Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱՎԾ-ի` 2017-ին հանցագործությունների թիվն աճել է. այս առումով Երեւանն ու Լոռին «առաջատար են»

Օգոստոս 07,2017 14:30

Օր չկա, որ Հայաստանում մի հանցագործություն չլինի, եւ մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հատկապես առանձնակի դաժան դեպքերն են հաճախակիացել՝ Շամիրամ գյուղում սգո սրահում հրազենից արձակված կրակոցներից մի քանի մարդ մահացավ, Արմավիրում կինը, ըստ իրավապահ մարմինների, կացնով սպանել է ամուսնուն, Սեւանում նույն օրը 2 սպանություն է տեղի ունեցել, նախօրեին Երեւանում 34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, ըստ որոշ տեղեկությունների՝ այս կնոջ ամուսինը նրան պարբերաբար դաժան բռնության է ենթարկել:

Այս ընթացքում կարծիքներ հնչեցին, թե հանրության շրջանում վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, ուստի մարդիկ դիմում են ինքնադատաստանի:

Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է, թե՞ հակառակը՝ փորձեցինք պարզել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներով: ԱՎԾ-ն հրապարակել է ցուցանիշներ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի 2017 թվականի հունվար-հունիսի տվյալների: Ըստ այդմ, գրանցված հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-հունիսին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2017-ի առաջին կիսամյակում գրանցվել է 9723 հանցագործություն, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 9616 հանցագործություն: Գրանցված հանցագործություններում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության եւ ծանր հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: 2017-ի հունվար-հունիսին ոչ մեծ ծանրության 5219 հանցագործություն է գրանցվել, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 4691: Միջին ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում եղել է 3203, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 3196: Այս տարի նախորդի համեմատ ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ 2017-ի հունվար-հունիսին՝ 1210, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 1613: Առանձնապես ծանր հանցագործություններն էլ այս տարվա առաջին կիսամյակում նվազել են նախորդի համեմատ: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-հունիսին գրանցվել է առանձնապես ծանր 91 հանցագործություն, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 116:

Ըստ ԱՎԾ-ի՝ հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 27 հանցագործություն այս տարվա առաջին կիսամյակում, սա 9-ով պակաս է նախորդ տարվա 6 ամիսների համեմատ. 2016-ի հունվար-հունիսին վերը նշված՝ հրազենի եւ ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 36 հանցագործություն:
Այս տարի մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է. ըստ ԱՎԾ-ի՝ 2017-ի հունվար-հունիսին դրանք կազմել են 2312, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 2501: Նշված թվում սպանության դեպքերն այս տարվա առաջին կիսամյակում 25-ն են, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ 39:

2017-ի հունվար-հունիսին սպանության 13 փորձ է կատարվել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 17: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը. այս հանցատեսակից 2017-ի առաջին կիսամյակում 497 դեպք է գրանցվել, 2016-ին՝ ավելի շատ՝ 560, որից ծանրը 2017-ի առաջին կիսամյակում՝ 73, իսկ 2016-ին՝ 109:

Ոստիկանության տվյալներով՝ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված գրանցվել է 55 հանցագործություն, սրանք այս տարվա 6 ամսվա դեպքերն են, իսկ 2016-ի առաջին 6 ամսում այդ հանցատեսակից գրանցվել է 76 դեպք: Այս ցուցանիշներից ԱՎԾ-ն առանձնացրել է բռնաբարություն ու բռնաբարության փորձ: Ըստ այդմ, նման հանցագործություններից այս տարի հունվար-հունիսին գրանցվել է 15 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվն այս տարվա վեց ամսում աճել է նախորդ տարվա համեմատ. 2017-ի հունվար-հունիսին նման 1671 դեպք է գրանցվել, 2016-ին՝ 1479, որոնցից ամենաշատը թմրամիջոցների հետ կապված եւ դրանց իրացման դեպքերն են:

Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում 337 է եղել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 339, այդ թվում՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելն այս տարի զգալի նվազել են՝ 32 դեպք, նախորդ տարվա 100-ի համեմատ: Իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը 305 է եղել այս տարի, նախորդ տարի՝ 239:

Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն էլ այս տարի ավելացել են. այս տարվա առաջին կիսամյակում նման հանցագործությունների 1445 դեպք է գրանցվել, նախորդ տարի՝ 1345:

2017-ի առաջին կիսամյակում պաշտոնեական լիազորությունները չարաշահել է 86 անձ, նախորդ տարի՝ 105: Կաշառակերության դեպքերն էլ են ավելացել՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, այս տիպի հանցագործության 66 դեպք է գրանցվել այս տարվա վեց ամսում, իսկ նախորդ տարվա առաջին վեց ամսում՝ 31:

Պետական իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել 32 մարդ՝ այս տարվա առաջին վեց ամսում, անցյալ տարվա առաջին վեց ամսում՝ 33:
Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններից այս տարվա հունվար-հունիսին գրանցվել է 1261 դեպք, նախորդ տարի՝ 1176:

ԱՎԾ ներկայացրած տվյալներում որպես այլ հանցագործություններ առանձնացվել է 24 դեպք այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ 18:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվն այս տարի աճել է. 2017-ի հունվար-հունիսին նման հանցագործության 336 դեպք, նախորդ տարվա հունվար-հունիսին՝ 248 դեպք:

Ընդհանուր գրանցված հանցագործություններից ամենաշատը կատարվել են մայրաքաղաքում, 2-րդ տեղում Կոտայքի մարզն է, 3-րդ տեղում՝ Լոռին, 4-րդ տեղում՝ Արմավիրը, 5-րդ տեղում՝ Շիրակի մարզը: Մարզերից, այսպես ասած, քիչ «քրեականացվածը» Վայոց ձորն է, այստեղ թվով ամենաքիչն են հանցագործություններ կատարվել՝ այս տարվա առաջին կիսամյակում 141 հանցագործություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 98:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031