Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը ցուցակները բացելու այլընտրանքային ճանապարհներ է փնտրում

Ապրիլ 04,2017 17:39

Այսօր, ըստ ընտրական օրենսգրքի պահանջի, ժամը 12.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակվեցին ընտրողների ստորագրված ցուցակները, այսինքն՝ այն մատյանների տվյալները, ըստ որոնց՝ քաղաքացին հնարավորություն ունի ստուգել՝ արդյոք չքվեարկած անձի անվան դիմաց ստորագրություն կա՞, թե՝ ոչ:

Թեեւ ցուցակները հրապարակված են, սակայն դրանք չեն ներբեռնվում, չեն բացվում, կամ մի քանի ժամ է տեւում: Մենք նույնպես փորձում ենք ստուգել, սակայն 4 ժամից ավելի է՝ դեռ մեկ ֆայլը չի ներբեռնվում:

Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի, ինչպես տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդը»՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում հնարավոր է ներկայացնել համապատասխան տարածքային հանձնաժողով մինչեւ ամսի 5-ը, ժամը 11-ը։

Իսկ քանի որ փաստաթղթերը ժամերով չեն բացվում, մարդիկ չեն ուզում ժամանակ վատնել, մի քանի ժամ սպասել՝ ի վերջո՝ կներբեռնվի՞, թե՝ ոչ այդ փաստաթուղթը, հետն էլ՝ նյարդայնանալ, շատերը պարզապես էլ գլուխ էլ չեն դնում:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ փաստաթղթերի ծավալը շատ մեծ է եւ ներբեռնման խնդիր է առաջացել. «Դրանք բավականին մեծ ծավալի ֆայլեր են, եթե PDF ֆայլ է սարքվում՝ մոտ 200 էջ, ահռելի ծավալ է: Բայց ցուցակները ժամը 12-ից շուտ տեղադրված են եղել, եւ առաջին ժամերին բավականին արագ բացվել են»:

Պարոն Մուկուչյանն ասաց, որ փորձում են այլընտրանքային տարբերակ գտնել. «Քիչ առաջ համակարգիչներ ենք տեղադրել, կարող են գալ մեզ մոտ՝ ստուգել ցուցակները: Մտածում ենք՝ էլ ի՞նչ այլընտրանք կարող ենք գտնել»:

Մեր այն հարցին՝ եթե փաստաթղթերը չեն բացվում կամ դանդաղ են բացվում եւ քաղաքացիները չհասցնեն խախտում գտնելու դեպքում մինչեւ ժամը 11:00-ը ներկայացնել դիմումը, արդյոք ԿԸՀ-ն չի՞ պատրաստվում այդ խնդրի պատճառով դիմումների ընդունման ժամկետը երկարացնել, Մուկուչյանը պատասխանեց. «Եթե մարդիկ ներկայացնեն փաստական հանգամանքներ, հիմքեր խախտումների, ժամը 11-ից հետո էլ լինի, կուսումնասիրենք: Ուրիշի փոխարեն քվեարկելը հանցագործություն է, եթե այս մասին ապացույցներ բերեն, անպայման կուսումնասիրենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը հրապարակելուց հետո պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ արդեն այլընտրանքային տարբերակ են գտել եւ ԿԸՀ կայքում ընտրողների ստորագրված ցուցակներ բաժնում տարածքային ընտրական հանձնաժողովների հիպերհղման տակ նաեւ այլընտրանքային հղում կա, եւ առայժմ 1-3 ընտրական տարածքների ցուցակներն են հրապարակել, մյուսներն էլ ընթացքում են: Այլընտրանքային հղում բաժնից շատ արագ կարող եք ներբեռնել ցուցակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930