«Ի պատիվ մեր երկրի, մեր կողմից Իրանի վերջին իրադարձությունների հետ կապված անհրաժեշտ ուշադրություն դրսեւորվեց ու ճիշտ արձագանք եղավ»,- այս կարծիքին է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Մերձավորարեւելյան ցնցումներ. հին մրցակցություն եւ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետը նկատեց` ՀՀ շահագրգիռ է տարածաշրջանի կայունությամբ: Պատճառը` կոմունիկացիաների մատչելիության մեր խնդիրն է: Հարեւան Իրանի խորհրդարանում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումը քաղաքագետը դրական է գնահատում`հավելելով. «Մեր անվտանգությունը պետք է ուշադիր լինի ու հույսը չդնի ռուսների վրա»:
Ի դեպ, իրանական իրադարձություններից հետո, միջազգային շուկայում կանխատեսվում էին նավթի համաշխարհային գների վերանայում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների: Քաղաքագետը փաստում է` նավթի գների որեւէ փոփոխություն տեղի չունեցավ:

Իրանը, ըստ բանախոսի, եղել եւ մնում էր Հայաստանի ամենավստահելի գործընկերն իբրեւ հարեւան երկիր: Նա պատմական էքսկուրսով նկատում է` Իրանի հետ Հայաստանը երբեւէ խնդիր չի ունեցել, նաեւ քաղաքական հարաբերություններում. «Անգամ ամենաճգնաժամային իրավիճակում երկու երկրները կարողացել են արագ լուծել խնդիրը։ Բնականաբար, այս երկրում ահաբեկչական յուրաքանչյուր գործողություն վատ է մեր երկրի համար։ Լրացուցիչ զգոնությունը մեզ չէր խանգարի, սակայն խուճապը, թե ահաբեկչությունը մոտեցել է մեր սահմաններին, ավելորդ է. այն միշտ մոտ է եղել մեր սահմաններին։ Անվտանգության մարմինները աչալրջության մակարդակը որոշակի պետք է բարձրացնեն, սակայն անտեսանելի տիրույթում, որպեսզի ավելորդ խուճապ չլինի»:
Այն, որ Հայաստանը սիրիական ճգնաժամում բարեկամական հարաբերություններ է պահում Բաշար Ասադի հետ, Սիրիային հումանիտար օգնություն է ուղարկվում, ըստ իրանագետի, որոշակի վտանգ առաջացնում է մեր երկրի համար` ահաբեկչության թիրախ դառնալու տեսանկյունից, սակայն այդ ռիսկերը կառավարելի են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը`նրա կարծիքով, ինչքան Իրանում իրավիճակը սրվի եւ վատանա, այնքան ձեռնտու է Ադրբեջանին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































