Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաեւ տոկոս ստանամ»

Հուլիս 06,2017 16:00

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Փաշինյանի ասածների մեջ ճշմարտություն է տեսնում, բայց համաձայն չէ, որ Սփյուռքն էլ չի վստահում մեր իշխանություններին:

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ապրիլյան պատերազմից հետո առաջնագիծը կահավորելու մասին, ասաց. «Ինչո՞վ է կահավորվել՝ մարդկանց նվիրատվություններով: Այդ նվիրատվությունների 90 տոկոսն արվել է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների աշխատավարձերը պահելով: Հատուկ հաշվեհամարին մոտ 5 մլրդ-ի նվիրատվություն է արվել, չնչին տոկոսն է էդ 5 մլրդ-ից արել Սփյուռքը՝ չնչին տոկոսը, սա նշանակում է, որ այս իշխանությունը սպառել է իր վստահությունը: Բա ի՞նչ պիտի ասեք՝ վստահության քվե ենք ստացել, մի հատ էլ բացահայտեք էդ վստահության գինը, քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել էդ վստահության քվեն ստանալու համար»:

«Առավոտը» այս առնչությամբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեց՝ ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ Սփյուռքը էլ մեզ չի ցանկանում օգնել, Ղարաբաղին էլ օգնություն չի ուղարկում, սա չի՞ խոսում իշխանությունների հանդեպ անվստահության մասին: Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ես այլ կերպ դա կմեկնաբանեի: Իհարկե, այն հիմնադրամը, որ ստեղծվել էր, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար ճշմարտություն: Բայց մենք ունենք նաեւ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայրենակիցներ, որոնք այդ գումարները ուղղակի են տալիս, տանում եւ դարձնում են նյութական արժեք: Այդ դեպքում ամբողջ սահմանի վերազինումը միայն այդ հիմնադրամի միջոցով չէ, որ արվել է, շատ ու շատ մարդիկ իրենք կոնկրետ ներդրում են կատարում այն ոլորտում, որտեղ կարիք կա: Ռազմարդյունաբերական ոլորտում են արվում, չի հայտարարվում, բայց բոլորն անում են»:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ «Ապրիլյան պատերազմի օրերը հակառակն ապացուցեցին՝ հայ ժողովուրդը Արցախն իրենը համարեց, ես ցնցված էի: Ես չէի պատկերացնում, որ իրենք կարող են այդքան Արցախով ապրել, եւ այսօր իրենց գործունեության առանցքը առաջին հերթին Արցախն է: Ի վերջո, Արցախ երբ մտնում եք, Ստեփանակերտ մտնում, հիանում եք, դա նաեւ Սփյուռքի ներդրումն է, բա ո՞ւմ ներդրումներն են, հետո՞ ինչ, որ հիմնադրամով չեն անում»:

Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետեւ ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում:
Մենք նախարարից հետաքրքրվեցինք՝ ձեր ներկայացրած հայտարարագրում տեսնում ենք, որ բավականին մեծ գումար ունեք՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չեք կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումար ունենալով: Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաեւ տոկոս ստանամ: Ես ավանդ եմ դրել եւ ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով եւս 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սեւակ փողոցի վրա: Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղից եմ ձեռք բերել»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31