Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սերունդն առողջ է, հայրենիքը պաշտպանված է

Օգոստոս 03,2017 13:00

Ավարտվեց «Երեւանյան ամառ 2017» ծրագրով Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային ավանդական փառատոնը, եւ գլխավոր փոխանցիկ գավաթն ու մրցանակները գտան իրենց տերերին:

Յուրի Մամիկոնյան

Քաղաքապետարանի սպորտ բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Միջոցառումներն ութ մարզաձեւերից՝ ֆուտբոլ (Կաշվե գնդակ), վոլեյբոլ (Թռչող գնդակ), բասկետբոլ (Ոսկե զամբյուղ), հանդբոլ (Սրընթաց գնդակ), հեծանիվ (Անիվ), ինչպես նաեւ շախմատ, շաշկի, աթլետիկա, անցկացվում են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջեւ, որոնց մասնակցում են բակային հավաքական թիմերը: Առանձին մարզաձեւերում հաղթող բակային հավաքականներին շնորհվում է մեդալ, դիպլոմ եւ գավաթ, իսկ ութ մարզաձեւերի ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված վարչական շրջանի հավաքականին հանձնվում է քաղաքապետի փոխանցիկ գավաթը:

Մարզական այս միջոցառման նպատակն, այսպես ասած, բակային երեխաներին, ովքեր ամռանը մնացել են Երեւանում, ֆիզկուլտուրայի ոլորտ ներգրավելն է, վաղ հասակից նրանց մեջ առողջ ապրելակերպ սերմանելը եւ նրանց առօրյան ակտիվ կազմակերպելը: Անկեղծ ասած, մեր մտածածն առայժմ այնքան էլ չի ստացվում, քանի որ ինչքան էլ աշխատում ենք, որ սպորտով զբաղվող երեխաներ այս միջոցառմանը չմասնակցեն, միեւնույն է՝ այդպիսիք լինում են: Մրցակցությունն է բերում դրան: Բայց տարեցտարի մեր նպատակին աստիճանաբար հասնում ենք՝ ներգրավվածությունը մեծանում է, եւ դա շատ ուրախալի է: Ընտրված են այնպիսի մարզաձեւեր, որոնք մատչելի են երեխաների համար՝ խաղային, մտավոր եւ շարժողական»:

Հարցին՝ իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նմանատիպ մարզական միջոցառումներ քաղաքապետարանը մտադիր չէ՞ կազմակերպել, Յուրի Մամիկոնյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ վերջին երկու տարին քայլեր կատարել ենք, բայց առայժմ չի ստացվել, որովհետեւ վարչական շրջաններում համապատասխան վիճակագրություն չկա: Սակայն «Փյունիկ» պարալիմպիկ կոմիտեի հետ այդ աշխատանքները սկսելու ենք, եւ վստահ եմ՝ արդեն մյուս տարի այդ ձեւաչափով նույնպես միջոցառումներ կանցկացնենք»:

Քաղաքապետարանի սպորտ բաժնի պետի փոխանցմամբ՝ Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային փառատոնի յուրաքանչյուր մարզաձեւի համար կանոնադրությամբ նախատեսված տարիքային հստակ սահմանում կա, որը հաստատել են նախ՝ տվյալ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաները, ապա նաեւ՝ քաղաքապետը: Միջին հաշվով այն տատանվում է 6-10 տարեկանների տիրույթում: «Սակայն մենք փորձում ենք տարիքն իջեցնել՝ կրկին նպատակ ունենալով, որ մարզական խմբակներում պարապող երեխաները քիչ լինեն, եւ արդար խաղի կանոնները պահպանվեն»,- ասաց Յուրի Մամիկոնյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

02.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031