Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում կայացել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Մարտ 01,2017 18:35 Share

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Ելույթներով հանդես եկան դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Վերջիններս անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին՝ դատապարտելով 1988-1991 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավերածությունները, ընդգծելով, որ այդ ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեց հայկական դուդուկը, ներկայացվեց հայ դասական երաժշտություն: Միջոցառումը եզրափակվեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի ելույթով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել