Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը

Փետրվար 06,2017 13:13

Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։

Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է:

Գիրքը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական  հանձնախմբի երկամյա ջանքերի ու  պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները: Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել են ու ամբողջացրել գիրքը։

«Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:

Ներկա և ապագա սերունդների համար գրքում ներկայացված կենսապատումները ամփոփ և յուրահատուկ դասագիրք է` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:

«Հուշամատյան ոգեկոչման» գրքի ստեղծման գործում անգնահատելի աջակցության են ցույց տվել սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ղեկավարները, «Երկրապահ կամավորականների միությունը», կամավորական ջոկատների հրամանատարները, զոհվածների ընտանիքները և մարտական ընկերները:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեկոչման» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 29-ին` Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ընդունելության ժամանակ Ընդունելության հրավիրվածների թվում էր նաև գրքի հովանավոր, սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը: Արժեքավոր հրատարակության գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը բարերարին պարգևատրել է գերատեսչական «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728