Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի դեմփինգը

Հուլիս 03,2017 13:00

Կառավարությունը վերականգնում է այն «ատրիբուտիկան»,
որից հրաժարվում էր մեկ տարի առաջ

Հունիսի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: Կառավարության որոշման հիմնավորման համաձայն, նոր հիմնադրամը ստեղծվում է զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Նաեւ նշված է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2017 թվականի հունիսի 13-ին որոշել է չզբաղվել զբոսաշրջությամբ: Թե կառավարության, թե Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը Կարեն Կարապետյանն է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ունի 14 անդամ, որից յոթը՝ նախարար եւ նախագահի ներկայացուցիչ: Հիմնադրամում հարց լուծողը ՀՀ կառավարությունն է: Պակաս հետաքրքիր չէ այլ փաստ. հունիսի 22-ին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «զբոսաշրջային հրաժարականից» մեկ շաբաթ անց, Ազգային ժողովը ընդունել է ՀՀ կառավարության «2017-2022 թվականների երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը», որտեղ զբոսաշրջությանը անդրադարձ կա, բայց խոսք չկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին: Անցած տարի սեպտեմբերին վարչապետ դարձած Կարեն Կարապետյանը սկսեց խոշորացում-օպտիմալացում-կրճատումներով: Ծրագրերի իրականացման գրասենյակներ՝ ԾԻԳ ու պետական ոչ առեւտրային կազմակերպություններ՝ ՊՈԱԿ, միավորվեցին: Օրինակ 2016-ի հոկտեմբերին Կարեն Կարապետյանը քաղաքաշինության կոմիտեի ՊՈԱԿ-ների կրճատման մասին խոսելիս ասաց. «Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք: Կտրուկ նվազեցում է պետք ծախսերի»: Իսկ 2017-ի մայիսին խոսելով քաղաքային դպրոցների օպտիմալացման մասին ասաց. «Անհրաժեշտ են կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ թե՝ հանրակրթական, թե՝ միջին մասնագիտական, թե՝ բուհական համակարգերում»: Անցած մեկ տարում Կարեն Կարապետյանը տարբեր առիթներով հայտարարել է. «Ակնկալում ենք կտրուկ, դմփոց ռեֆորմ»:

Եվ ահա սրանից հետո Կարեն Կարապետյանը, պատկերավոր ասած, «դեմփինգային» (չշփոթել դմփոցի հետ-խմբ.) քաղաքականություն է վարում: Դեմփինգը (անգլերեն՝ dumping) տնտեսական-շուկայական քայլ է: Շուկայում ապրանքը վաճառում ես շատ ցածր գնով, շուկայից դուրս մղում նույն ապրանքից վաճառող այլ ընկերությունների, գրավում շուկան, հետո քիչ-քիչ բարձրացնում գինը: Սա այնքան էլ ազնիվ քայլ չէ ու կան երկրներ, որտեղ հակադեմփինգային տուրքեր են սահմանված: Անցած մեկ տարում Կարեն Կարապետյանը կրճատեց իրենց առաջ՝ առանց իրեն ստեղծված ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը, բոլորին դուրս մղեց «շուկայից» ու հիմա իր սրտով կառույցներ է ստեղծում՝ իր ուզած «գինը» սահմանում: «Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրելու, ծախսերը կտրուկ նվազեցնելու» կողմակից կառավարությունը կարող էր Հայաստանի զարգացման հիմնադրամում նոր հաստիք բացել՝ զբոսաշրջության զարգացման ծրագրերի պատասխանատու (համակարգող, ղեկավար): Կարեւորը գործ արվի: Դրա փոխարեն ստեղծվում է նոր հիմնադրամ, բոլոր «ատրիբուտիկայով»՝ տնօրեն եւ այլն: Ու սա առնվազն չի բերելու ծախսերի կտրուկ կրճատման:

Ըստ կառավարության որոշման Հայաստանի զարգացման հիմնադրամի գումարներից 30 միլիոն կփոխանցվի նոր ստեղծվող Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: Դա այս տարի: Հաջորդ տարվա մասին՝ դեռ խոսք չկա: Դեռեւս 2016 թվականի մայիսին, երբ Կարեն Կարապետյանը դեռ ՀՀ վարչապետ չէր «Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ» հրապարակմամբ առաջարկել ենք կրճատել պետական իրար կրկնող կառույցները: Օրինակ. կրթության եւ գիտության հսկա նախարարության կողքին 2007 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Գիտության պետական կոմիտե, ՀՀ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության հսկա աշխատակազմերի կողքին 2007-ին ստեղծվեց Հատուկ քննչական ծառայությունը, իսկ 2014-ին` քննչական ծառայությունը եւ այլն: Այստեղ շարժ չկա: Շատ-շատերն առաջարկել են պետական ծախսերը կրճատելու նպատակով կրճատել պետական ծառայողական ավտոմեքենաների քանակը: Այստեղ էլ շարժ չկա: Հյուսիսից եկած վարչապետի կառավարությունն առաջնորդվում է «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոս Երվանդի տրամաբանությամբ. «Քեզի հակառակ պիտի երթամ»՝ «ձեզի հակառակ ծառայողական մեքենաների քանակը եւ իրար կրկնող պետական կառույցները չենք կրճատելու»: Այսպես շարունակելու դեպքում կառավարությունը կարող է տասնյակներով հիմնադրամներ ստեղծել. արդյունաբերության զարգացման հիմնադրամ, առեւտրի զարգացման հիմնադրամ, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, պարենային ապրանքների արտադրության զարգացման հիմնադրամ, ոչ պարենային ապրանքների արտադրության զարգացման հիմնադրամ, բնական հյութերի արտադրության զարգացման հիմնադրամ, գազավորված հյութերի արտադրության զարգացման հիմնադրամ, զարգացման հիմնադրամների զարգացման հիմնադրամ եւ այլն: Արդյունքում կդառնանք աշխարհում առաջին երկիրը զարգացման հիմնադրամների քանակով, որտեղ սակայն երկու բան են զարգանում կոռուպցիան եւ արտագաղթը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

01.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31