Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության լավագույն պատասխանը հայկական պետության և բանակի առկայությունն է

Ապրիլ 24,2017 10:48

Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ

«Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: Միջոցառումը իրականացվեց Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական ծրագրի հետ համագործակցաբար:

Բացելով երեկոն, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այն հանդիսանում է ռուսաստանյան հասարակայնության յուրօրինակ զորակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջազգային այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև դրա հետագա կանխարգելմանը:

Նա ընդգծեց, որ Ցեղասպանության լավագույն պատասխանը հայոց պետականության և բանակի առկայությունն է: Ըստ այդմ, իբրև արդարության վերականգնման և հայության անվտանգության լիարժեք ապահովման գործնական ու արժանապատիվ ճանապարհ նա մատնանշեց Հայաստանի հզորացման և այդ նպատակով գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման աշխատանքներին ակտիվ մասնակցությունը:

ՀՀ դեսպանության խոսքը փոխանցեց դեսպանորդ Վարդան Հակոբյանը: Նա կարևորեց հատկապես այն, որ երեկոն կազմակերպվել է ռուսաստանյան քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ըստ դիվանագետի, եթե ժամանակին հարկ եղած կերպով դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէին կրկնվի հետագա նման ողբերգությունները, ներկայումս Մերձավոր Արևելքում չէր մոլեգնի նոր ցեղասպանությունների վտանգը:

ՌԴ Պետական Դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ, ԼԴՊՌ խմբակցության ներկայացուցիչ Բորիս Չեռնիշովը կանգ առավ հայ և ռուս ժողովուրդների համատեղ անցած ուղու վրա, նշելով, որ ներկա մարտահրավերները նույնպես հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով: Ռուսաստանը պետք է էլ ավելի նպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը, համոզված է ռուս խորհրդարանականը:

Երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավոդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որը հրապարակվեց խմբակցության ղեկավարի տեղակալ Օլեգ Նիլովի կողմից: Դրանով պետական Դումայի խմբակցություններից մեկը հավաստում է, որ հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում:

Հայաստանի և սփյուռքի ուժեղացմանը և միասնականությանը նպաստելու հարցերում մեծ դեր ունի հայ երիտասարդությունը, իր ելույթում փաստեց Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության նախագահ Անդրանիկ Հովսեփյանը:

Երեկոյի ընթացքում Ռուսաստանի գրողների և կինեմատոգրաֆիստների միության անդամ Վլադիմիր Գոնիկը ներկայացրեց իր նոր` «Օրկեստր» գիրքը, ուր առանձին գլուխներ են նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:

Միջոցառման գեղարվեստական մասում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ դաշնակահար Միքայել Հայրապետյանի, երգիչներ Գոհար Իսախանյանի և Ստանիսլավ Դավիդովի, Մոսկվայի «Դուդուկ» համույթի կատարմամբ: Երեկոն եզրափակվեց երգահան, «Արցախի ձայներ» համույթի մենակատար Արտյոմ Վալտերի «Արմենիա» երգի հեղինակային ներկայացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930