Լրահոս
Օրվա լրահոսը

Բուն բարեկենդանը մեծ տոնախմբությամբ նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

Փետրվար 26,2017 23:24

Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Ազգագրական երգերի ու պարերի, դհոլահարների ուղեկցությամբ երթի մասնակիցները քայլեցին դեպի Ազատության հրապարակ՝ շնորհավորելով երևանցիներին:

Ազատության հրապարակը բաժանվել էր մի քանի տոնական հարթակների: Երաժշտական ու պարային համարները, տիկնիկային թատրոնն ու բարեկենդանյան ներկայացումներն իրենց շուրջ հավաքել էին հարյուրավոր մարդկանց՝ Երևանից ու մարզերից: Մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես ազգային բակային խաղերի հարթակը, որտեղ աքլորակռիվ, պարանքաշոցի ու ղայիշդաղոցի խաղացողների մեծ հերթեր էին գոյացել:

Ուրախ տրամադրություն էին փոխանցում նաև Քաջ Նազարն ու Ուստիանը, ովքեր մերթ կռվում էին իրար հետ, մերթ միանում էին պարողներին, երբեմն էլ խանգարում էին՝ ուրախ ծիծաղով վարակելով բոլորին:

Տոնն ամեն տարի մեծացնում է իր շրջանակն՝ ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավելով: Ինչպես հնում, այնպես էլ այս տարի թեմում տոնին նախընթաց շրջանը ևս հարուստ էր բունբարեկենդանյան իրադարձություններով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բուն բարեկենդանը նշվեց նաև Երևանի վարչական բոլոր շրջաններում՝ տեղի համայնքների հետ համագործակցաբար:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728