Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը, փաստաբանն ու իրավապաշտպանը հակադարձում են Դավիթ Շահնազարյանին, թե «Սասնա ծռերի» գործողությունն ահաբեկչություն էր

Հուլիս 20,2017 15:30

«Ինձ համար շատ ցավալի է, որ Դավիթ Շահնազարյանը հենց այդ տեղում այդպիսի գնահատական է տալիս: Ինքը վստահ չի, առավել քան համոզված եմ, որ ինքը գիտի, որ հենց այդ միջոցառման մասնակիցների մի մասը՝ հանձին ոստիկանության, դրանք այն մարդիկ են եղել, որոնք 2008-ի մարտի 1-ին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ դրանց համար պատասխանատվություն չեն կրել: Պատասխանատվություն չկրած անպատիժների հետ մասնակցելով եւ նման գնահատական տալով՝ Շահնազարյանը խրախուսում է այդ անպատժելիությունը, այս հարցին ինքը ո՞նց է պատասխանելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդում զոհված երեք ոստիկանների հիշատակին մոմավառությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին պետ, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էր որակել: Ըստ նրա՝ դատախազությունը սխալ է արել, որ «Սասնա ծռերի» վրա ահաբեկչության հոդված չի դրել:

Սաքունցը զարմացել է, թե ինչու է Դավիթ Շահնազարյանը ասում մի բան, որ իսկի իշխանությունները չեն ուզում ասել. «Մինչ այժմ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ գլխավոր դատախազը՝ նախկին, թե հիմիկվա, ո՛չ ոստիկանապետը, ո՛չ ԱԱԾ պետը, ո՛չ ԱԺ նախկին, ներկա նախագահները, վարչապետը, վերնախավից որեւէ մեկը ոչ մի անգամ հրապարակային դա չեն որակել ահաբեկչություն: Հրապարակային որեւէ մեկնաբանություն չեն տվել: «Սասնա ծռերի» գործողության վերաբերյալ Շարմազանովն է ժամանակ առ ժամանակ արտահայտվում, Աշոտյանը, իշխանության, այսպես կոչված, պրոպագանդայի բաժնի աշխատողներ: Երբ այդ գործառույթը վերցնում են մարդիկ, որոնք առնչություն չունեն ՀՀԿ-ի պրոպագանդայի հետ, դա ոչ միայն անհասկանալի է, նաեւ սիրուն չի, ոնց որ Սերժ Սարգսյանը կասեր»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը նույնպես հակադարձեց Շահնազարյանին: Ըստ նրա՝ դա ահաբեկչություն չի, բայց ապստամբություն հասկացությունն էլ մեր օրենսդրության մեջ գոյություն չունի. «Այդտեղ կար ժողովրդական դժգոհության ալիք, եւ այդ ալիքը դրսեւորվեց հասարակական կարգը խախտող գործողություններով, բայց դա չի կարելի համարել ահաբեկչություն: Ինքս ճանաչում եմ նրանցից ոմանց՝ աշխատանքի բերումով: Եղել են շատ կոռեկտ մարդիկ, եղել են նաեւ ինտելեկտուալ մարդիկ, իրավաբան կա այնտեղ, շատ զարգացած է, ես նրանց ահաբեկիչներ չեմ անվանել եւ երբեք չեմ անվանի»:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ՝ որեւէ կասկած չի կարող լինել, որ «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն գնահատել չի կարելի, եւ դա գիտի խնդրից հասկացող, իրազեկ ցանկացած մարդ. «Դա ապստամբության փորձ էր: Իսկ ապստամբության իրավունքը կամ կեղեքմանը, հարստահարմանը դիմադրելու իրավունքը բնական իրավունք է, եւ անտիկ ժամանակաշրջանից սկսած՝ դեռեւս Պլատոնից, Արիստոտելից սկսած, բոլոր փիլիսոփաները այդ հարցին անդրադարձել են, հիմնավորումները տվել են: Երբ Սահմանադրությունը, որպես բարձրագույն օրենք, չի գործում, եւ քաղաքացիների իրավունքները զանգվածաբար եւ համակարգված կերպով խախտվում են, ապստամբության իրավունքը լեգիտիմություն է ձեռք բերում: Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց գիտենք, որ մեր ժողովուրդը իշխանություն ձեւավորելու հնարավորությունից զրկված է, ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է»:

Մենք ճշտեցինք՝ ուրեմն այլ բան չի մնում, քան զե՞նք վերցնել, Մուշեղ Շուշանյանը պատասխանեց. «Ժողովուրդը փորձել է համապետական ընտրությունների միջոցով իշխանություն փոխել՝ չի ստացվել, որովհետեւ իշխանությունը յուրացրած հանցավոր խումբը, որը հանդես է գալիս որպես հանցավոր համագործակցություն, դա թույլ չի տալիս: Մենք տեսանք, որ Մարտի 1-ին իրենք ուղղակի գնդակահարեցին մարդկանց, կեղծիքներով եւ բռնությամբ իրենք շարունակում են իշխանությունը պահել, այդ իշխանությունն օգտագործում են ժողովրդին կեղեքելու համար, խախտում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը: Այս պայմաններում բնականաբար զինված ապստամբության, զենքով ապստամբելու ցանկացած փորձ իրավաչափ է դառնում, լեգիտիմություն է ձեռք բերում: Այս վարչախուբը լեգիտիմ չի: Լեգիտիմությունից զրկվելով՝ ինքը զրկվել է նաեւ բռնության մենաշնորհից: Այն բոլոր գործողությունները, որ ոստիկանությունը կատարում է եւ ասում է, որ ես իրավունք ունեմ ուժ կիրառելու, դա այդպես չէ: Ոստիկանությունը գործում է որպես զինված հրոսակախումբ»:

Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ Դավիթ Շահնազարյանը թե ինչ կասի, ինչ գնահատականներ կտա, դրանք քաղաքական իրավիճակով պայմանավորված անհիմն գնահատականներ են: Փաստաբանը կարծում է, որ ցանկացած անձ կարող է բռնությանը բռնությամբ պատասխանել, եթե անհամաչափ ուժ են կիրառում իր նկատմամբ. «Այս դեպքում ասում ենք՝ ժողովուրդ ջան, ձեզ սպանում են, ազատազրկում են, թալանում են, ձեր ազգային հարստությունը, ընդերքը անխնա շահագործում են, յուրացնում են, բայց սա է վիճակը, դուք միայն պիտի փորձեք ընտրություններով, իսկ ընտրություններով չի լինի: Մարդը կարող է գալ այդ հետեւության, որ ապստամբության իրավունքը բնական իրավունք է, իսկ Հայաստանի դեպքում միակ ելքն է: Դա անխուսափելի է, ուշ թե շուտ լինելու է: Ինչքան էլ փորձեն իրենք այդ օրը հետաձգել, հասարակության մեջ օրինաչափություններ են գործում, այդ օրինաչափությունները բերելու են դրան ու, ինձ թվում է, շուտ են բերելու»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը քաղաքական ուժերին մեղադրեց, որ չեն կարողանում վարչախումբը փոխել ընտրական գործընթացների միջոցով, ստիպված մարդիկ զենք են վերցնում եւ բռնի ուժով են փորձում իշխանություններին հեռացնել, բռնության դեմ բռնություն են կիրառում: Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ «Չեմ կարող ասել, որ այդ կարծիքը լրիվ հիմնազուրկ է, քաղաքական ուժերի հիմնական անելիքը պետք է լինի երկրում իրավական, քաղաքական մաքրություն ապահովելը: Այդ ամենի մեջ մեղադրել միայն քաղաքական ուժերին՝ ես այդ կարծիքին չեմ, մենք կանտեսենք ժողովրդի գործոնը: Մի բան ակնհայտ է. ժողովուրդը գնում եւ ձայն է տալիս ինչ-որ մեկին: Հետո չպիտի զարմանա, թե ինչու այդպես եղավ, մոռանանք, թե ով է այդ ինչ-որ մեկը: Ժողովուրդը պետք է ճաշակի իր կատարած ընտրության արդյունքը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

19.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յուլիս 2016-ի դէպքը ահաբեկչութիւն չանուանելու ամենաազդու պատճառաբանութիւնը հաւանաբար հետեւեալն ՝ ահաբեկիչները այդ աստիճան ապուշ, շուարած եւ ձախող չեն ըլլար

    կատարուածը արիւնահեղ, խղճալի կրկէս մըն էր

    մի հատ այդ աչքով նայեցէք պատկերներուն…

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. այս գնահատականը աւելի օգտակար է այդ սերսերիներու պաշտպանութեան, քան թէ իրենց երկրպագուներու – եւ իբրեւ թէ «փաստաբանների» – դատարկ պոռչտուքն ու անհեթեթ վայնասունը

  2. Ահաբեկիչները իշխանությունն է և իրեն, միա’յն իրեն ծառայող ոստիկանությունը: Ակնհայտ է, որ անգամ իր ոստիկաններին չխնայեց համակարգը Հերոսներին վարկաբեկելու համար: Ահաբեկիչները 15 հատով (չեմ կարող գրել ,,հոգով,,) ՀԵՐՈՍՆԵՐԻՆ առանձին-առանձին ծեծողներն են: Ակնհայտ է, որ ազնիվ դատավարության դեպքում իշխանությունը, մեղմ ասած, վատ լույսի ներքո կհայտնվի: Դա է պատճառը, որ իշխանական դատավորիկները մոլորված’ ամեն դատի անօրեն քայլերի են գնում: Ախր ո՜նց անեն խեղճերը, որ այդքան կեղտ չելնի ջրի երես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31