Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար Հայաստանը ոչ թե այն  տեղն է, որտեղ ես պետք է գումար վաստակեմ, այլ  իմ լուման պետք է ներդնեմ հայրենիքի զարգացմանը»․ Նարեկ Հախնազարյան

Մայիս 05,2017 00:02

Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և Գայանե Հախնազարյանի բարեգործական համերգը։ Համերգից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին։

Մանկական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց որ կենտրոնը բացվել է 2013 թվականին` բարեգործական կազմակերպությունների շնորհիվ։ Օրական 23 երեխա վերկանգնողական բուժում է ստանում․ «Ամեն առավոտ մենք երեխաներին իրենց բնակության վայրերից մեքենաներով բերում ենք կենտրոն և այնպես է կազմակերպված, որ յուրաքանչյուր երեխա  մեկ օրվա ընթացքում առնվազն երեք թերապիա է անցնում, 2 անգամ էլ սնունդ է տրվում»,- պատմեց  Զավեն Քոլոյանը։

Նարեկ Հախնազարյանն էլ, պատմելով իրենց համագործակցության մասին, ասաց, որ բոլորովին պատաբար է բացահայտել այս կենտրոնը։ Կոշի մանկական կենտրոնի բարեգործներից մեկը երաժշտի ծանոթն է եւ հանդիպման ժամանակ պատմել է կենտրոնի գործունեության մասին։ Թավջութակահարը մանկական վերականգնողական կենտրոն այցելելուց հետո որոշել է, որ ինքն էլ պետք է իր աջակցությունը ցուցաբերի։ Նարեկը նշեց, որ չի հիշում, թե երբ է վերջին անգամ Հայաստանում համերգ տալով գումար աշխատել․«Ինձ համար Հայաստանը ոչ թե այն  տեղն է, որտեղ ես պետք է գումար վաստակեմ, այլ  այստեղ ես պետք է իմ լուման ներդնեմ նրա զարգացման համար ու աջակցեմ զանազան հիմնադրամներին, որոնք զբաղվում են տարբեր խնդիրների լուծմամբ։  Ես համագործակցում եմ նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ և վերջին  մի քանի համերգների հասույթը տրամադրվել է այդ ֆոնդին»։

Ներկայացնելով համերգային ծրագիրը` Գայանե Հախնազարյանը նկատեց, որ նրանք աշխատել են ծրագրում ընդգրկել տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ,  որպեսզի նույնատիպ չլինի և յուրաքանչյուր  ունկնդրի հաճելի լինի։ Համերգային ծրագրում ընդգրկվել են Բեթովեն, Շուբերտ, Շոպեն, Շոստակովիչ, Մասնե, Շուման։  Նարեկ Հախնազարյանը առաձնահատուկ նշեց, որ համերգին լինելու է համաշխարհային պրեմիերա՝ նա նվագելու է Էդվարդ Հայրապետյանի «Մոնոլոգ» ստեղծագործությունը։

Լիլի Խաչատրյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031