաղաքական դիրքորոշումը: Վստահ չեմ, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ դա կտեսնենք»:

Ըստ Խառատյանի, այլընտրանքներից մեկը «Ելք» դաշինքն է, որն արդեն հստակ կազմավորված է եւ հանրությունը համակրանք ունի: Իսկ «Համախմբումը» այլընտրանք է թե՛ գործող ռեժիմին, թե՛ «Ելքին». «Դա միջին ուժ է, որը կտրուկ քաղաքական փոփոխությունների հայտ չունի, միեւնույն ժամանակ մեղմորեն քննադատում է գործող իշխանությունների ընթացքը»:

Հրանուշ Խառատյանը զարմացել է, որ այս օրին ԵԽ-ն հայտարարեց, որ իշխանությունների հետ համաձայնության են եկել հակակոռուպցիոն գործողություններում . «Ինձ համար տարօրինակ էր այն ընտրությունը, որ նրանք արել են՝ կրթություն, առողջապահություն, հարկային եւ ոստիկանական ծառայություններում: Եթե այսպես է, նշանակում է կոռուպցիոն իրավիճակում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ իրական կոռուպցիան գործող իշխանությունների բարձր բուրգում գտնվող անձանց իրական ներքին համաձայնություններն են եւ դրանք ամրագրող մարմինները»: Ըստ նրա, քաղաքապետարանը, կառավարության առանձինն օղակներ կոռուպցիոն իրավիճակը փոխելու քննարկումներից դուրս են:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն արձագանքեց. «Ես զարմացած եմ, որ տիկին Խառատյանն անընդհատ ասում է՝ կոռուպցիա, կոռուպցիա: Մեր մոտ կոռուպցիա չկա, մեր մոտ թալան է պարզապես՝ կամաց տանում են: Որ կուսակցությունը իշխանություն է վերցնում՝ բուրգ են սկսում կառուցել: Կուսակցությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե բուրգ կառուցի իրենց համար, որ իրենց պաշտպանեն»:

Ֆերդինանտ Առաքելյանի խոսքերով՝ ընտրություններին կուսակցություններն ասում են՝ տվեք մեզ իշխանություն, մենք գանք. «Ինչի՞ տանք, որ: 88-ին տվեցինք- ավերեցիք, հետո տվեցինք ՝ նորից ավերեցիք: Որեւէ մեկը ծրագիր ունի՞՝ ԲՀԿ-ն էլ չունի, ոչ մեկն էլ չունեն: Առնետավազք է սկսվել՝ ստեղից ստեղ, այնտեղից այստեղ: Էն լավ,. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն կիսատ սոված առնետներն էլ գնում են մինչեւ մարագ, մինչեւ կվերջանան: Սա ողբ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728