Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը վարչական դատարան ներկայացուցիչ չէր ուղարկել

Հուլիս 15,2017 14:00

Վարչական դատարանում հունիսին լսվեցին մի շարք հետաքրքիր գործեր՝
կապված նախարարությունների գործողությունների հետ

Առավել ուշագրավներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարության դեմ գործով Գրիգոր Բալայանի հայցն էր: Պատասխանող նախարարությունը խնդրել էր գործի քննությունը լսել իր բացակայությամբ, առանց իր առարկությունների:
Հունիսի 21-ին վերաքննիչ վարչական դատարանը ստորադաս դատարանի վճիռը բեկանել է եւ մասնակի փոփոխել:

Հայցվոր Գ. Բալայանը հայտնել էր, որ 2005 թվականին ընդունվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բուժական ֆակուլտետ։ Երկրորդ կուրսից իր ցանկությամբ նախարարության հետ 2007 թվականին կնքել է պայմանագիր՝ ՀՀ ՊՆ եւ արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ հետագա զինվորական ծառայության անցնելու մասին։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

2014 թվականին Գ. Բալայանը դիմում է գրել` փոխհատուցման ենթակա ուսման ծախսերը վճարելու պայմանով իրեն ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու խնդրանքով: Նա դիմել էր անձնական հանգամանքներից ելնելով: ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպես փոխհատուցման ենթակա գումար, պահանջել է 5.991.362 ՀՀ դրամ։ Կատարվել են հաշվարկներ: Հաշվարկված գումարն ամբողջությամբ վճարվել է 2014թ. հոկտեմբերի 27 -ին: Այդ ժամանակից էլ հայցվորը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր։

Սակայն հայցվորը տեղեկացել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պահանջել է 1.765.500 ՀՀ դրամ` որպես ռազմաբժշկական ֆակուլտետում ուսման տարիների ընթացքում կատարված ծախս:

Խոսք է գնացել նաեւ հանդերձանքի համար գանձված գումարի, ինտերնատուրայում ուսանելու ընթացքում հաշվարկված գումարների մասին: Հայցադիմումի համաձայն. «Ինտերնատուրայում հաշվարկված դրամական բավարարումը գանձվել է կրկնակի` 2.558.605 ՀՀ դրամ, մինչդեռ կրկնակին գանձելու իրավասություն պետական մարմինը չուներ հետեւյալ պատճառաբանությամբ, պետական մարմինը կրկնակին գանձելու հիմքում դրել է իր արձակման պահին գործող օրենսդրությունը, մինչդեռ կողմերի միջեւ պայմանագիրը կնքվել է 2007 թվականին եւ իրենց միջեւ այդ պայմանագրից բխող բոլոր հարաբերությունները պետք է կարգավորվեին պայմանագրի կնքման պահին գործող օրենսդրությանը համապատասխան, որպիսի պարագայում ինտերնատուրայում ուսանելու ընթացքում հաշվարկված դրամական բավարարումը չպետք է հաշվարկվեր եւ գանձվեր կրկնակի չափով»։

Համաձայն «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 18.11.2009 թվականի թիվ ՀՕ-214-Ն օրենքի լրացված տարբերակի` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողները ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ռազմաուսումնական հաստատության կամ ակադեմիական կրթության ավարտից հետո` առաջին 3 տարվա ընթացքում, զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով։

Հայցվորը դիմել է Երեւանի պետական բժշկական համալսարան եւ ՀՀ պաշտպանության նախարարություն` խնդրել իրեն տրամադրել կատարված հաշվարկների հիմքերը եւ հիմնավորումները, կատարել վերահաշվարկ, սակայն նրան պատասխան չէր տրամադրվել: Մինչդեռ, խոսք էր գնում Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսման տարիների ընթացքում կատարված ծախսերի մասին, այն կազմել էր 1.765.500 դրամ, հանդերձանքը` 606.492 դրամ, ինտերնատուրայում ուսանելու ժամանակահատվածը` 2.558.605 դրամ, ընդհանուր` 4.930.597 դրամի մասին։
Համաձայն 27.10.2014 թվականի վճարման կտրոնի` Գրիգոր Բալայանը վճարել է 5.991.362 ՀՀ դրամ, որպես ուսման ծախսերի փոխհատուցում։ Դատարանի ներքին համոզմամբ, հայցը ենթակա էր մասնակի բավարարման. «Գործի քննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված համարեց, որ ՀՀ ՊՆ եւ արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին 13.02.2007 թվականի պայմանագրի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության` ի դեմս Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ զինծառայող` Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Գ. Բալայանի միջեւ կնքվել է սույն պայմանագիրը, համաձայն որի` Գ. Բալայանը ուսման եւ հետուսումնական զինվորական ծառայության ժամանակաշրջանում համարվում է պարտադիր զինվորական ծառայության զինծառայող։ Դատարանը գալիս է հետեւության, որ հաշվարկի առաջին կետում ներառվել է նաեւ այն ժամանակահատվածը, երբ հայցվորն ուսանել է նշված համալսարանում` պետական պատվերի շրջանակում, հետեւաբար փոխհատուցման գումարը պետք է հաշվարկվեր ռազմաբժշկական ֆակուլտետում ուսանելու ոչ թե վեց տարիների, այլ հինգ տարիների համար, որը կկազմեր ոչ թե 1.765.500 ՀՀ դրամ, այլ 1.471.250 ՀՀ դրամ կամ ավելի է հաշվարկվել 294.250 ՀՀ դրամ»։
Դատարանը այս մասով պատասխանող նախարարության գործողությունը համարել է ոչ իրավաչափ։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31