Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ցուցակի երիտասարդները կարող են բանավիճել խարիզմատիկ լիդերների հետ

Փետրվար 17,2017 16:41

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ ցուցակում մի կողմից բոլոր հին դեմքերն են, մյուս կողմից՝ կան նաեւ երիտասարդներ ու վերջիններն ինչպե՞ս են մրցակցելու հանրությանը հայտնի խարիզմատիկ առաջատար դեմքերի հետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Երբ ասում ենք սերնդափոխություն, չի նշանակում հանրությանը բացարձակ անհայտ անձանց մի հատված ցուցակներում ներգրավել: Դա նշանակում է քաղաքական գործունեության որոշակի փորձառություն, հմտություն, գիտելիքների ակնհայտ պաշար ունեցող համեմատաբար երիտասարդ անհատների տպավորիչ ներկայություն ցուցակում:

Միեւնույն ժամանակ չեմ կարծում, թե այսօրվա խորհրդարանում ակտիվ գործող հանրապետական պատգամավորները, եթե անգամ տարիքով մեծ են, կարող են ետ կամ դուրս մղվել: Ընդհակառակը, քաղաքականությունը, ի տարբերություն հանրային կյանքի, որպես կանոն, ավելի պահպանողական է եւ այդպես պետք է լինի: Կտրուկ փոփոխությունը վտանգավոր է հանրության համար:

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի առաջարկվող թիմը բավարարում է այն պահանջներին, որոնք ձեւավորվել են հանրության մեջ. մի կողմից՝ երիտասարդ, խոստումնալից, գիտելիքներ ունեցող, լեզվաիմացությամբ տարբերվող անհատներ, որոնք ունակ են որակյալ քաղաքական գործունեություն ծավալել եւ դրան զուգահեռ՝ փորձառու, կենսագրություն ունեցող քաղաքական գործիչների մի հատված, որը կարող է լրացնել փորձը եւ ժամանակակից մոտեցումները: Ինչ վերաբերում է ձեր նշած խարիզմատիկ լիդերներին, որոնք արժանի հեղինակություն են վայելում հանրության շրջանում, Հանրապետական կուսակցության առաջադրած թիմն ունակ է առանց կաշկանդվելու նրանց հետ բանավիճել, ներկայացնել արգումենտներ, քննարկել հանրային կյանքի կազմակերպման ամենաբարդ խնդիրները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728