Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Մայիս 24,2017 14:38

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):

Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46%), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (34.7%, ընդ որում` տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը (30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձի քաղցկեղինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (49%), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%):

Ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։

Ինչպես բազմիցս նշվել է, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում.

– առողջ սնուցում

-ֆիզիկական ակտիվություն

-վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։

Ի՞նչ է առողջ սնուցումը։

-Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։

-միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)

-սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։

Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։

Ֆիզիկական վարժություններն օգնում են խուսափել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել շատ պարզ՝

-շատ քայլել

-առավոտյան մարմնամարզություն կատարել

-5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել

-18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում

-65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։

Մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։

Անկասկած, մարդն ավելի առողջ կլինի, եթե խուսափի նաև ռիսկի մյուս գործոններից։ Եթե գնահատում ենք մեր առողջությունն ու ցանկանում որակյալ կյանքով ապրել, ուրեմն, հրաժարվելով վնասակար սովորույթներից, մեզ համար կենսակերպ պիտի դարձնենք առողջ ապրելակերպը։ Աշխարհում հետզհետե այդ ուղին նախընտրում են ավելի շատ մարդիկ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031