Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կիթառահարը ֆրանսիական TV-ի «դեսանտ է իջեցրել» Արցախում

Հուլիս 06,2017 13:30

Գերմանաբնակ կիթառահար Ժորա Սարգսյանը շարունակում է
երեւանյան միջազգային կիթառի փառատոնը

Գերմանաբնակ կիթառահար Ժորա Սարգսյանը, որը հանդիսանում է Գերմանիայում Վուպպերտալլի միջազգային կիթառի ասոցիացիայի փոխնախագահ, Ասիայի կիթառի ֆոնդի հիմնադիր հանձնաժողովի անդամ, Հայաստանի եւ Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, աշխարհի 23 երկրների կիթառի ասոցիացիաների անդամ, երրորդ անգամ Երեւանում անցկացնում է միջազգային կիթառի փառատոն: Հայ երաժիշտը փառատոնի առիթով Երեւան է հրավիրել ֆրանսիացի կիթառահար Ագուստին Պեսնոնին եւ ռուս կիթառահարներ, ամուսիններ Վլադիմիր Կիրասիրովին ու Եվգենիա Մարկովային:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացած փառատոնային օրերին, որը մեկնարկել է հունիսի 29-ին, հայ հանդիսատեսը ծանոթացավ կիթառահարների արվեստին: Եզրափակիչ ակորդը կհնչի հուլիսի 9-ին, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:
Ժորա Սարգսյանին «Առավոտը» ներկայացրել է 14.05.2015թ.: Հիշեցնենք, որ «Լոնդոնի դասական կիթառի» ամսագրի ներկայացմամբ՝ հայ երաժիշտը վիրտուոզ դասական կիթառահար է ու հանդիսանում է եկող սերնդի ամենահեռանկարային կիթառահարներից մեկը:

Եվգենիա Մարկովան ու Վլադիմիր Կիրասիրովը

Մեզ հետ զրույցում Ժորա Սարգսյանը այսպես հակիրճ ներկայացրեց առաջին անգամ Երեւան այցելած Ագուստին Պեսնոնին եւ Վլադիմիր Կիրասիրովին. «Ագուստինը 2014-ին ստեղծել է մինչ օրս գործող Փարիզի կիթառի հիմնադրամը, որը ներգրավված է աշխարհում մարդասիրական ծրագրի զարգացման մեջ եւ ունի լայն ճանաչում: Ֆրանսիացին հայտնի է նաեւ որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր: Վլադիմիրը 2013թ. Նիդեռլանդներում հիմնել է եւ մինչ օրս ղեկավարում է միջազգային կամերային նվագախումբ եւ իր տիկնոջ՝ Եվգենիայի հետ 2010թ. ստեղծել են դուետ»: Իսկ Եվգենիա Մարկովային, որը բարձրակարգ դոմրահար եւ մանդոլինահար է, մեր հանդիսատեսը կմտաբերի շուրջ 5 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի ժողգործիքների պետական նվագախմբի երեւանյան համերգից:

«Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացրի վարպետության դաս՝ Սայաթ-Նովայի, Միրզոյանի անվան դպրոցների, Բաբաջանյանի քոլեջի, Երեւանի կոնսերվատորիայի եւ Գյումրու մասնաճյուղի կիթառահարների հետ: Հիանալի սերունդ ունեք, որը շատ նպատակասլաց է, ինչպես նաեւ հանդիսատես, որի մասին լսել եմ ոչ միայն Ժորայից: Ափսոս, որ Երեւանում շատ չէ ինֆորմացիան դասական կիթառի մասին ընդհանրապես: Ի դեպ, մեկնել էինք Ղարաբաղ: Գանձասարում Ֆրանսիայի Մեցցո TV-ի ստեղծագործական խումբը նկարահանեց տեսահոլովակ՝ համերկրացուս՝ կոմպոզիտոր Մաթիաս Դուպպլեսի մի ստեղծագործությունը
Ժորայի մեկնաբանմամբ»,- ասաց Ագուստին Պեսնոնը: Ժպտալով էլ հավելեց, թե Ժորան է ձգձգել նկարահանման աշխատանքները, որպեսզի հենց Ղարաբաղում նկարահանվեր այն: «Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ հզոր ստեղծագործությանը ու դրա կատարմանը «միացավ» նաեւ Ղարաբաղի բնությունը»,- նշեց ֆրանսիացի կիթառահարը:
«Հայերիդ ժողովրդական նվագարանին՝ դուդուկին, ինչպես աշխարհը, ես էլ եմ քաջածանոթ: Բայց առաջին անգամ պետք է հանդես գամ այդ գործիքի հետ՝ մեկնաբանելով Կոմիտաս: Իսկ փառատոնի փակմանը ինձ եւ տիկնոջս կընկերակցեն նաեւ հայկական զուռնան ու դհոլը: Ժորան էլ հանդես կգա ջազ պիանո տրիոյի հետ… Էլի անակնկալներ կան»,- հայտնեց Վլադիմիր Կիրասիրովը:

Ագուստին Պեսնոնը

Եվգենիա Մարկովան էլ նշեց, որ ամուսինը հուլիսի 6-ին AGBU-ի դահլիճում կվարի վարպետության դաս եւ առանձնացրեց Չայկովսկու դպրոցում կայացած վարպետության դասերին այդ դպրոցի՝ Ժորա Սարգսյանի աշակերտներին: Հետաքրքրությանը՝ գերմանաբնակ երաժիշտը ինչպե՞ս է դասավանդում Երեւանում, Ժորա Սարգսյանը պատասխանեց. «Արդեն 2 տարի է՝ ինչ դասավանդում եմ: Այդ ընթացքում հաճախ եմ լինում Երեւանում, նաեւ պարապմունքներս աշակերտներիս հետ վարում եմ սկայպի միջոցով: Այս տարի Թբիլիսիում կայացած միջազգային մրցույթին աշակերտներիցս երեքը արժանացան առաջին մրցանակի, նրանց թվում մեկը՝ նաեւ Գրան պրիի»:
Ի՞նչ անել, որ հայ կոմպոզիտորներն էլ «շրջվեն» դեպի կիթառը, Ժորան ընդամենն ասաց. «Շուտով կլսենք Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Արամ Սաթյանի կիթառի համար գրված ստեղծագործությունները»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ժորա Սարգսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31