Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնի վատ հոտը, ավելորդ հոգնածությունը, ռադիկուլիտը կարող են աղիների վատ աշխատանքի հետեւանք լինել

Մարտ 01,2017 12:30

Հիվանդությունների 95 տոկոսը կախված է աղիների վատ աշխատանքից: Այսպես ասաց «Առավոտի» հետ զրույցում բնաբույժ Լիանա Իսրայելյանը: Վատ աշխատանք ասելով՝ բժշկուհին նկատի ունի աղիների վատ շարժունակությունը, անշարժունակությունը, աղիների վատ մաքրվելը, պարազիտների առկայությունը:

«Ըստ արեւելյան բժշկության, ամեն մի աղիի հատված պատասխան է տալիս տարբեր օրգանների վատթարացման համար: Օրինակ՝ հաստ աղու ուղիղ մասի վատ աշխատանքը, որը գտնվում է ստամոքսի տակ, բերում է սիրտ-թոքային հիվանդությունների, իսկ աջ անկյունային հատվածի աշխատանքի խանգարումը բերում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների: Հաստ աղու ձախ հատվածը, որը իջնում է դեպի ուղիղ աղի, եթե լինում են բորբոքումներ, ապա պատասխան է տալիս միզային օրգաններին, երիկամներին, իսկ եթե խնդիրներ կան ուղիղ աղիում, ապա սկսվում են հիվանդություններ՝ կապված շագանակագեղձի հետ»,-նշեց բնաբույժը:

Մարդը, ըստ բժշկուհու, իր հիվանդության մասին իմանալուց առաջ պետք է նախ հիշի՝ օրվա ընթացքում ի՞նչ է ուտում, որին գումարվում է նաեւ ժամանակակից սնունդը՝ իր մեջ պարունակելով շատ կոնսերվանտներ, չհագեցված ճարպեր, որոնք չեն լուծվում, շաքարներ, ալկոհոլ, ծխախոտ:

Լիանա Իսրայելյանն աղիների եւ նրանցում ապրող բակտերիաների մասին ասաց, որ աղիների երկարությունը մոտ 4 մետր է, բայց տրամագիծը՝ մինչեւ 7 սանտիմետր եւ այն կարող է բավականին կղանքային մասսա պարունակել՝ մինչեւ 20 կիլոգրամ եւ որի մասին մարդը կարող է նույնիսկ գաղափար չունենալ. «Մեր օրգանիզմում կա մոտավորապես 900 բակտերիա, որոնցից ուսումնասիրված է ընդամենը 170-ը: Այս միկրոբները՝ միկրոբիոմ, հավաքված են մեր օրգանիզմում եւ ապրում են մեզ հետ «լավ» հարաբերությամբ: Նրանք միշտ լինում են հավասար, բայց երբ նրանցից մեկը գերակշռում է՝ առաջ է գալիս աղիների դիզբակտերիոզ, որի ժամանակ լինում է վքնածություն, սննդի վատ մարսողություն, ավելորդ գազեր, սրտխառնոցը կարող է լինել կամ չլինել, աղիների արագացված աշխատանք, կամ հակառակը՝ կապ»:

Մասնագետը մեր ազգին բնորոշ առանձնացրեց փորկապությունը. «Այն հատուկ է մեր ազգին, քանի որ հայերը հազարավոր տարիներ առաջ սկսել են ցորենից հաց թխել, իսկ հացեղենը երկար է մնում մեր օրգանիզմում, դրա համար մեր հաստ աղին ունենում է ավելի երկար մաս, քան ուրիշ ժողովուրդների մոտ: Իհարկե, այն չպետք է խառնել հիվանդության հետ, երբ մի 3-4 օր աղիները չեն գործում եւ չեն անհանգստանում: Այս երեւույթը անհանգստացնող է: Աղիները ճիշտ պետք է գործեն օրվա մեջ 1 անգամ, իսկ գերազանց՝ 2 անգամ: Սնունդը ընդունելուց 7-8 ժամ հետո այն դուրս է գալիս օրգանիզմից: Հաշվի պետք է առնվի սննդի տեսակը նաեւ, քանի որ մսային ուտեստները ավելի երկար են մարսվում: Աղիների բնականոն գործելու ժամը համարվում է առավոտյան 5-7-ը, բայց քանի որ ժողովուրդը սովորեցնում է ուշ արթնանալուց հոտո, այդ ժամին էլ սովորում է օրգանիզմը»:

Բնաբույժի խոսքերով՝ կան մարդիկ, որոնց մոտ առավոտյան աղիները մաքրվում են, դրանից հետո սնվելուց, սուրճ խմելուց հետո էլ կարող են աշխատել, որը չի նշանակում, թե խնդիր կա. «Բանջարեղեն, միրգ ուտելուց էլ կարող է արագ գործել»:
Հուզական կտրուկ վիճակներից եւս աղիները կարող են վատ աշխատել. «Քանի որ աղիները ներվավորում է արեւային հուսյակը, իսկ այն կապված է ներվային համակարգի հետ եւ բավական է մի փոքր ջղայնանալ, սթրես, վախ ունենալ եւ արեւային հուսյակը անմիջապես արձագանքում է: Մարդն անմիջապես ունենում է լուծ, սրտխառնոց, փսխումներ»:

Աղիների նորմալ աշխատանքի համար հարկավոր է կայուն պահել սնվելու գրաֆիկը՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, առանձին ուտել միրգ, ջուր խմել ուտելուց կես ժամ առաջ կամ ուտելուց մեկ ժամ հետո, բայց եթե սնունդը դժվար է, սնունդ ընդունելու ընթացքում ցանկալի չէ: Սնունդ ընդունելիս չի կարելի նաեւ հյութեր, հանքային ջրեր օգտագործել. «Բնական թարմ հյութը եւս սնունդ է եւ պետք է ընդունել առանձին: Միրգը ճաշի հետ խառնել չի կարելի՝ տեղի է ունենում խմորում, որը խանգարում է մարսողությանը»:
Աղիների վատ աշխատանքի ժամանակ, ըստ մասնագետի, լինում է գլխացավ, թուլություն, ռադիկուլիտ, մարմնի վատ հոտ՝ հատկապես ոտքերից, մաշկային տարբեր հիվանդություններ, տարբեր տեսակի պզուկներ, շնչառության խանգարում, պակասում է մարդու աշխատունակությունը եւ մարդն ավելորդ հոգնածության զգացում է ունենում: Կարող են լինել նույնիսկ սրտի շրջանում ցավեր, մկանային թուլություն, օրգանիզմի արագ ծերացում:

Աղիների նորմալ աշխատանքի համար, բնաբույժը նշեց, որ պետք է նախ սկսել ճիշտ սնվելուց. «Սնունդ ընդունելիս ստամոքսը արտադրում է այնքան ստամոքսահյութ, որ տվյալ սնունդը մարսի, բայց երբ որ սնունդը զուգորդվում է հեղուկների հետ, ստամոքսը չի կարողանում ճիշտ աշխատել: Գազավորված ըմպելիքներն առհասարակ վնաս են մեր օրգանիզմին, այդ գազերը, ներկերը, ավելորդ քաղցրը, այդ բոլորը նպաստում են սննդի վատ մարսմանը եւ աղիների վատ աշխատանքին: Հանքային ջուրը եւս մարդիկ խմում են որպես դեղամիջոց, իսկ ուտելու ընթացքում խմելը լուծում է սնունդը եւ ֆերմենտները, որը սննդի մարսողության համար չի բավականացնում եւ սնունդը կիսամարս անցնում է աղիներ»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031