Լրահոս
Օրվա լրահոսը

Արջի քոթոթին ու կապիկին մի վանդակում փակել են, որպեսզի մարդկանց զվարճացնեն

Հուլիս 01,2017 16:00

Մեր երկիրը հազար ու մի միջազգային կոնվենցիաների է միացել, այդ թվում եւ կենդանիների իրավունքների պաշտպանության, սակայն կենդանիների իրավունքները խախտելու համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում` չնայած օրենքը որոշ դեպքերում նախատեսում է:

Այսօր ռեստորանների ճաշացանկում կարելի է հանդիպել ուտեստներ վայրի կենդանիների մսից, որոնց որսն ընդհանրապես արգելված է, քանի որ դրանց մեծ մասը Կարմիր գրքում է, զվարճանքի օբյեկտներում էլ` վանդակների մեջ փակված արջեր, արծիվներ, կապիկներ, եղնիկներ ու այլ կենդանիներ: Վայրի կենդանիներին, որոնց որսն արգելված է, ուտելու, առավել եւս անազատության մեջ պահելու համար զվարճանքի օբյեկտների տերերին չեն նեղացնում: Նրանք կենդանիների հաշվին հաճախորդներ են հավաքում, գումար են աշխատում:

Արարատի մարզի Գետազատ գյուղում՝ Բարդիների պուրակ կոչվող հանգստի ու ժամանցի գոտում, որտեղ այս սեզոնին հարյուրավոր այցելուներ են լինում, նույնպես անազատության մեջ գտնվող կենդանիներ կան: Այցելուներին զբաղեցնում են վայրի կենդանիները` արջի քոթոթը, կապիկը: Ընդ որում, երկու կենդանուն էլ մի վանդակում են պահում: Արջի ու կապիկի համար նախատեսված պայմանները հակասանիտարական են եւ կենդանիների համար՝ ոչ հարմարավետ:

Բնապահպան, կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական գործիչ Սիլվա Ադամյանը կարծում է, որ երկու տարբեր տեսակի կենդանիների նույն վանդակում պահելը «խայտառակություն է»: Ըստ նրա՝ կենդանիների` կապիկների եւ արջի վարքը խիստ տարբեր են, եւ քանի որ արջը քոթոթ է, դեռ փոքրիկ է, կապիկը կարող է լուրջ ագրեսիա դրսեւորել ու արջի քոթոթին վնասել. «Հնարավոր է, որ հակառակն էլ լինի, բայց ես հակված եմ մտածելու, որ կապիկն ավելի լուրջ ագրեսիա կդրսեւորի: Խնդիրը շատ խորքային է»,- ասաց տիկին Ադամյանը: Ըստ նրա՝ չի կարելի պահել կենդանիներին անազատության մեջ, եթե դա չի նպաստում գիտահետազոտական տվյալներ ստանալուն, ուսումնասիրություններ կատարելուն:

Նա նաեւ դեմ է ֆոնդի ստեղծմանը, որում գումարներ են հավաքվելու անազատության մեջ պահվող կենդանիների տերերից. «Անազատության մեջ գտնվող կենդանիներին փորձում ենք շահագործել՝ ստեղծելով այդ ֆոնդը, որտեղ այս կենդանիների տերերը բնապահպանական գումարներ կվճարեն, եւ այդ գումարները կգնան կենդանիներին փրկելու: Այսինքն` շրջապտույտ է ստացվում. կենդանուն բերում են գցում վանդակի մեջ, գումար աշխատում, գումարը նրանից վերցնում են, բյուջե են դնում` նույն կենդանուն փրկելու համար: Դա նոնսենս է, աբսուրդ: Սա պետք է լուրջ քննադատության արժանանա, պետք չէ, որ մենք այդ մարդկանցից շահույթ ստանանք, որոնք կենդանիներին բերում են եւ մասնավոր զվարճանքի կենտրոն են ստեղծում: Մենք պետք է արգելենք այդ ամենը»:
Սիլվա Ադամյանը կարծում է, որ մեր երկրում կենդաբանական այգի էլ չպիտի լինի, որովհետեւ այն չի համապատասխանում պատշաճ պայմանների, որոնք պետք է ունենան կենդանիները. «Բացի այն, որ այգին պետք է ունենա համապատասխան կենդանիների տեսակային կազմ, պայմանները շատ լավը պետք է լինեն, իսկ մեզ մոտ կիսաբարվոք է: Մեր կենդանաբանական այգին ավելի շատ զվարճանքի վայր է, սրճարաններ եւ այլն, քան կենդանաբանական այգի: Ես տնօրենին չեմ մեղադրում այստեղ, պարզապես օրենքը պետք է գործի: Մեզ պես երկրներում ունենալ կենդանաբանական այգիներ, առավել եւս՝ մասնավոր, հանցագործություն է:

Շատ երկրներում կենդանիների մասնակցությամբ կրկեսներն արգելված են, կենդանաբանական այգիներն արգելված են: Մենք էլ պետք է արգելենք մասնավոր զվարճանքի վայրում վանդակներում կենդանի պահելը: Մեր նախարարությունն ուղղակի պատրաստ չէ համախմբել ու համակարգել բոլոր այդ խնդիրները, քանի որ այդ ռեսուրսները չունեն, իսկ հասարակական կազմակերպություններն էլ ի վիճակի չեն: Այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք մի օրենք, որը խստիվ արգելում է նման վայրերում կենդանիներ պահելը: Եթե պիտի ունենանք, ուրեմն մեր ուժերը պիտի մղենք ունենալու լավ, նորմալ, պատշաճ կենդանաբանական այգի»:

Ինչ վերաբերում է կենդանիների համար նախատեսված վերականգնողական կենտրոններին, որոնք կենդանիներին կօգնեն ֆոնդի գումարների հաշվին, տիկին Ադամյանի խոսքով՝ դրանք ավելի շատ վիրավոր կենդանիների համար պիտի նախատեսված լինեն. «Եթե ինչ-որ մեկը գտնում է վիրավորված կենդանի, հանձնի այնտեղ: Թէ չէ այսօր այդ նույն մարդուց կենդանին վերցնում են տանում վերականգնողական կենտրոն, վաղը նա մեկ ուրիշ կենդանի կբերի ու կնստեցնի այդ նույն վանդակի մեջ, քանի որ օրենքը թույլ է տալիս ունենալ անազատության մեջ գտնվող կենդանի: Այսինքն` խնդիրը հիմնարար է պետք լուծել»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Սիրելի Առավոտ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ փրկելու այդ երկու խեղճ ձագուկներին մարդկանցից: Թէ չե նյութը կարդում ես ու հետո մտածում, թե հետո ինչ եղավ նրանց հետ: Մեղք են շատ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31