Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի սխալը տեղեկատվական-քարոզչական թիմ չունենալն էր, որ պիտի աշխատեր նրա ու նրա կառավարության աշխատանքը ներկայացնելու՝ ժողովրդի համակրանքը ստանալու համար. «Իրատես»

Հունիս 06,2017 12:26

Մեծամասնությունը, որ կարող է իր ծրագիրն ու իր լուծումները պարտադրել, ձեւավորվում է ընտրություններով, որոնց արդյունքները որեւէ կասկած չեն հարուցում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը դա էլ գիտեր, բայց ընդունեց խաղի իրեն պարտադրված կանոնները ու համաձայնեց, որ ՀՀԿ-ն իրենով առժամանակ սքողի իր քաղաքական նարցիսությունը ու նորոգի, սիմվոլ, փոփոխությունների ալիք ձեւացնի։ Դա նրա 2-րդ սխալն էր։ Նա չկարողացավ նոր խորհրդարանում իր թիմն ունենալ ու հենարան ստեղծել, տանուլ տվեց իշխանությունը պահելու ճանապարհին նաեւ այս ճակատամարտը, դա նրա 3-րդ սխալն էր։

ՀՀԿ-ի արխայիկ ու ագրեսիվ մեծամասնությունը գործում է վախի թելադրանքով ու գնում է ուժի հետեւից։ Գաղափարները նրանց համար անծանոթ սնկեր են, որ կարող են թունավոր ու կյանքի համար մահացու վտանգավոր լինել։

4-րդ սխալը տեղեկատվական-քարոզչական թիմ չունենալն էր, որ պիտի աշխատեր նրա ու նրա կառավարության աշխատանքը, նպատակներն ու քայլերը ներկայացնելու ու հանրայնացնելու՝ ժողովրդի համակրանքը ստանալու համար։

5-րդ սխալը, որ ճակատագրական կարող է լինել Կարեն Կարապետյանի ու նրա կառավարության համար, սերտ կապվում է 1-ինին՝ նրա նախարարներն աշխատում են եւ լավ են աշխատում, բայց աշխատանքի արդյունքը չի զգացվում ու չի ընկալվում, որովհետեւ բախվում է համակարգի այն մասի դիմադրությանը, որ նրան ենթակա չէ։ Ամենօրյա, գործնական, ոչ հրապարակային դիմադրությանը։ Հրապարակայնացնելով դիմադրությունը՝ վարչապետը բախվելու է համակարգին ու տանուլ է տալու։

Չհրապարակայնացնելով նա փորձում է՝ 1-ինը՝ ժամանակ շահել, 2-րդը՝ հնարավորինս ոչ ստանդարտ լուծումներով այնպես փոխել իրավիճակը, որ ստանա ֆինանսներ, ու 3-րդ՝ ապահովել ժողովրդի աջակցությունը, երբ ստեղծվի կամ/կամի պահ։

Մեղմ ասած՝ արկածախնդրություն է։ Պարզ ասած՝ կամիկաձեներ, որ գործում են առանց անձնական պաշտպանվածության եւ աշխատանքի արդյունքների անդառնալիության երաշխիքների։ Իսկ դա նշանակում է հաջորդ նախարարը գալու է ու սկսելու է զրոյից՝ ջնջելով նրանց հետքերը։ Դառը պատկեր է, բայց այսօր կա դրայվ, ու կան լծակներ, որ չգործածելը հիմարություն է։

Այն, որ մինչեւ նախագահի պաշտոնավարման ավարտը Կարեն Կարապետյանին տրվեց կառավարության նույն կազմով աշխատելու հնարավորություն, որքան հաղթանակ, նույնքան պարտություն էր։ Հաղթանակ էր, որովհետև նրա ոչ բոլոր նախարարներն են համակարգում անհրաժեշտ փոփոխություններն անում ու ոչ բոլորն են հանրության հետ հարաբերությունները ճիշտ կառուցում, ոչ բոլորն ունեն ընկալում ու համակրանք, բայց մնացին։ Պարտություն էր, որովհետև Կարեն Կարապետյանը նորից օժիտ ստացավ իր գործի արգելակներին եւ վերահսկիչ շլագբաում՝ Դավիթ Հարությունյանի տեսքով՝ արդարադատության համակարգի որեւէ փոփոխության առաջ։ Համակարգի անփոփոխության երդվյալները աջակից ունեն տնտեսական վիճակը։

Հայաստանի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլար է, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ներդրումներ նման պայմաններում անում են խելագարները։ Ֆինանսական աշխարհում խելագարներ լինում են միայն քաղաքական հրահանգի դեպքում։ Բայց նա լիուլի տվել է խոստումներ, ու դա նրա 6-րդ սխալն էր։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դուք էլ մեկ բաժակ ջուր ավելացրիք կառավարության դեմ գործողների ջրաղացին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930