Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք մեկ օր հանգիստ թողնենք քաղաքականությունը»

Ապրիլ 12,2017 13:50

Երեւանում նշվում է օպերային դիվա Հասմիկ Պապյանի հոբելյանը

Հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներից ավստրիաբնակ օպերային դիվա, ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը իր բեմական-ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանը նշում է ապրիլի 12-ին՝ Ազգային օպերային թատրոնում: Նա հանդես կգա Տոսկայի դերերգով՝ Պուչինիի համանուն օպերային ներկայացման մեջ (բեմադրող դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո, ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան): Ասում են՝ այս դերերգով երգչուհին տարբեր հեղինակային բեմերում հանդես է եկել շուրջ 150 անգամ:

Ընդունված է հոբելյանների առիթով մեկառմեկ նշել արվեստագետի ստեղծագործական գործունեության յուրաքանչյուր էջ: Երկար ժամանակ կպահանջվի նշել միայն Հասմիկ Պապյանի՝ համաշխարհային եւ հայկական օպերային ներկայացումներում խաղացած շուրջ 45 դերերգերը «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա», Փարիզի «Բաստիլ», Բարսելոնի «Լիսեու», Վիեննայի, Մադրիդի, Ամստերդամի, Ցյուրիխի, Սանկտ Պետերբուրգի, Մյունխենի, Բեռլինի, Շտուտգարդի եւ այլ օպերային թատրոններում: Աշխարհահռչակ խաղընկերների ու դիրիժորների անուններն էլ հնարավոր չէ թվարկել, բայց նշենք գոնե մեկ-երկուսին՝ Ռիկարդո Մուտի, Վալերի Գերգիեւ, Միշել Պլասսոն, Պլասիդո Դոմինգո, Մարսելո Վիոտտի, Մաուրիցիո Արենա, Գենադի Ռոժդենստվենսկի, Ջեյմս Մոիս եւ այլն: Քանիցս սոպրանոն ելույթներ է ունեցել հայտնի համերգասրահներում, օրինակ՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլլում», որտեղ բեմ է բարձրացել ոչ միայն մենահամերգներով, այլեւ Վերդիի, Մոցարտի եւ այլ հեղինակների մեծակտավ ստեղծագործություններով (նկատի ունենք ռեքվիեմները):

Առանձնահատուկ նշենք, որ մենահամերգների ժամանակ Հասմիկ Պապյանը ներկայացրել է նաեւ հայ կոմպոզիտորների երկեր՝ Կոմիտասից մինչեւ Երանյան, Կանաչյան, Չուխաջյան, Տիգրանյան, Տերտերյան, Մանսուրյան: Այսքանից հետո չենք կարող չնշել նրա կերտած դերերգերից մի քանիսը: Սա այն դեպքն է, երբ նույնիսկ կոմպոզիտորին ներկայացնելու կարիք չկա: Դերերգերից են՝ Նորման, Դոննա Աննան, Միքայելան, Լիզան, Սենտան, Դեզդեմոնան, Աիդան, Լեոնորան, Ելիզավետան… Հիշատակման է արժանի 2000-ականների սկզբներին արվեստագետի թողարկած CD-ն՝ կոմիտասյան 36 երգերով, այդ թվում՝ գերմանական պոեզիայով գրված 9 երգերը, որոնք կատարվել են առաջին անգամ:

Հասմիկ Պապյանն ու Գեղամ Գրիգորյանը «Տոսկայում»:

Հայ հանդիսատեսի հիշողություններում դեռ թարմ է երգչուհու մասնակցությունը 2016թ. աշնանը Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում Մանսուրյանի հեղինակային երեկոյին, որի առիթով կոմպոզիտորն ասել էր՝ «Տարիների գործընկերներ ենք, մշտապես վայելել եմ արվեստագետի, հայուհու բարեկամությունը: Հանդիպել ենք թե Հայաստանում, թե արտասահմանում…»:

Հասմիկ Պապյանի հայաստանյան ստեղծագործական ուղուց փորձեցինք պեղել դրվագներ, որոնց մասին քչերը գիտեն: Այս հարցում մեզ օգնեց, ինչպես նրան մասնագետների շրջանում անվանում են՝ քայլող հանրագիտարան, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: «Հասմիկ Պապյան օպերային երգչուհին այն եզակիներից է, որն ունի բնատուր դերասանական ձիրք եւս: Տիգրան Լեւոնյանը 1980-ականների կեսերին ձեռնամուխ էր եղել Սպենդիարյանի «Ալմաստ» ֆիլմ-օպերայի ստեղծմանը եւ ինձ խնդրել էր գտնել մի վոկալիստի, որը ոչ թե պետք է երգեր, այլ պատրաստի ձայնագրությամբ բերանը բացուխուփ աներ: Պատահաբար Տաթեւիկ Սազանդարյանի տանը հանդիպեցի չքնաղ մի հայուհու ու նրան ներկայացրի Տիգրանին, որը հմայվեց… «Ալմաստի» կերպարը մարմնավորեց Հասմիկը»,- հայտնեց պարոն Առաքելյանը: Նա հիշեց նաեւ մի տպավորիչ դրվագ. «Երգչուհին նոր էր վերադարձել Մոսկվայում կայացած սայաթնովյան համերգից եւ պայմանավորվեցինք հանդիպել օպերային թատրոնում: Հետաքրքիր էր ինձ համար կուռք դարձած Սայաթ-Նովա անվան հետ կապված յուրաքանչյուր մանրուք: Իհարկե, գիտեի, որ Չեքիջյանի ղեկավարությամբ կապելլան եւ նվագախումբը կատարելու են Ալեքսանդր Հարությունյանի թումանյանական տեքստով «Հայրենիքիս հետ» կանտատը, մեներգիչներ Հասմիկ Պապյանի եւ անվանի բարիտոն Արշավիր Կարապետյանի ընկերակցությամբ: Համերգի առաջին բաժինը չավարտված, հանդիսասրահում փնտրում էին Հասմիկ Պապյանին, մի կին էլ մոտեցավ Հասմիկին, ասելով, թե մաեստրոն շտապ կանչում է իրեն… Ճիշտն ասած, այդ պահին ոչինչ չհասկացա, բայց երբ սկսվեց համերգի 2-րդ բաժինը եւ բացվեց վարագույրը, անակնկալի եկա: Պարզվեց՝ Արշավիրը ինչ-ինչ պատճառներով չէր երգելու, փոխարենը Հասմիկը հանդես եկավ եւ իր՝ սոպրանոյի, եւ բարիտոնի պարտիաներով: Նման բան, կարծում եմ՝ աշխարհում չի եղել»:

Հասմիկ Պապյանն իր ընտանիքի հետ:

Շարունակելով Հասմիկ Պապյանի գովքը, Սերգեյ Առաքելյանը հիշեց տարիներ առաջ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացած իր «Հայ արվեստի երեւելիները» մատենաշարի հերթական՝ «Շերամ» գրքի շնորհանդեսը, ինչը մեր զրուցակցի խոսքերով՝ նշանավորվեց այն անակնկալ փաստով, որ հենց այդ օրը, հենց նույն վայրում երգչուհուն շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում:

Անդրադառնալով այսօր կայանալիք «Տոսկային», մեզ հետ զրույցում Հասմիկ Պապյանը նշեց, որ իր Կավառադոսիներից առաջինը եղել է աշխարհահռչակ Ջակոմո Առագալը, հետո շատերը եւ ապա իր համար շատ թանկ անուն Գեղամ Գրիգորյանը: Երեւանյան բեմում այդ դերերգով այժմ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը:
Դիտարկմանը, թե միակ երգչուհին է, որ ապրելով ու ստեղծագործելով արտասահմանում, մշտապես արձագանքում է ոչ միայն մշակութային, այլ նաեւ հասարակական-քաղաքական կյանքին, Հասմիկ Պապյանը հանդիմանեց, ասելով. «Այսօր ինձ համար հոբելյան է: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, եկեք մեկ օր հանգիստ թողնենք այն»:
Ի դեպ, երգչուհին հայրենիքում է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930