Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թվաբանությունը չի գործում

Փետրվար 09,2017 10:22

Կա վրացական ֆուտբոլում այսպիսի ակումբ՝ «Գուրիա»` Լանչխութի քաղաքից: Ժամանակին այդ թիմը խորհրդային առաջնության մեջ սովորաբար խաղում էր առաջին խմբում: Բայց 1987 թվականին մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ դուրս գալ բարձրագույն խումբ: Եվ որպեսզի երկրորդ վրացական թիմն իր կայուն տեղն ունենա այդ խմբում` Վրաստանի սպորտային ղեկավարությունը որոշեց Թբիլիսիի «Դինամոյից» գործուղել իր մի քանի ֆուտբոլիստների «Գուրիա», իսկ Լանչխութիի թիմից մի քանի ֆուտբոլիստ տեղափոխվեցին մայրաքաղաք: Փոխանակման հետեւանքները ցավալի էին. 87 թվականի ԽՍՀՄ առաջնության արդյունքներով «Գուրիան» գրավեց վերջին՝ 16-րդ տեղը, իսկ Թբիլիսիի «Դինամոն» առաջնությունն ավարտեց 13-րդ տեղում՝ 86 թվականի 5-րդ տեղից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ձեր մի գրպանում կա 100 ռուբլի, իսկ մյուս գրպանում՝ 20, ապա առաջին գրպանից 30 ռուբլի տեղափոխելուց հետո դուք երկու գրպաններում կունենաք 50-ական ռուբլի: Ֆիզիկական, նաեւ ֆինանսական աշխարհում դա այդպես է: Ավելի բարդ դեպքերում, երբ գործում են մարդկային, հասարակական հարաբերությունների օրինաչափությունները, մեխանիկական, թվաբանական գումարել-հանելը չի գործում: Երբ «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ միավորել է 500 թե 1000 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների եւ անունը դրել է «Հայկական վերածնունդ», դա ամենեւին չի նշանակում, որ ՕԵԿ-ի ուժը 500 կամ 1000 անգամ ավելացավ: Իսկ գուցե ավելի արդյունավետ կլիներ մնալ հին ՕԵԿ-ականներո՞վ: Մենք ունենք մեխանիկական միասնությունը հերքող մի փայլուն օրինակ, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» գնաց «լայն դաշինքով» եւ դրանից տուժեց: Իսկ կշահեր այն դեպքում, եթե մնային հին, փորձված «ժառանգականները»: Հիմա այդ կուսակցությունն ինքն է ցանկանում մտնել որեւէ դաշինքի մեջ, ընդ որում՝ «Ելքն» ու «Օհանյան» դաշինքը նրա համար հավասարազոր են:

Հիմա «լայն կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար մանր-մունր, ինչպես ընդունված է ասել՝ «մարդ-կուսակցություններին» իր շուրջն է հավաքում, մասնավորապես, ԲՀԿ-ն: Իսկ ո՞վ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» անունը պահելով եւ դժվար վիճակում պարկեշտություն դրսեւորած մարդկանց վրա հույս դնելով՝ այդ կուսակցությունն ավելի լավ արդյունքների չի հասնի: Հիմա, հավաքելով երկու տիպի հնչակներին, գուցե ՀՌԱԿ-ին, ՀՀՇ-ին (ցավոք) եւ մյուսներին, «Բարգավաճն» ավելի ուժե՞ղ է լինելու: Թե՞ Վարդան Ղուկասյանն ու էջմիածինցի Հակոբ Հակոբյանն են լինելու նրանց լոկոմոտիվը:

Հասարակական հարաբերություններում 1+1-ը կարող է լինել 100 կամ 1000, բայց կարող է դառնալ 0,25: Նայած թե ինչը ինչին եք գումարում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Մեզ խելք սովորեցնելու փոխորեն կուսակցություններին եք սովորեցնում: Նրանք իրենց անելիքը գիտեն, մենք ի՞նչ անենք:

  2. araqel says:

    Մատնոց ֆռռացնողի նկարը լավն էր 😀

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728