Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի թիվ 4 դպրոցում չի հաջողվում տնօրեն ընտրել

Մարտ 10,2017 10:29

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել, որ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում 5 ամիս է՝ տնօրենի ընտրություն չի կատարվում: Այդ մասին գրել է նաեւ 18 տարի դպրոցը ղեկավարած Նորիկ Քեշիշյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2016 թ հոկտեմբերի 25-ին, ու նույն օրն էլ դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Սառաջյանը:

Նորիկ Քեշիշյանը մասնավորապես նշել է. «Հոկտեմբեր ամսից Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում այդպես էլ չեն կարողանում տնօրեն ընտրել, քանի որ արդեն երեք անգամ հետաձգվում է: Առաջին դեպքում՝ նախարարության օպերատորը և դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար՝ Լիլիա Սառաջյանը, միասին գալով համաձայնության, կատարում են համակարգչային կեղծիքներ և կայքէջից ջնջում են դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարությունը, որը պատճառ է դառնում ընտրության հետաձգմանը: Իսկ այսօր՝ մարտի 7 -ին, տեղի ունեցած ընտրություններում կրկին նախարարության ներկայացուցիչը առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել: Որովհետև ՀՅԴ-ի վերնախավը նախարարին հրահանգել է անցկացնել իրենց թեկնածուին, հաշվի չառնելով, որ դպրոցը արդեն 18 տարի ղեկավարում եմ ես»:

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց` ինչու են անընդհատ ձգձգվում Աբովյանի թիվ 4 դպրոցում տնօրենի ընտրությունները եւ արդյոք դրա նպատակը ՀՅԴ թեկնածուին «անցկացնելն» է:

«Երեք անգամ չի հետաձգվել, ընդամենը մեկ անգամ է հետաձգվել ընտրությունը: Մարտի 7-ին պետք է կայանար մրցույթը, ԿԳ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել, ճշտել ենք, որ հիվանդության պատճառով չի ներկայացել: Ինչ վերաբերում է հատուկ ձգձգելուն, նման բան չկա: Ընդամենը մեկ անգամ մարդը հիվանդության պատճառով չի կարողացել ներկայանալ»,-ասաց վարչության պետը:

Հարցրինք` ինչու հոկտեմբեր ամսից տնօրեն չունի դպրոցը: «Հոկտեմբեր ամսից տնօրեն չլինելու պատճառը նաեւ դպրոցի խորհրդի մեղավորությունն է, ամեն դեպքում եղել է խնդիր` մրցույթի հայտարարությունը սահմանված կարգով չի հրապարակվել: Իսկ դա ամենակարեւոր պահանջներից մեկն է, որպեսզի բոլոր այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, տեղեկանան մրցույթին: Կարգի համաձայն, այդ կետը պահպանելու դեպքում է մրցույթ հայտարարվում»,-հավելեց Աշոտ Արշակյանը:

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի նախկին տնօրենը հավաստիացրեց, որ դպրոցի եւ ԿԳ նախարարության կայքէջից մրցույթի հայտարարության ջնջվելու մասին ինքը ահազանգել է թեժ գիծ, որից հետո վերականգնվել է:

Իմիջիայլոց, դպրոցի կառավարման խորհրդի անդամները մարտի 7-ին նամակ են ուղարկել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին` հայտնելով իրենց վրդովմունքը, նաեւ պահանջել են լուծում տալ ստեղծված իրավիճակին եւ ապահովել ԿԳ նախարարության ներկայացուցչի ներկայությունը հայտարարված մրցույթի հետաձգված նիստին, որը կայանալու է մարտի 15-ին:

Հավելենք, որ դպրոցի տնօրենի մրցույթի մասին հայտարարության անհետանալուն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին անդրադարձել էր նաեւ «Հրապարակը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031