Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ»

Հուլիս 06,2017 15:00

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր կատարել` «Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ»:

Մի օգտատեր էլ հաշվարկել էր ու պարզել, որ Ջերմուկում հանգստանալու համար իր ընտանեկան բյուջեից կպահանջվի 2016 դոլար: Այս գումարը պետք է վճարեին Ջերմուկում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգստի համար: Նույն օգտատերը, սակայն, ներկայացրել էր արտերկրում հանգստանալու տարբերակ` Հունաստանում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգիստն արժե (ավիատոմսը ներառյալ) 2500 դոլար։
Տուրիզմի ամեն սեզոնին այս խնդիրը մեր երկրում առաջանում է: Եվ շատ դեպքերում նախապատվությունը տրվում է օտարերկրյա հանգստավայրերին, որոնք շատ ավելի մատչելի հանգիստ են առաջարկում, քան Դիլիջանի, Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի, Ստեփանավանի եւ այլ տեղական հանգստավայրերի հյուրանոցներն ու հանգստյան տները, հետեւաբար մեր երկրից գումարները հոսում են օտարերկրյա հանգստավայրեր:
Չնայած նրան, որ տուրիզմի ոլորտի պատասխանատուները պնդում են, կարելի է ասել՝ կոկորդ են պատռում, որ մեր հանգստյան տների, հյուրանոցների գները ոչնչով չեն տարբերվում միջազգային շուկայում գործող գներից, դեռ մի բան էլ մատչելի են, այդուհանդերձ՝ Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է: Սրա պարզ ապացույցն այն է, որ Հայաստանից բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստը ամռանը ու նաեւ արդեն ձմռանը` Ամանորին, անցկացնել Վրաստանում: Քիչ ավելի բարձր եկամուտներ ունեցողներն էլ` Եգիպտոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, անգամ Թուրքիայում, քանի որ ոնց գումարում-հանում են, այնտեղ գներն ավելի մատչելի են ստացվում` դրան էլ գումարած ծովի, խոնավ կլիմայի ու էժան «շոփինգ» անելու հնարավորությունը:

Եվ որքան էլ կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակում, գումարներ ծախսում, տուրիզմի ռազմավարություն մշակում` ծրագրելով 2030 թվականին Հայաստան բերել 3 միլիոն զբոսաշրջիկի, միեւնույն է, ինչպես պնդում են տուրօպերատորները, զբոսաշրջությունը մեր երկրում շատ դանդաղ տեմպերով է առաջ գնում:

Այս սեզոնին էլ, ի տարբերություն հայրենական հանգստավայրերի, օտարերկրյա տուրօպերատորները մեկը մյուսից մատչելի ու հարմարավետ տուրփաթեթներ են առաջարկում: Բուլղարիա են հրավիրում 14 օրը 300 հազար դրամով` ներառյալ ավիատոմս Երեւանից, ընդունում ճանապարհում օդանավակայանից ու հյուրանոցից, նախաճաշ եւ այլն: Այս գումարով 5-6 օր կհանգստանաս Ջերմուկի կամ Ծաղկաձորի բարձրակարգ համարվող հանգստյան տանը:

Եգիպտոսի տուրփաթեթները նույնպես թանկ չեն. 650-750 դոլարը կբավականացնի, որպեսզի 8-10-օրյա հանգիստ կազմակերպես այս երկրում: Սոցցանցերն ու համացանցը հեղեղված են նաեւ Հունաստանին վերաբերող տուրփաթեթներով. եթե Սեւանի ափին փոքր-ինչ բարձրակարգ հանգիստ կազմակերպելու համար պետք է վճարել մեկ անձը 40-50 հազար դրամ, ապա Հունաստանի տուրօպերատորները երկու անձի համար շահավետ փաթեթներ են մշակել, որի մեջ մտնում է մեկնումը Երեւանից, նախաճաշը, 10-օրյա հյուրանոցային հանգիստը, դրան գումարած մի քանի շրջագայություն երկրի մի քանի քաղաքներով` ընդամենը 1500 դոլարով: Այսինքն` ստացվում է, որ Սեւանում 10 օր հանգստանալու համար մեկ անձը պետք է վճարի 400-500 հազար դրամ` գրեթե 800-1000 դոլար, Հունաստանում երկու անձի համար` 1500 դոլար կամ 720 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ օր Հայաստանում արժանավայել հանգստանալու համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է ծախսի իր մեկ ամսվա աշխատավարձը:
Փոխարենը մեր երկրի նվազագույն` 55 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին Վրաստանում այդ գումարով կարող է հանգստանալ 7 օր` ոչ այնքան բարձրակարգ պայմաններում:

Իտալիայի ուղղությամբ էլ «հարմարավետ» տուրփաթեթներ են առաջարկվում` մեկ անձը 7 օրվա համար 650-750 եվրոյին համարժեք դրամ, որի մեջ ներառված են ավիատոմսը, հյուրանոցը եւ մի շարք այլ ծառայություններ:

Տուրփաթեթների շուկան ուսումնասիրելիս այս տարի ավելի քիչ առաջարկներ նկատեցինք Անթալիայի ուղղությամբ: Առավել գերակշռող ուղղություններն էին Եգիպտոսը, Վրաստանը, Իտալիան, Իսպանիան, Թաիլանդը, Բուլղարիան, Հորդանանը, Իսրայելը, Խորվաթիան:

Դեպի Իսրայել առաջարկները նույնպես գնային առումով նվազել են. եթե նախորդ տարիներին 1000-1100 դոլար էր 8-օրյա տուրփաթեթը, ապա ներկայումս Իսրայելի տուրօպերատորները ավելի ճկուն փաթեթներ են մշակել` մեկշաբաթյա հանգստի համար 200-300 դոլարով պակասեցնելով փաթեթի արժեքը: Զույգով մեկնելու դեպքում ավելի մեծ զեղչեր են գործում:

Ի դեպ, վերոնշյալ այս բոլոր երկրներ, բացառությամբ Վրաստանի, հարեւան պետությունից` Վրաստանից, մեկնելու դեպքում փաթեթի արժեքը 100-200 եվրոյով մատչելի է ստացվում:

Սեզոնով պայմանավորված՝ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ նույնպես բավականին մատչելի տուրփաթեթներ հանդիպեցինք: Ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ԱՄԷ-ում բարձր ջերմաստիճանի պատճառով տուրփաթեթների գները կտրուկ անկում են ապրում: Ամռանը Դուբայ, Շարժա գնալու համար տուրընկերությունները փաթեթներ էին առաջարկում 8-10 օրը 500-600 դոլարով:

Այս ամենը հյուրանոցային ծառայությունների գներն են. հյուրատներ կամ տներ վարձելու պարագայում արտասահմանյան հանգիստը նշված գումարներից ավելի մատչելի է ստացվում` հատկապես, որ մի քանի ամիս առաջ ես ամրագրում ավիատոմսն ու հյուրատունը, ինչին հաճախ դիմում են մեր հայրենակիցները: Այս տարբերակն ավելի շատ գործում է Վրաստանում, եվրոպական շատ երկրներում:
Հայաստանում ավելի ցածր կարգի հանգստի օբյեկտներն էլ առանձնապես մատչելի չեն, առաջարկում են նշվածի կես գինը, որտեղ միայն նախաճաշն է, ծառայություններն էլ սահմանափակ են:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Այս հրապարակմամբ նպատակ չունենք գովազդելու արտերկրի հանգստավայրերը, պարզապես ամեն անգամ, երբ տուրիզմի ոլորտի պատասխանատուներին հարց ենք ուղղում մեր երկրի եւ արտերկրի հանգստավայրերի միջեւ գնային տարբերությունների մասին, նրանք մշտապես պնդում են, որ մեզ մոտ գները բարձր չեն: Իսկ թե ինչո՞ւ են մեր հայրենակիցները գերադասում հարյուր հազար դրամներ խնայելով հանգստանալ այլ՝ այդ թվում եւ մեր հարեւան երկրում` տուրիզմի ոլորտի պատասխանատուները բացատրություն չեն ունենում:

 

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Հեղինակը տուրիստական գործակալության մակարդակով իրազեկված է արտասահմանյան հանգստավայրերի գներից, ինչը մտածելու տեղիք է տալիս: Չի կարելի իրականությանը չհամապատասխանող նյութեր հրապարակել, օգտվելով անպատժելիության սկզբունքից: Ծաղկաձորում 10-օրյա հանգիստը երկու հոգու համար սկսվում է 140000 դրամից 3-անգամյա սնունդով և 100000 դրամ միայն նախաճաշով: Սենյակների հարմարավետությունը չի զիջում թվարկված <> հանգստավայրերին, իսկ առանձին դեպքերում գերազանցում է: Խորհուրդ կտամ թյուրիմածության մեջ չգցել մարդկանց պատվիրված հոդվածներով, իսկ խմբագրությանը, պարբերականի հեղինակությանը չվնասելու համար, ուսումնասիրել թեման այնուհետև հրապարակել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31