Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հավասարվում է Բելառուսին, որ Բաքվին հանձնեց Արցախ մեկնած լրագրողին. «Հրապարակ»

Հունիս 02,2017 10:48

Օրերս Թբիլիսիում կասկածելի հանգամանքներում ձերբակալել են մի ադրբեջանցի լրագրողի եւ հանձնել Բաքվի իշխանություններին։ Ասում են՝ ընդդիմադիր լրագրող է, եւ լուրը հասել է միջազգային իրավապաշտպաններին։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման մասին գործը եւ պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները։ Բնականաբար, դա տեղի է ունեցել Ադրբեջանի իշխանությունների «խնդրանքով», բայց Amnesty International-ի ուշադրությունն առաջին հերթին գրավել է Վրաստանի իշխանությունների դրսեւորած վարքը՝ ինչո՞ւ են ձերբակալել, ապա Ադրբեջանին հանձնել իր քաղաքական հայացքների համար հետապնդվող լրագրողին։ Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ Վրաստանը հավասարվում է Բելառուսին, որ Բաքվին հանձնեց Արցախ մեկնած լրագրողին։

Մինչ այդ Վրաստանի իշխանությունները պետք է որ լսած լինեին, թե ինչպես են արձագանքում եվրոպական երկրները Թուրքիայի պահանջներին՝ վերադարձնել անցյալ ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցներին եւ կազմակերպիչներին, որոնք ապաստան են գտել այդ երկրներում։ Նկատի ունենալով քաղաքական հետապնդման հանգամանքը, Գերմանիան, օրինակ, կտրուկ մերժում է Էրդողանի «խնդրանքը» եւ հասկացնում, որ Թուրքիան երբեք չի կարող իրեն ներքաշել նման խաղի մեջ։ Զարգացման արեւմտյան ուղին բռնած Վրաստանը պարզապես իրավունք չուներ Իլհամ Ալիեւի դուդուկի տակ պարելու։

Ադրբեջան տարված լրագրողն ու նրա փաստաբանը չեն զլացել նշել, որ «առեւանգումը», ապա Ադրբեջանին հանձնումը կազմակերպել եւ իրականացրել են վրացական իրավապահ կառույցների աշխատակիցները, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, որովհետեւ Թբիլիսիում առեւանգիչների վրացերեն խոսելը դեռեւս բավարար պայման չէ կատարվածը վրացական իշխանություններին վերագրելու համար։ Բայց եթե պարզվի, որ դա իրոք Վրաստանի իրավապահների ձեռքի գործը չէ, ապա բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, օրինակ՝ Վրաստանի մայրաքաղաքում կամ վրաց-ադրբեջանական սահմանին տիրող անիշխանության հետ կապված։ Այդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ Վրաստանում նույնկերպ չեն կարող վարվել ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ոչ միայն առանց Բաքվի թույլտվության են այցելում Արցախ, այլեւ ուղղակի թշնամական երկիր են համարում Ադրբեջանը։

ՀՀ ԱԳՆ-ին կամ Թբիլիսիում բազմած մեր ծանրամարտիկին պե՞տք է անհանգստացնի կատարվածը, թե՞ ոչ։ Նրանք, ինչպես ասում են, խաղաղ են մեր լեռների պես եւ միտք էլ չունեն որեւէ կերպ արձագանքել Թբիլիսիում տեղի ունեցած խայտառակությանը։ Երեւի սպասում են, որ հետո մի հայաստանցու տանեն Բաքու, որ ձայները գլուխները գցեն եւ եվրոպական ատյանները թնդացնեն:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930