Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Ֆեդերացիայի նախագահին դուր չի եկել, թե Վերա Մարտիրոսյանն ինչպես է գրում հայկական ֆուտբոլի մասին

Հունիս 06,2017 16:07

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

News.am ինֆորմացիոն գործակալության մարզական բաժնի թղթակից Վերա Մարտիրոսյանին (լուսանկարում) մերժել են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ս.թ. հունիսի 4-ի եւ 10-ի խաղերի լուսաբանման հավատարմագրումը։

Ի պատասխան հավատարմագրման մերժման պատճառի մասին լրագրողի հարցմանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Հայկ Կարապետյանը հայտնել է, որ դա արվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձնական ցուցումով։ Կարելի է ենթադրել, որ Ֆեդերացիայի նախագահին ինչ-որ կերպ դուր չի եկել, թե Վերա Մարտիրոսյանն ինչպես է գրում հայկական ֆուտբոլի մասին։

Մինչդեռ Վերա Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ աշխատում է մարզական լրագրության ոլորտում, եւ նրա հրապարակումներն աչքի են ընկնում լուսաբանվող թեմայի հանդեպ ստեղծագործական եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Մասնավորապես, 2015 թվականին Վերա Մարտիրոսյանն արժանացել է Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին՝ «մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար»։

Նրա հավատարմագրումը մերժելով՝ ՀՖՖ-ն News.am-ի բազմահազարանոց լսարանին զրկել է ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի մասին լրագրողի նոր եւ հետաքրքիր հրապարակումներից։

Քանի որ սա այսօրինակ առաջին դեպքը չէ, մենք հայտարարում ենք, որ անձնական վերաբերմունքի հիման վրա հավատարմագրման մերժումն անթույլատրելի է, եւ պահանջում ենք հետագայում բացառել այն պրակտիկան, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը նման ձեւով սահմանափակում է լրագրողի գործունեությունը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Լուսանկարը՝  Վերա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930