Էմմա Բեգիջանյանը՝ ԹՐԻՓՓ–ի մասին Իրանից հնչող կոշտ հայտարարությունների առիթով
«Իրանի համար ավելի ձեռնտու է Ռուսաստանը լինի, քան ԱՄՆ-ն, Թուրքիան կամ Ադրբեջանը։ Ընդհանուր առմամբ՝ իրենք դեմ են ԹՐԻՓՓ-ին, բայց ուզում են, որ գոնե չարիքի փոքրագույնը լինի, Ռուսաստանին են ընդունում։ Ասում են՝ արեք այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետում։ Պարզապես այնտեղ գրված էր 5 տարի, այստեղ գրված է 50 տարի. մի կետ են ավելացրել, մի կետ էլ հետո կավելացնեն»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն, որ Իրանը կոշտ պայման է դրել ԹՐԻՓՓ նախագծի ենթակառուցվածքների պահպանության հարցում, պահանջում է, որ դրանք լինեն կամ հայկական ուժերը կամ տարածաշրջանում արդեն իսկ ներկայություն ունեցող երրորդ երկիրը, այսինքն՝ Ռուսաստանը, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Միևնույն ժամանակ նշեց՝ Իրանում էլ ոչ բոլորն են հալած յուղի տեղ ընդունում Ռուսաստանին։ Անդրադառնալով հայկական շահերին՝ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Ցանկացած երրորդ ուժ՝ ոչ հայկական, ոչ մեկը մեզ ձեռնտու չէ, բայց կոնկրետ այս դեպքում, քանի որ ներկա դրությամբ Իրանն ուրիշ ելք չունի բացի ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտացնելը, քանի որ ՌԴ-ի հետ շահերը համընկնում են, այդպիսի դիրքորոշում է հայտնում. դրանից օգտվում է Ռուսաստանը»։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին՝ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Ես խորությամբ ուսումնասիրել եմ ԹՐԻՓՓ նախագիծը։ Զանգեզուրի միջանցք կոչվածը որևէ տարբերություն չունի այս նախագծի էության հետ։ Հենց առաջին օրերին Եվրանյուզը և «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը հայտարարում էին, որ ԹՐԻՓՓ անվանումն առաջարկել է Հայաստանը։ Առաջին օրերին գրված էր 16 կմ լայնությամբ, հիմա հայտնի չէ՝ ինչ լայնությամբ է լինելու։ Եթե այն, ինչ իրենք պահանջում են լինի, այդքան մեծ տարածքում կարող են զորքեր պահել, ամեն ինչ էլ կարելի է»։
Կարդացեք նաև
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ ԹՐԻՓՓ-ի իրագործումը բխում է բոլորի շահերից բացի ՀՀ-ի և Իրանի. «Հիմա արդեն պարզապես տրվել է ռուս, ծագումով հրեա մեծահարուստի ընկերության կառուցմանը։ Իսրայելը հավասար պաշտպանում է ԹՐԻՓՓ-ը, Եվրոպան՝ ևս, բոլորի շահերից է բխում այս նախագիծը բացի Իրանի ու Հայաստանի։ Չգիտեմ՝ Հայաստանում հիմա ինչպես են բացատրում, որ մեզ համար ճանապարհ է դա, այն դեպքում, եթե այդտեղով պետք է անցնեն թուրքերն ու ադրբեջանցիները, թուրքական աշխարհը միացնելու իրենց շահն է։ Իրանը դեմ էր, բայց նրան համոզեցին՝ վստահեցնելով, թե չի փակվելու Իրան-Հայաստան սահմանը։ Իհարկե, չեմ պատկերացնում, թե ինչպես իրանցիները պետք է օդի վրայով բարձրանան խողովակաշարից, ավտոմայրուղուց, գնացքի գծերից, օպտիկական թելերից. դրանցով ո՞նց է անցնելու Իրանը, եթե դրանք պատկանում են ամերիկյան ընկերության»։
Մեր այն փաստմանը՝ ՀՀ իշխանություններն ասում են, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ապահովվելու է անխոչընդոտ անցում, ՀՀ տարածքով անցման դեպքում ՀՀ բյուջե մուտքեր են լինելու, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Եթե ամերիկյան ֆինանսավորող է կառուցումն իրականացնում, պետք է նրանց պատկանի այդ տարանցիկության հարկը։ Չեմ էլ հասկանում՝ անխոչընդոտ անցման համար ի՞նչ վճար պիտի լինի։ 2000-ականներին էլ նման խոսակցություն կար, որ կարող է Բաքու-Ջեյհան խողովակաշարն անցնել այդտեղով, քանի որ բավականին կարճ է ճանապարհը, բայց այն ժամանակ ես ասացի, որ դրան կողմ չեմ, քանի որ կարող է մենք դրանից գումար ստանանք, որովհետև անցնում է մեր տարածքով՝ որպես տարանցիկության հարկ, բայց խողովակաշարը, եթե պայթեցնեն, դու չես կարող անվտանգությունն ապահովել, պետք է Ադրբեջանը գա, ուրեմն պետք չէ, որ հանուն այդ գումարի թույլ տանք, որ խողովակաշարը մեր տարածքով անցնի։ Այսինքն՝ այդ վտանգը կա։ Ես ասել եմ՝ ամենավտանգավոր կետը նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն էր, ու այդպես էլ դուրս եկավ, որովհետև ՌԴ-ն հինգ տարի կմնար մեր տարածքում, հետո կամ կհանձներ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Ի՞նչ տարբերություն՝ հիմա սկզբից հանձնում են ամերիկյան ընկերությունների, որոնց փայատերերը կարող են թուրքեր, արդբեջանցիներ լինել։ Ավելին, մեծ տարբերություն չկա՝ ռուսներն են, թե այլ երկիր։ Եթե օտար է, օտար է՝ ի՞նչ տարբերություն։ Ինձ համար մեկ է. միշտ դեմ եմ եղել, որ հազար թելով կապվեցին ռուսներին, հիմա մկրատով կտրում են։ Դրան էլ եմ դեմ. պետք է աստիճանաբար արվի»։
Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ հիմա Իրանն ավելի զգուշավոր է, քանի որ Ադրբեջանին ներքաշելու փորձը նրա աչքի առաջ է. «Անցյալ տարի Ադրբեջանի տարածքից Իրանի վրա 12-օրյա պատերազմը հիշեք, Նախիջևանի՝ այս տարվա պատմությունը, որ եղավ, որը պատրվակ էր, որ Ադրբեջանը ներքաշվի։ Բայց քանի որ Թուրքիան դեմ էր, ասաց Ալիևին՝ նստիր տեղդ։ Այդ ամենից հետո պարզ է՝ Իրանն ավելի զգուշավոր է, որ կարող է այդ բաները տեղի ունենան նաև Հայաստանի տարածքում»։
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2026թ.


















































