Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց տարածածը զիբիլ է լինելու». Ինչ խնդիրների առաջ են կանգնած ԶԼՄ-ները. «Թվապատումում»՝ մեր մասին

Հունիս 16,2017 13:18

Այսօր «Թվապատում 2017» չորրորդ մեդիա կոնֆերանսն էր՝ մեդիա մենեջմենթի, մեդիայի փոփոխվող դիմագծի ու գործառույթների, մոնետիզացիայի նոր միջոցների, մեդիա հարթակների ձեւավորման եւ բրենդավորման արդյունավետ եղանակների մասին:  Կոնֆերանսին հրավիրվել էին Գերմանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից առաջատար մասնագետներ, որոնք ներկայացրին թվային միջավայրում մեդիայի գոյատեւման, զարգացման եւ հաջողության միջազգային փորձը:

Բանախոսները նշեցին, որ հիմա լավագույն ժամանակն է լրագրող դառնալու համար, կարող ես հենց քո տնից՝ քո հեռախոսով նյութ անել: Նախկինում տպարան պետք էր գնալ, ծախսեր անել, բայց այսօրվա դրությամբ ցանկացածը կարող է դառնալ համաշխարհային հրապարակող՝ տնից: Իհարկե, այս միջավայրում կեղծ լուրերը շատանում են, մտահոգություններն ավելանում են: Պետք է բոլոր հնարավոր ձեւերը գտնել՝ փող վաստակելու:

Անդրադառնալով հայաստանյան գովազդի շուկային՝ նշվեց, որ փորձագիտական գնահատականներով՝ այն կազմում է 60 մլն դոլար:

Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող, լեհ խմբագիր ու մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան նշեց, որ «Նյու Յորք թայմսն» ունի մոտ 120 մլն-անոց լսարան, բայց  լսարանի մասշտաբը չի ենթադրում, թե ինչքան մարդ կվճարի: Իսկ մեզ խորհուրդ տվեց՝ «Դուք ունեք հզոր սփյուռք՝ աշխարհով մեկ սփռված, այդ մարդիկ դոլարով են վաստակում, դրանք էլ պետք է հաշվի առնեք»: Փորձագետները նշեցին, որ ողջ աշխարհում օլիգարխները  ԶԼՄ են առնում, եւ դա հնուց է գալիս: Տարիներ անց ԶԼՄ-ները կսկսեն հիմնադրվել բուն սպառողների կողմից, ավելի շատ փող կսկսի հոսել օլիգարխների կողմից, նոր բիզնես մոդել կձեւավորվի:

Արդի մեդիայում լրագրողները հաճախ մասնակից են դառնում մեդիա մենեջմենթին, ինչը կտրում է նրանց իրենց մասնագիտական աշխատանքից: Փորձագետներից մեկը նշեց, որ լրագրողը պետք է իմանա, թե ինչ է կատարվում գովազդի բաժնում, մանավանդ փոքր խմբագրություններում դա անխուսափելի է:

Գժեգոժ Պիխոտայի խոսքերով՝ ինքը, որպես խմբագիր, չի հավանի, եթե իր լրագրողը բիզնեսի մեջ մտնի, նա պետք է իմանա ինչ է կատարվում խմբագրությունում՝ բիզնեսի առումով, բայց լրագրողը չպետք է գցի-բռնի՝ այսինչ մարդու հետ հարցազրույց անի՞, թե՞ չանի, որովհետեւ ինքը փող է մուծվում: Դա լրագրողի որոշելիքը չէ:

Մասնագետները խմբագիրներին խորհուրդ տվեցին որքան հնարավոր է շատ հարթակներից օգտվել, ֆեյսբուքը եւ սոցցանցերը չդիտել որպես թշնամի, իրենց «գործին խփող», այլ՝ դաշնակից, որովհետեւ այսպես թե այնպես հաղթող է: Հետո՝ ֆեյսբուքում գովազդը կարող է թույլ տալ նոր բաժանորդներ ստանալ:

Հարցին՝ ի՞նչ անել, երբ լսարանն ինքն է շեղում քեզ լրագրությունից, թելադրում է, Գժեգոժ Պիխոտան պատասխանեց, որ ամենախոշոր հրատարակիչները մեր օրերում իրենց բովանդակությունը բաշխում են 22-23 հարթակներում միաժամանակ, խմբագրություններում աշխատում են խմբեր, որոնք բովանդակությունը հարմարեցնում են հարթակին: Ավելի շատ ռեսուրսներ են հիմա ծախսում՝ բովանդակությունը թարգմանելու տարբեր հարթակների համար, օրինակ, վիդեոն ինսթագրամի համար են հարմարեցնում եւ այլն: Սա մեծապես շեղում է խմբագրության աշխատանքն ու ռեսուրսները:

Aravot.am-ի հարցին՝ Դուք նշեցիք, որ մեր օրերում ցանկացածը կարող է կայք բացել, դառնալ հրատարակիչ, հայ օլիգարխներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, օրինակ, սպառնացել էր ԶԼՄ-ներին, որ «սեփական սայթս կբացեմ ու կտոպկեմ», սրա մեջ վտանգ կա՞ մեդիա դաշտի համար, որ այն գործիչները, որոնք ժամանակին վճարում էին ԶԼՄ-ներին, հիմա ինչ ունենան ասելու՝ սեփական ԶԼՄ-ներով կասեն, HackPack հարթակի հիմնադիր Ջասթին Վարիլեքը պատասխանեց. «Իհարկե, կա վտանգ նրանում, որ ով ուզի, կարող է դառնալ հրատարակիչ: Բայց դուք էլ կարող եք օգտվել դրանից, որովհետեւ իրենց տարածածը զիբիլ է լինելու»:

Նա ասաց, որ սա վերաբերում է նաեւ բրենդներին. «Մինչեւ այս Կոկա Կոլան ձեզ էր դիմում, հիմա իրենք իրենց լրատվական կայսրությունն ունեն, իրենք արդեն ձեր թերթերի, ձեր գովազդի կարիքը չունեն: Սա էլ է ձեր եկամուտից կտորներ ուտում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930