Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան դաշինք»-ը չմիացավ Նիկոլ Փաշինյանի առաջարկին (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 10:51

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, թե 2020-ին ՀՀ-ն 500 միլիոն դոլար եվրապարտատոմսերի պարտքի մարում է ունենալու, 249 միլիոն այլ պարտավորությունների գծով արտաքին պարտքի մարում:

Նախարարը, ներկայացնելով 2016-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, տեղեկացրեց, որ պետական սպառումը և պետական ներդրումները 2016-ին աճ են արձանագրել, և դա ճիշտ քաղաքականություն է, քանի որ դրանով նպաստել են ամբողջական պահանջարկի աճին:

Դառնալով այն հարցին, թե ընդհանրապես պատերազմն ինչ ազդեցություն է ունենում երկրների տնտեսությունների վրա, պարոն Արամյանն ասաց. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ պատերազմը դրական է ազդում հիմնականում ֆինանսավորող տնտեսությունների վրա, իսկ պատերազմող, ֆինանսավորում ընդունող երկրի վրա բացասաբար է ազդում»:

Ելույթի ավարտին Վարդան Արամյանը վստահեցրեց, թե բյուջեի մասով 2016-ին ամբողջությամբ կատարել են ծրագիրը, դեռ մի փոքր էլ գերակատարել և ՊՆ ոլորտին ուղղել 226 միլիարդ դրամի ֆինանսավորում:

Մինչ հաշվետվության քվեարկությունը՝ վարման կարգով ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, թե իրենք «դեմ» են, և կարծում է՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ներկա ձայները բավարար չեն, որ կատարողականը հաստատվի. «Մենք դեմ ենք և առաջարկում ենք, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, որ որով «դեմ»-ը դե յուրե կհաստատվի և հաշվետվությունը չի հաստատվի: Այս պահին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների թիվը բավարար չէ, որ նրանց քվեարկությամբ հաշվետվությունն անցնի»:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարեց, թե իրենք թեև «դեմ» են, բայց չքվեարկելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Հաշվետվությունը ձայների՝ 53 «կողմ», 22 «դեմ», 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց: Պարոն Փաշինյանն արձանագրեց, որ իրենց հաշվարկը ճիշտ էր, և եթե ընդդիմությունը չքվեարկեր, կատարողականը չէր անցի, քանի որ 53 «կողմը» բավարար չէր լինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31