Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը բացում է այն փակագծերը, որոնք ՀՀ նախագահը չէր ցանկացել բացել (Տեսանյութ)

Հուլիս 25,2017 14:57

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում բացեց այն փակագծերը, որոնք չէր բացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող հերթական խմբաքանակ զենքի առիթով Հայաստանում հնչած քննադատությանը` Գառնիկ Իսագուլյանն ասաց հայտնի ճշմարտությունը`Ադրբեջանն իր նավթադոլարներով հնարավորություն ուներ տարբեր երկրներից ավելի ժամանակակից ռազմամթերք գնել: Ըստ բանախոսի, երբ այդ ռազմամթերքը Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, ինչի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, բայց քանի որ մենք էլ ՌԴ-ից ենք հիմնականում զենք գնում, կարողանում ենք այդ հարցը բարձրացնելով`առավել հարմար պայմաններով զենք գնել: «Այսինքն, երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք»,-ասաց նա:

«Հայաստանն ունի զինտեխնիկա, որը չունի Ադրբեջանը և ավելի հեռահար է»,-ասում է Գառնիկ Իսագուլյանը`նկատի ունենալով Իսկանդերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենք ունեն «Իսկանդերի հակաթույնը», Գառնիկ Իսագուլյան ասաց. «Այդ հակաթույնը երևի իր ժողովուրդն է, որին պետք է քշեն առաջ, քանի որ Ադրբեջանը դրան սովոր է»:

Մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման խնդրին, բանախոսը հորդորում է ուշադիր կարդալ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Չգիտեմ, ի՞նչ են ցանկանում մեր քաղաքական գործիչներն ավելին, որ ասվի»:

Aravot.am-ի հարցին`ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը քանիցս հայտարարեց Արցախի` բանակցային կողմ լինելու անհրաժեշտության մասին. գործնական քայլեր արվո՞ւմ են, որպեսզի բանակցությունները վերսկսելիս Արցախի կարգավիճակը հստակ լինի, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ 2008 թվականին, երբ բանակցությունները վարում էր Սերժ Սարգսյանը, անընդհատ այդ հարցը բարձրացնում էր: Միաժամանակ նկատում է`ներկայիս վիճակը ձեռնտու է հայկական կողմերին: «Մենք այդ հարցը կարող ենք բարձրացնել ցանկացած պահի՝ ամենախիստ տարբերակով: Եթե ճնշումները մեծ լինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ապա դա տարբերակ է, որ միշտ կարելի է օգտագործել, և ցանկացած պահի Արցախը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի կարող ներկայացնել իր շահը»,-ասաց նա`հիշեցնելով ՀՀ նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31