Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինի՞ չխոսեք, թողնեք առաջ անցնենք». թեժ բանավեճ «Սասնա ծռերի» գործով դատավորի եւ պաշտպանի միջեւ (Տեսանյութ)

Հուլիս 12,2017 14:11

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով  դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները շարունակեցին ներկայացնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի հիմքերը: Պաշտպանները շարունակեցին պնդել, որ նիստերի դահլիճում չպետք է ներկա լինի ամբաստանյալներին խոշտանգած ոստիկան, փոխգնդապետ Ղազարյանը: Բացի այդ, դատավորը պետք է վերականգնի ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի դահլիճում ներկա գտնվելու իրավունքը:

Դատավորը վրդովվեց, որ պաշտպանները շարունակում են նույն բանը պնդել, սակայն վերջիններս ասացին, որ այդ հարցերն են ընկած դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմքում:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պաշտպաններից Լուսինե Սահակյանին չթույլատրեց խոսքը շարունակել, ինչից հետո Սահակյանը հայտարարեց. «Դուք ինձ մի ասեք՝ կարճ խոսեմ, թե երկար, կլինի՞ չխոսեք, թողնեք առաջ անցնենք, դուք չքննարկեցիք մեր ներկայացրած հարցերը: Բացի այդ, այս գործով անցնող Վալերի Օսիպյանը դրսում ծառայություն է իրականացնում, կանգնում փաստաբանների կողքին այն ժամանակ, երբ մենք ինչ-որ բան ենք քննարկում եւ չի հեռանում»:

Պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը եւս նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարող արդար դատաքննություն իրականացնել. «Ձեր նախագահության օրոք արտառոց դեպք տեղի ունեցավ, երբ ամբաստանյալներին ոստիկանները ծեծեցին դատարանում: Այդ դեպքը 40 տարով հետ գցեց Հայաստանին»:

Նիստի ընթացքում դատավորը նկատեց, որ ամբաստանյալներից Էդուարդ Գրիգորյանի ձեռքին նրա պաշտպան Լուսինե Սահակյանի հեռախոսն է եւ նրան արգելեց օգտվել դրանից: Լուսինե Սահակյանը ակնարկեց, որ հիմա դարն առաջ է շարժվել, նոթատետրի փոխարեն հեռախոսով են աշխատում եւ դատավորը նման արգելանք դնելու իրավունք չունի:

Դատավորը երրորդ անգամ ընդմիջում հայտարարեց՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31