Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Իմ կարծիքով՝ սա ՀՀ նախկին ղեկավարության կողմից թույլ տրված մեծ սխալն էր». «168 ժամ»

Հունիս 06,2017 12:47

Հարցազրույց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ

– ՀՀ-ում ԵՄ-ի եւ Ֆրանսիայի դեսպանները հայտարարել են, որ ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Սակայն, եթե ստատուս-քվոն չի պահպանվում, դրա փոփոխման 2 տարբերակ կա՝ կա՛մ բանակցություններ, կա՛մ պատերազմ։

– Ստատուս-քվոն, իմ կարծիքով, կարելի է պահպանել։ Եվ դրա մասին խոսում է ոչ միայն անցած տարի ապրիլին, այլ նաեւ դրանից հետո եղած փորձը։ Այդ իրադարձություններից հետո բանակցային գործընթացի մասնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի միջամտությամբ ստատուս-քվոն առավելապես պահպանվել է։ Այդ պատճառով դեսպանների նյարդային հայտարարությունները հակամարտության կարգավորման հետ ուղիղ կապ չունեն։ Ես դրանք կդասեի դիվանագիտական ինտրիգների կամ քարոզչական փորձերի շարքին, եթե, իհարկե, դա պարզապես որևէ կոնկրետ դեսպանի կյանքում որևէ իրադրության կամ նրա բնավորության առանձնահատկության հետ կապված ինչ-որ պոռթկում չէր։

– Նախկինում տեսակետ էիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ՝ առանց Արցախի վերջին խոսքի։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայ պաշտոնյաները խոսում էին բանակցություններին ԼՂ վերադարձի անհրաժեշտության մասին։ Այսօր ի՞նչ հնարավորություն կա, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։

– «Վերջին խոսք» ասելով՝ ես նկատի էի ունեցել, որ որևէ վերջնական պայմանավորվածություն չի կարող հաջողություն ունենալ, եթե դրան համաձայն չէ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ կայուն խաղաղություն հակամարտության գոտում՝ առանց ԼՂ համաձայնության եւ մասնակցության, ես չեմ պատկերացնում։ Թե երբ եւ ինչպես տեղի կունենա ԼՂ-ի վերադարձը բանակցային գործընթաց, ես դժվարանում եմ հիմա ասել, քանի որ ժամանակին այն որոշումը, որի հետեւանքով ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին դադարեցվեց, իմ կարծիքով, ՀՀ նախկին ղեկավարության կողմից թույլ տրված մեծ սխալն էր։ Այն դժվար է վերականգնել։ Եթե դուք նման հակամարտության եւ կողմերի համառության պայմաններում որեւէ սխալ քայլ եք անում, վստահ եղեք, որ ձեր հակառակորդն անմիջապես դրանից օգտվելու է՝ ամեն ինչ անելով, որպեսզի թույլ չտա վերադարձնել կորսված դիրքերը։ Դա էլ հիմա տեղի է ունենում։ Այս փուլում դժվար թե Ղարաբաղը կարողանա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, իսկ ապագայում, եթե, հուսանք, երբեւէ մենք խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներգրավումն այդ պայմանավորվածություններում ուղղակի անխուսափելի կլինի։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930