Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ստացել ենք 50 հազար ձայն»

Մայիս 29,2017 12:00

Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է իրական պատկերը չկեղծել, ընտրակաշառքով քվեարկել է առավելագույնը ընտրողների 20 տոկոսը

«Այդ երեւույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում»,- այսպես ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը խոսելով Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հանդեպ կիրառած ոստիկանական բռնի ուժի մասին՝ վստահեցրեց, որ Փոստանջյանը սադրել էր: Ինչպես հայտնի է՝ միջադեպի արդյունքում Փոստանջյանի դուստրը ուղեղի ցնցում էր ստացել եւ տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն: Ալիկ Սարգսյանի խոսքերով՝ «ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի, ջահել, երիտասարդ աղջկա հարվածե՞լ: Չեմ կարծում, նման ոստիկան այդ համակարգում չկա»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց. «Պետք է խորհուրդ տամ պարոն Սարգսյանին, որպեսզի նա ընթերցի ՀՀ Քրեական օրենսգիրքը եւ տեսնի, թե ում գործողությունն ինչպիսի հանցակազմ է պարունակում, որից հետո նոր անի ենթադրություններ: Թող նայի բոլոր կադրերը, որ ուղիղ եթերում հրապարակվել է եւ նոր գնահատական տա:

Եթե նրա գնահատականը քաղաքական չէ եւ իր քաղաքական թիմին չի սպասարկում, ապա իրավական մասով եթե նայենք, նա պետք է ընթերցի Քրեական օրենսգիրքը»: Ինչ վերաբերում է Փոստանջյանի «ջահել աղջկան» հարվածելուն՝ նա ասաց. «Ոստիկաններն այնտեղ կատարում էին ապօրինի հրաման: Նրանց ասվեց՝ բերման ենթարկեք եւ իրենք այդ ապօրինի հրամանն էին կատարում»: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ երեկ իրենց տեղեկացրել են, որ գործով նրանց ճանաչել են որպես տուժող. «Նաեւ փորձաքննության տվյալները կան, որ մենք ստացել ենք մարմնական վնասվածքներ: Գործ է հարուցված ոստիկանների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ: Իհարկե, դա ինձ չի բավարարում, որովհետեւ տեղի է ունեցել եւ խոշտանգում, եւ խտրականություն, նաեւ այդ ոստիկանների կողմից հանցագործության պարտակում է տեղի ունեցել: Այս դրվագներով նույնպես պետք է գործեր հարուցվեն եւ պատասխանատվության կանչվեն մեղավորները: Ես այդ ժամանակ ունեցել եմ 3 կարգավիճակ միաժամանակ, ես եղել եմ կուսակցության ղեկավար, նաեւ եղել եմ քաղաքապետի թեկնածու եւ ունեցել եմ ԱԺ պատգամավորի մանդատ, որը օրենսդիր իշխանությունն է ներկայացնում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք խոսել եք դիմադրության ճակատ ստեղծելու մասին, ի՞նչ ժամկետներում է այդ ճակատը ստեղծվելու եւ ի՞նչ եք անելու՝ հանրահավաքներ, փողոցային պայքար, հետընտրական զարգացումներ՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեր բոլոր գործողությունները հրապարակային են եւ բոլոր գործողությունների վերաբերյալ դուք կունենանք համապատասխան տեղեկատվություն: Միայն հանրահավաքներով դու չես կարող հարցը լուծել, հանրությունը պետք է ցուցաբերի կազմակերպվածություն, իսկ հանրահավաքը դա դեռ կազմակերպվածություն չէ»:
Մեր դիտարկմանը, որ դիմադրության ճակատ ստեղծելու հետ կապված հակափաստարկ կա, որ այն քաղաքացին, որը 10 հազար դրամով քվեարկում է, 10 հազար դրամով էլ կգնա իրենց տուն ու դուրս չի գա փողոց՝ տիկին Փոստանջյանը արձագանքեց. «Ովքեր 10 հազար դրամ են վերցնում, նրանք այդքան շատ չեն, թող չփորձեն խեղաթյուրել իրական պատկերը: Եթե մենք ունենք 20 տոկոս այդպիսի քաղաքացիներ, որոնք ստիպված վերցնում են, մնացած ամբողջ գործընթացը տեղի է ունենում ընտրակեղծարարության ներքո, մենք խնդիր ունենք ԶՈՒ-ի, ոստիկանության հետ, բոլոր նրանց հետ, ովքեր այդ բիրտ ուժը կիրառում են հանրության նկատմամբ, այդտեղ է մեր խնդիրը, ոչ թե այնտեղ, որ մարդը ստիպված 5000 դրամ պետք է վերցնի: Ի դեպ, ասեմ, որ նույնիսկ այս կեղծիքների պարագայում 10 հազար մարդ, ում ստիպել են, որ գնա ընտրատեղամաս, ուղղորդել են, տվել են քվեարկած թերթիկը, նա այդ թերթիկը փչացրել, անվավեր է սարքել: Թող չփորձվեն նույնիսկ, այդ «Ելքը» Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, որ ինքն էր ընտրակաշառք առաջարկում, ես այդ կարծիքը չունեմ, որ մեր քաղաքացին կաշառված է եւ միայն ընտրակաշառքի տիրույթում է գործում: Ոչ, դա արհեստականորեն դիտավորյալ, հատուկ են անում, որ մենք չունենք քաղաքացի, դա քաղաքացի չէ, մի մարդ է, որը 5-10 հազար դրամով վաճառվում է»:

Փոստանջյանը վստահեցրեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք ունեցել են վստահելի մարդիկ, «Երկիր Ծիրանին» ստացել է 100-105 ձայն. «Սա ընդհանուր պատկերն է, պետք է բազմապատկել եւ կտեսնեք, որ մենք ստացել ենք 50 հազար ձայն: Իսկ 50 հազար ձայնն այդ ուռճացված ցուցակի մեջ հսկայածավալ ձայներ են»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

27.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031