Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը «դրական տեղաշարժ» է արձանագրել

Ապրիլ 04,2017 13:47

«Հավասարակշռված մթնոլորտ էր, նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Մրցապայքարի մեջ այս անգամ հանդուրժողական մթնոլորտ էր: Դատապարտելով ամեն տեսակի բռնարարք, դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ ցանկացած միջադեպի ժամանակ, անհապաղ կերպով, համապատասխան արձագանք էր ստանում պատկան մարմինների կողմից: Խոսքս մասնավորապես վերաբերում է ընտրակաշառքներին եւ ընտրողների վրա ներգործություն ունենալու դեպքերին»,- «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, ասաց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության քարտուղար Հասմիկ Սարգսյանը:

Կազմակերպությունը դիտարկել է խորհրդարանական ընտրությունները 998 տեղամասերում: Հասմիկ Սարգսյանն այս ընտրություններով «դրական տեղաշարժ» է արձանագրում ՀՀ-ում նախկինում կայացած ընտրությունների նկատմամբ:
Ավելին, 2015 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեի համեմատ խորհրդարանական ընտրություններն, ըստ բանախոսի, ավելի քաղաքակիրթ էին, ընտրողների ցուցակները բարելավված էին. «Արձանագրված խախտումները չէին կարող ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունենալ, կարող են ազդեցություն ունենալ զուտ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վրա: Կարծում ենք՝ ընտրություններն արտացոլել են մարդու ազատ կամարտահայտման իրավունքը»:

Արձագանքելով լրագրողների տարբեր դիտարկումներին, որ ԶԼՄ-ները ընտրատեղամասերում մի շարք խախտումներ են արձանագրել, ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանն ասաց. «Ճիշտն ասած, մենք նշում ենք, որ ուղղորդումներ եղել են, սակայն դեռևս մարզերի բոլոր տեղամասերից չեն եկել տվյալները, կճշտվի ու կհրապարակենք: Պարզապես մի հարց կա ուղղորդումների հետ կապված. շատ տարեց մարդիկ և ինչո՞ւ ոչ՝ երիտասարդներ, նոր ընտրակարգի հետ կապված խնդիրներ էին ունենում, չէին հասկանում, թե ինչպես ընտրել: Քանի որ ընթացակարգը շփոթում էին, շատ մարդկանց ստիպված էին լինում օգնել»:

Մի բան, ըստ նրա, փաստ է`այս ընտրություններին չի կիրառվել նախկինում լայնորեն օգտագործված ընտրակեղծիքը՝ լցոնումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930