Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանից վտանգի եւ Սերժ Սարգսյանի քայլի մասին՝ ինչպես նստեց Կարեն Կարապետյանի տեղում (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 16:03

2016-ին տեղի ունեցավ կառավարության փոփոխություն եւ այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծեց, թե ինչու հեռացավ Հովիկ Աբրահամյանը եւ ինչը չներվեց նրան. «Կարելի է ասել, տնտեսական ցուցանիշները վատն էին: Իրոք, վատն էին, բայց փորձը ցույց է տվել, որ եթե անհրաժեշտ է հիմնավորել, որ հենց այդքան էլ վատ պետք է լինեին, մենք առնվազն մի քանի տարի ունեցել ենք, որ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում կառավարություններին, վարչապետներին ոչ մի բան չի սպառել, կարողացել են պաշտոնավարել: Ուրիշ բան եթե չլիներ, կասեին՝ դե, պատերազմ է եղել, դրա համար էլ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը վատ ցուցանիշներ է արձանագրել: Ուզում եմ հասկանալ՝ հուլիսյան դեպքերից էդ ի՞նչն է, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: 2017-ին ՊՊԾ գնդի իրադարձությունները, օրինակ, ներվեցին ԱԱԾ պետ Կուտոյանին: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց, ուրեմն ի՞նչը եւ ինչո՞ւ»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ամենակարեւոր պատճառներից մեկը այն էր, որ Հայաստանը այդ ժամանակներից թեւակոխում էր տրանսֆորմացիայի մի շրջան, եւ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի հնաբնակներից լինելով, կարող էր իր շուրջը ՀՀԿ-ի որոշակի կոնսոլիդացիա ապահովել՝ որոշակիորեն խառնելով Սերժ Սարգսյանի պլանները. «Պատճառներից մեկը, եթե ոչ ամենակարեւոր պատճառը սա էր՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության հեռացման: Իսկ թե ինչու Կարեն Կարապետյանը նշանակվեց, գործոններից մեկն այն է, որ նա ՀՀԿ-ում հնաբնակ չէ եւ մեծ պոտենցիալ չունի ՀՀԿ-ում եւ իշխանության ներսում՝ իր շուրջ կոնսոլիդացիա ապահովելու: Եվ պատճառներից մեկը սա էր, որ Սերժ Սարգսյանին մղեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանում խոստովանեց՝ ինքը չի մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, որոնք խնդրում են Սերժ Սարգսյանին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը եւ ինքը պատրաստ է լինել վարչապետ 2018-ին. «Այդ հայտարարությունը բավականին հետաքրքիր էր եւ ներքաղաքական իրավիճակը փոխելու որոշակի պոտենցիալ իր մեջ պարունակում է»:

Ըստ Փաշինյանի, հենց սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը կառավարության նիստին մասնակցեց, ըստ էության բան չասաց, բայց վիզուալ պատկերը սա էր՝ նա նստեց այն տեղում, որտեղ նստում են սովորաբար վարչապետները, իսկ գործող վարչապետը նստել էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են նախարարները:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախարարները, հարցազրույցներ տալիս, անընդհատ ասում են՝ ՀՀ նախագահի հանձնարարականով սա արեցինք, նա արեցինք ու տպավորություն է, որ իրենք Կարեն Կարապետյանից ընդհանրապես հանձնարարություն չեն ստանում:

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կարծես աջակցություն հայտնեց գործող վարչապետին՝ պաշտոնապես հայտարարելով. «Ելքը» չի մտնում այն մարդկանց եւ այն ցուցակի մեջ, որոնք Սերժ Սարգսյանին համոզում են վարչապետի պաշտոնը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31