Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականը միշտ կմնա մրցակցությունից դուրս»

Հունիս 21,2017 13:00

Ստեփան Խալաթյանը ջութակ նվագում է 6 տարեկանից: Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է, մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար: «Հայրս, բացի աշուղա-գուսանական գործերից, նվագացանկում ներառում էր նաև ջութակի համար գրված ստեղծագործություններ: Իմանալով ջութակի հնարավորություններն ու ստեղծագործությունները՝ ցանկացավ, որ իր որդին դառնա ջութակահար: Հավանաբար, հետագայում ընտանեկան տրիո կազմելու համար», – կատակում է Ստեփանը: Նա սովորել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններում: Շարունակությունը` տրամաբանական էր: 2004 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո` մագիստրատուրա և, իհարկե, ակտիվ համերգային գործնեություն, մասնակցություն բոլոր կարևորագույն միջոցառումներին ու փառատոներին: Որպես ուսումնական կվարտետի անդամ` ժամանակին համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում:

2006 թվականին Ստեփանը իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որտեղ աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ նա համերգներով ելույթ է ունեցել տարբեր երկրներում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է. Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին:

2009-ին էլ նա հայրենիքի հանդեպ իր պարտքն է կատարել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլում. համերգներով մեկնել սահմանամերձ գոտի` քաջալերելու զինվորներին, ինչպես զինվորական հավաքակայաններում երգ ու երաժշտությամբ գոտեպնդել ծառայության մեկնել պատրաստվող ապագա զինվորներին:

Հետաքրքրվեցինք՝ հայրենիքում ամեն ինչ, կարծես, այնքան էլ վատ չէր դասավորվում` խոստումնալից ջութակահարի համար, ԱՄՆ ինչո՞ւ մեկնեց:
«2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս` Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղեկացա Նյու Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ:

2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում»,-հայտնեց Ստեփան Խալաթյանը: Վերջին 4 տարիներին նա համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգներից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4,5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել` ամեն օր 1 կամ 2 համերգ: Նույն ժամանակահատվածում, 5 նվագախմբերը միասին հանդես են եկել 450 համերգով: Եվս մի ռեկորդ սահմանվել է Կոլումբիայում. 28 ժամում անընդմեջ` 4 շոու-համերգ:

«Վերջին 4 տարիներին լինելով տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ ունկնդիրը շատ տարբեր է: Օրինակ, Ճապոնիայում` ելնելով ազգային խառնվածքից, հանդիսատեսը շատ խստապահանջ է: Ֆանտաստիկ կառուցվածքով դահլիճները թույլ են տալիս հանդիսատեսին հետևել ինտոնացիոն ամեն ելևէջներին: ԱՄՆ-ում` պայմանավորված է նահանգներով: Նյու Յորքում ավելի սառն են, դեպի հարավ` ավելի ջերմ ու անմիջական, բացահայտ ցույց են տալիս իրենց էմոցիաները` պահելով, իհարկե, թույլատրելիի սահմանները. ծափահարում են, սուլում, դոփահարում: Նվագախմբով դեռ չենք եղել Հայաստանում, ուստի դժվարանում եմ ասել ինչպես կընդունի հայ հանդիսատեսը: Ծրագրեր կան, ուղղակի պետք է տարածաշրջանային հյուրախաղեր կազմակերպել, ինչը ծրագրվում է: Իսկ հայ հանդիսատեսը, իրոք, շատ խստապահանջ է: Պետք է պահել որակի սանդղակը, քանի որ հայը գիտի ամեն ինչի որակյալը»,-հավելում է մեր զրուցակիցը:
Իսկ իրատեսակա՞ն է համարում նվագախմբի հյուրախաղերը Երևանում:

«Նախ նշեմ, որ մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասիստ Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին»,-պատասխանում է երաժիշտը: Ապա փակագծեր է բացում.

«Ամեն տարի գրվում են նոր ստեղծագործություններ, համապատասխանեցնելով պարային բեմադրություններին: Չինական ազգայինը` ծաղիկներով, հովհարներով, համեմված ժամանակակից պարային տարրերով, քարոզում է բարու հաղթանակը չարի հանդեպ: Դա լուրջ նախագիծ է, որում մեծ աշխատանք են տանում ոչ միայն խմբավարն ու երաժիշտները, այլև պարուսույցներն ու պարողները, այդ ժամանակ գերիշխողը չինական մոտիվներն են: Իսկ երբ հանդես է գալիս միայն սիմֆոնիկ նվագախումբը, ասենք, Կարնեգի Հոլլում, ներկայացնում ենք համաշխարհային երաժշտության գլուխգործոցները` համալրված չինական ազգային նվագարաններով. երկլարանի «էրհու», 6 լարանի պիպա, մեր զուռնայի նման փողային գործիք «սոունա» և ազգային հարվածային գործիքներ: Տարեկան կատարում ենք 18 նոր ստեղծագործություն՝ գրված հատուկ այդ նվագախմբի համար, հիմնականում իրենց բնորոշ լադային սահմանում` պենտատոնիկայում, այսինքն՝ 5 հնչյուններից բաղկացած լադ: Դա մի հատուկ ձևաչափ է, որին հիմնադիրները հավատարիմ են արդեն 10 տարի և պետք է ասել` այն աշխատում է: Ի դեպ, նվագախումբը չունի տեսահոլովակներ, ձայնագրություններ, համերգների տեսագրություններ, որոնց բացակայությունը ապահովում է հանդիսատեսի մշտական հետաքրքրությունը»:

Հարցին՝ այսօր ազգային երաժշտության գաղափարը արդիակա՞ն է մեծ գերտերություններում, թե՞ գլոբալացման այս դարաշրջանում նման արժեքն այլևս ակտուալ չէ, երաժիշտը պատասխանում է. «Դասականը միշտ կմնա մրցակցությունից դուրս: Առիթ եմ ունեցել լսելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբին, որն, ուղղակի, տանում է քեզ մի ուրիշ աշխարհ: Այնուամենայնիվ, խոսել զուտ ազգային երաժշտության մասին, Միացյալ Նահանգներում շատ բարդ է: Հայաստանում ավելի հեշտ է ու հասկանալի, քանի որ մենք հստակ գիտենք` որն է ազգային, ֆոլկլոր, աշուղական երաժշտությունը: Ինչ մնում է նվագախմբին` իր գերակայող չինական նվագացանկով, ապա դա ազգային ավանդույթների լավագույն տարածման օրինակն է՝ մշակույթի միջոցով»:

Սուսաննա Հովհաննիսյան

«Առավոտ օրաթերթ»
20.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930